Աշտարակի շրջանի ՈԻջան գյուղի «Վրիժառուներ» ընդհատակյա խմբի անդամները գյուղամիջում քննարկում էին զորավար Անդրանիկ Օզանյանի արձանը կանգնեցնելու հարցը: Խմբի ղեկավար Հարություն Հարությունյանը (1940-1999, ՈՒջան), որը հետագայում հանրությանը հայտնի դարձավ որպես Բժիշկ Հարութ, «Հայկական միջնադարյան բժշկարանների դեղաբույսերը» գրքի հեղինակ և Արցախի ազատագրության հերոսամարտի անձնվեր մասնակից, անսպասելի, գյուտարարի խենթ խանդավառությամբ բացականչեց. «Տղեր’ք, ուշադիր նայեք,-և նետվելով մոտակա բլրակի լճափը մատնացույց արեց իր կանգնած վայրը:- Էստեղից Մասիսներն էլ կերևան… Էստեղ էլ կկանգնեցնենք Զորավարի արձանը` հայացքը դեպի մեծ Երազանք` սրբազան Լեռ ու Էրգիր»:
Գաղափարն իր համարձակությամբ հատում էր ժամանակի անհնարինության երևակայական բոլոր սահմանները:
1965 թվականի ապրիլյան համաժողովրդական բողոքի ցույցն ու հանուն արդարության ընդվզման պոռթկումը Հայ դատի, Հայոց Ցեղասպանության ճանաչման ու Պահանջատիրության փոթորիկ էր բարձրացրել Մայր Հայրենիքում և Սփյուռքում: Բոլշևիկյան տիրապետության տասնամյակների ընթացքում Կրեմլի ղեկավարության կողմից ազգային, ի մասնավորի Հայկական հարցի նկատմամբ ճնշումները և դրանց մասին հիշողությունը մարելու փորձերը հանգեցրել էին հանրության առանց այն էլ պրկված զսպանակի հակազդեցությանը: Այդ շրջանակներում էին նաև դարասկզբին հայոց ազատամարտի հերոսների մասին հուշերը մոռացության մատնելու, երախտագիտության արժանի շատ անուններ հնչեցնելու սպառնալիքները; Սակայն ազգային հերոսների մասին հերոսապատումները, հուշերը, երգերը շարունակում էին անջնջելիորեն ապրել նրանց ծնած ժողովրդի, նրանց շնորհիվ վերապրած գաղթականների հիշողության մեջ: Այդ հերոսների հերոսն էր Անդրանիկ զորավարը, որի անունն արտաբերելիս, նրան ձոնված երգերը հնչեցնելիս ոտքի էին կանգնում ոչ միայն նրա նախկին զինվորները, այլև նրանց ժառանգները, նրան ճանաչողներն ու անծանոթները, երբեմն նաև թշնամին: Հետագայում Զորավարի զինակից կազակական մի գնդապետ, այցելելով ՈԻջան, հուշամատյանում արձանագրելու էր իր տպավորությունները և մասնավորապես նշելու, որ Անդրանիկն Աստծո պատվիրակ սուրբ էր, որի արժեքն անկարելի է գիտակցել…
Արձանի նախապատրաստական աշխատանքներն անցնում էին բուռն քննարկումներ, անքննելին մտահղացումն իրականացնելու հաստատակամությունն էր, անձնազոհ պատրաստակամությունը հանուն արդարության հաղթանակի: Շատերին էին դիմել երիտասարդները Անդրանիկին քանդակելու առաջարկությամբ, սակայն ոչ ոք հանձն չէր առել, ավելին՝ բոլորը միաբերան հուշել էին, որ այդ գործը կհամարձակվի ստանձնել միմիայն վարպետ Միշան… Անսալով այդ խորհրդին երիտասարդները դիմեցին Մանկավարժական ինստիտուտի քանդակի և նկարչության դասախոս ՄԻՔԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, որի համաձայնությունը ստանալու համար առանձնապես ոչ մի ջանք չպահանջվեց: Նախաձեռնող խմբի անդամները ինքնամոռաց ցնծում էին, ասես չհավատալով իրենց մտահղացման տեսանելի մերձեցմանն իրականությանը, արդեն ուրվագծվում էր աշխատանքների սկիզբն ու ընթացքը. որոշվել էր արձանի տեղադրման վայրը, հայտնի էր քանդակագործը: Սպասվում էր գաղտնի և տառապալի տևական աշխատանք: Երիտասարդները տարերքի մեջ էին: Նրանք ամբողջովին տրվեցին կազմակերպչական, համակարգման աշխատանքներին: Պահանջվող գումարը հիմնականում հանգանակվեց ՈՒջանի բնակիչներից և երևանաբնակ համագյուղացիներից: Ըստ Միքայել Ավետիսյանի, ամենահարմարը Նորքի քարհանքի բազալտն էր: Քարի արժեքը վճարելուց բավական ժամանակ անց, սակայն, այն չէր տրամադրվում:
Նախաձեռնող խմբի անդամները ստիպված էին դիմելու կեղծիքի:
Պոլիտեխնիկական ինստիտուտի երիտասարդ դասախոս Արամ Սիմոնյանի գլխավոր դերակատարությամբ կազմակերպվեց մի փոքր ներկայացում: Վերջինս ներկայացավ քարհանքի ղեկավարությանը որպես Հայաստանի լենինյան կոմերիտմիության կենտկոմի պաշտոնյա և իր վրդովմունքն արտահայտեց նրանց դանդաղկոտության համար, որի պատճառով, իբր, ուշանում էր ՈՒջանի երիտասարդության վերևների հետ համաձայնեցված և նրանց կողմից խրախուսվող որոշման իրագործումը:
Արամն ուղղակի խստորեն հանձնարարեց պահանջվող քարը տրամադրել 3-5 օրվա ընթացքում: Փետրվարի 28-ին քարն արդեն պատրաստ էր:
Նույն ամսին Միքայելն ավարտեց արձանի գիպսի տարբերակը: Աշխատանքն ընթացավ դրսում՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի դիմացի այգում, այնուհետեւ տեղափոխեցին ինստիտուտի բակ, նկուղ:
Շուտով այդ մասին իմացվեց պետական անվտանգության մարմիններում, և աշխատանքներն արգելվեցին:
Տղաներն այն տեղափոխեցին Միքայելի հետ աշխատող քարագործներ Ազատ Հարությունյանի և Վիլիկ Պետրոսյանի արհեստանոցը:
Ստիպված աշխատանքն ընթացավ հնարավորինս գաղտնի: Սակայն ակներև է, որ հատուկ ծառայությունները չկիրառեցին խիստ բռնություն նրանց հանդեպ, ինչը բացարձակ անսպասելի էր:
Ըստ երևույթին, նրանք ներքուստ համակրում էին արվեստագետներին և նրանց որդեգրած գաղափարները: Ղարսեցի Միշան, ինչպես ընդունված էր կոչել քանդակի հեղինակին, պատմում էր այն տագնապների մասին, որ հաղթահարել էին ինքն ու իր գործընկերները իրենց սրբազան առաքելությունը անձնուրացաբար կյանքի կոչելիս, թե ինչպես են մանկավարժական ինստիտուտի ցանկապատի հետևում ծպտված աշխատել, և ՊԱԿ-ի աշխատակիցները հնարավորինս մեղմ են վարվել իրենց զգուշացումներում…
Ի վերջո, 1967 թ. հունիսի սկզբին և՛ գլուխգործոցը, և՛ գյուղում նախապատրաստական-բարեկարգման աշխատանքներն ավարտված էին:
Բացման արարողության օրն ընտրված էր` ելնելով այն հանգամանքից, որ Մոսկվայում կազմակերպվելու էր հայկական տասնօրյակ, և այդ կապակցությամբ հանրապետության ղեկավարությունը բացակայելու էր երկրից…
Ամսի 3-ին, ժամը 11-ին արձանը բարձեցին մի ազնիվ ու նվիրական վարորդի` «խուժան Աբոյի» բեռնատարը և շարժվեցին դեպի ՈՒջան: Վարորդը պնդեց, որ Անդրանիկի քաջությանը վայել` մեքենան վարելու է Կենտկոմի շենքի առջևով:
Այդպես էլ վարվեցին: Ականատեսը պատմում է, որ բեռնատարը և, ընդհանրապես, քարի բոլոր տեղաշարժերը կատարում էին խիզախ վարորդներ: Հետևից մի ամբողջ ավտոշարասյուն էր շարժվում` պատահական մարդկանց խմբեր, որոնք եղելությամբ ապշած և տուրք տալով հետաքրքրասիրությանը, վարում էին իրենց ավտոմեքենաները ծածուկ պահվող լուսանկարներից ծանոթ, անունը շշուկով արտաբերվող հերոսին մարմնավորող արձանի կախարդանքով հմայված, չհասկանալով, մի՞թե հեղաշրջում է տեղի ունեցել աշխարհում, որին իրենք անտեղյակ են. մի՞թե այլևս չեն հետապնդվելու և դատվելու Եռագույն դրոշ գովերգողներն ու ազգային գաղափարներով տոգորված անձինք:
Շարասյունն ընթանում էր լուռ, հնազանդ, զինվորաբար կարգապահ:
Արձանի տեղադրման գիշերը Միքայել Ավեետիսյանը համոզված էր, որ ազատության մեջ վերջին օրն է ապրում… 1967 թ. հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Աշտարակի ՈՒջան գյուղում, որտեղ բնակվում էին մեծ հայդուկապետի քաջարի զինվորները և երազում՝ իրենց գյուղում տեսնել մեծանուն նվիրյալի կիսանդրին, եռուզեռ էր…
Արձանը տեղադրելիս հոսանքազրկվեց գյուղը. ստիպված էին աշխատել ավտոմեքենաների լուսարձակների լույսերի տակ: Գյուղ մտան Աշտարակից ուղարկված միլիցիոներներ: Անդրանիկի ծերունի հայդուկները թաքստոցներից դուրս բերեցին նեղ օրվա համար պահված փամփուշտակալ-պատրոնդաշները, մոսենիները, մարտական զենքերն ու որսորդական հրացանները ու, անվտանգությունն ապահովելու նպատակով, գիշերային հերթապահություն սահմանեցին կիսանդրու մոտ։
Միլիցիայի աշխատակիցները ոչ միայն չխոչընդոտեցին քանդակի տեղադրմանը, այլև ընդհակառակը, հոժարակամ առաջարկեցին իրենց օգնությունը:
Ծերունի հայդուկների առաջին շարքերում էր նաև Ներսոյենց Արշոն` Արշակ Ներսիսյանը, որը Մեծ Եղեռնին Սասունի Գելիգուզան գյուղի բազմանդամ ընտանիքից փրկված միակ արու զավակն էր: Նա բնակություն էր հաստատել Արագածոտնի Լեռնարոտ գյուղում:
ՈՒնեցել 11 զավակ, որոնց անվանակոչել էր Եղեռնին զոհ գնացած հարազատների անուններով:
Ալֆրեդ Ներսիսյանը (1947-2015 թթ.) կրտսերն էր. հրաշալի գիտնական, կենսաբանական գիտությունների թեկնածու: Իր հիմնադրած «Սասունցիներ» ջոկատի մարտական ուղին նա հակիրճ բնորոշում էր որպես Սասունից սկիզբ առած և դեպի Էրգիր տանող ազատամարտ, իսկ Էրգրի ճանապարհն անցնում է Արցախով: Ներսոյենց Արշոն ևս Զորավարի զինվորների հետ հերթապահում էր արձանի բացման ժամանակ և հետագա լարված օրերին: Նա էր, որ տարիներ անց, ծանր հիվանդ վիճակում, գրեթե մահվան մահճում Մարաթուկի Մգրոյի, իմ և մի քանի ընկերների ներկայությամբ, հրաժարվում էր որդու առաջարկած` Էրգրի, Արցախում զոհված մարտիկների, Հայաստանի և այլ նվիրական բոլոր կենացներին մասնակցել, սակայն, երբ Աֆոն բաժակ բարձրացրեց և առաջարկեց Անդրանիկ զորավարի կենացը, դողդոջուն ծերունին դժվարությամբ ոտքի կանգնեց, վերցրեց իրեն մեկնված բաժակն ու հոտնկայս արտաբերեց.
- Անդրանիկ սուրբ է, յուր հոգին լուսապսակի մեջ կգտնվի երկնքում,- ու ցմրուր պարպեց օղու գավաթը:
Այդպիսին էր Անդրանիկի կերպարի դրոշմն իր զինվորների մտապատկերում, այդպիսի նվիրումով էին վերաբերվում Հերոսին նախկին ֆիդայիները:
1967 թվականի հուլիսի 4-ին, ժամը 12.00-ին Հարություն Հարությունյանի բարձրախոսն ազդարարեց արձանի բացման հանդիսավոր արարողության մեկնարկը, սպիտակ սավանը հեռացնելուց հետո ի տես բազմահազար ներկաների երևութացավ Զորավարի փառահեղ կերպարանքը, որը մեծ խանդավառությամբ ընդունվեց Հայրենիքի զարկերակով տրոփող համայն հայության կողմից: Ամենքը մեծագույն ոգևորություն և յուրօրինակ հաղթանակի վայելք էին ապրում: Արդեն ավելի քան հիսուն տարի ՈՒջանի կենտրոնում, ճիշտ նույն տեղում, որտեղ կանգնել էր Հարութը, իր փառահեղ հանդիսավորությամբ կանգնած է Միքայել Ավետիսյանի հեղինակած աննման և հրաշալի ստեղծագործությունը, որն իր վեհությամբ հիացնում է ամենքին: Չնայած նկարիչ-քանդակագործի քաղաքացիական խիզախության և Զորավարի կերպարի անգերազանցելի կիսանդրու կերտման մասին բազմաթիվ անձանց իմացությանը, այնուամենայնիվ, Միքայել Ավետիսյանի կյանքին ու գործունեությանը, նրա քարեղեն ստեղծագործության նշանակությանն ու խորհրդին, հասարակական գիտակցության և հոգեբանության վրա ներգործությանը առ այսօր համեմատաբար քիչ են անդրադարձել թե՛ Մայր Հայրենիքում, թե՛ Սփյուռքում, քանզի նա երբեք չտրվեց ինքնագովազդի, չտենչաց փառքի դափնիներ, հաճախ հրաժարվեց անհատական ցուցահանդեսներ կազմակերպելուց, չդիմեց Նկարիչների միությանն անդամագրվելու, չնայած դրա իրավունքը վաղուց նվաճել էր: Փոխարենը նա հայտնի էր մշակույթի ոլորտում, մասամբ նաև արվեստասեր հասարակայնությանը:
Ի դեպ, նա այն քչերից էր, որ երբեք Լենին չնկարեց ու չքանդակեց:
Անսահման սկզբունքային էր, հպարտ ու համառ, անգամ չընդունեց որպես Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամի, պետականորեն անվճար հատկացված ավտոմեքենան:
Ինչևէ: Փաստ է, որ հրա ստեղծագործությունն, իր ընդհանուր գծերով, ցավալիորեն չի ենթարկվել համապարփակ ուսումնասիրության առ այսօր:
Հաճախ էինք հավաքվում ընկերներով Ալբերտ Փարվանյանի արվեստանոցում և վայելում Միշայի հետաքրքիր ու ուշագրավ, նաև հումորով լեցուն պատմությունները, դատողությունները, դժվար ու բարդ կյանքի հուշերը:
Միքայել Ավետիսյանը ծնվել է 1924 թ. հունվարի 21-ին արվեստների ու արհեստների քաղաք Գյումրիում՝ Կարսից մի քանի տարի առաջ գաղթած, ցեղասպանությունը վերապրած Ավետիսյանների ընտանիքում: Պապերն ավելի վաղ գաղթել էին Սասունից՝ Մուշ, այնուհետև Կարս, և հենց դավաճանվող բերդաքաղաքում սպանվել թուրքի յաթաղանից: Հրաշքով վերապրող որբերն Անդրանիկ զորավարի պաշտպանությամբ հասել էին Գյումրի:
Բնական է, որ մեծ զորավարի մասին փոքրիկ Միքայելը գիտեր վաղ հասակից, քանզի իրենց տանն էին հավաքվում հորեղբայրները, քեռիներն ու հիշում էրգիրը, կոտորածներն ու գաղթը և թուրքերի դեմ արիաբար մարտնչած Զորավարին…
Այդ անունը, որպես նվիրական կուռքի խորհրդանիշ ապագա նկարչի ուղեկիցը եղավ թե՛ դպրոցում, թե՛ Մեծ Հայրենականի ռազմի դաշտերում (որտեղ վիրավորվել էր զույգ ոտքից ու զորացրվել 1944 թ.), թե՛ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, թե՛ գեղարվեստաթատերական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետում և թե՛ Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում դասավանդելու տարիներին:
Անդրանիկ Զորավարին քանդակելու մտահղացումը ոչ միայն սրտամոտ ու բաղձալի էր արվեստագետի համար, այլև ինքնարտահայտման, ստեղծագործաբար իր նվիրումը և պատմական անարդարության նկատմամբ անհաշտության դրսևորում էր, սիրո, հարգանքի և երախտագիտության խնկարկում: Դա հոգու պարտք էր հայ ժողովրդի հանդեպ ճակատագրական մեծագույն սխալներ թույլ տված բոլշևիկյան իրականությունը մերժող, նաև արդարության վերականգնմանը և ճշմարտության հաստատմանը նախանձախնդիր քանդակագործի համար, պայքարի յուրօրինակ գործիք: Միքայել Ավետիսյանն իսկապես զորեղ և տաղանդավոր անհատականություն էր, բացառիկ անձնավորություն, որ հիշեցնում էր մինչև Մայր հողի խորախոր ընդերքն արմատներ ձգած սաղարթակոտոր կոճղ՝ իր հողեղեն մտածողությամբ, հայրենիքի անսահման սիրով և առնական ոգով: Նրա կերտած արձանը երևութանում է որպես Շապին Գարահիսարի թիկունքի բարձրաբերձ ժայռեղեն զանգվածից պոկված և գեղարվեստորեն մշակված մի անկոտրում բեկոր, որի մեջ մեկտեղվում են և հիշողությունը, և ցավը, կարոտը, հաղթանակը, հպարտությունը, նաև պայքարի ու անպարտելիության կամքի, հզորության աղաղակող լռությունը…
Միքայելն իր այդ գլուխգործոցի մեջ, ասես ներդրել է դարավոր արյունարբու ոսոխի հանդեպ ոչ միայն իր, այլև համայն հայության ընդհանրական Վրեժի խորհուրդը: Չթերագնահատելով տարբեր վայրերում հետայդու Անդրանիկ զորավարին նվիրված արձանները, այնուամենայնիվ, ըստ իս, Միքայել Ավետիսյանի կերտած կերպարը մնում է անգերազանցելի, լավագույնը, որպես Զորավարի անհրազեն զինվորի հարգանքի և երախտագիտության տուրքը Մեծն Հայդուկապետին:
Միքայել Ավետիսյանը քանդակագործությանը զուգահեռ զբաղվել է նաև գեղանկարչությամբ և գրաֆիկայով, վրձնել հրաշալի աշխատանքներ:
«Եփրատի զոհերը», «Տարերքին ընդառաջ», «Վերելք», «Պայքար», «Հավերժություն» և այլ կտավներ այսօր ևս արդիական են և աղերսվում են մեր լեզվամտածողության ու աշխարհընկալման հետ:
Սպիտակի աշխարհացունց երկրաշարժը ստիպեց արվեստագետին ձեռնամուխ լինել «Հայաստան» մեծածավալ գործի ստեղծմանը: Երեք մետր երկարությամբ ու երկու մետր լայնությամբ կտավում՝ հետին պլանում պատկերված է արհավիրքը, կենտրոնում՝ սլացիկ իրանով կանգնած է Մայր Հայաստանը խորհրդանշող հայուհին՝ գրկին՝ ծիլը ձեռքին մանուկը, իսկ առաջին պլանում մեսրոպատառ գիրքն է և վերարթնացող քաղաքներ ու գյուղեր, ասել է թե՝ ապրելու հրամայականն է մեր ուղեկիցը…
Արցախյան շարժումը ծնունդ տվեց «Ըմբոստացող Քրիստոսը» կտավին: Մ. Ավետիսյանի հեղինակած Գարեգին Նժդեհի բարձրաքանդակը տեղադրված է Խուստուփ լեռան լանջին: Այո՛, նա ստեղծագործել է հոգու ու սրտի թելադրանքով:
Բազմաժանր ստեղծագործողին հոգեհարազատ էին ինչպես պատմական, այնպես էլ աստվածաշնչյան թեմաները, դիմանկարը, բնանկարն ու նատյուրմորտը և այլն: Նկարազարդել է Հովհ. Շիրազի «Հայոց դանթեականը», Լ.Շանթի «Հին աստվածները», Ավ. Իսահակյանի «Աբու Լալա Մահարին» և այլն:
Հորը հիշելիս դուստրը` Անահիտը կարոտով է պատմում նրա հարկի տակ հաճախ հավաքվող գյումրեցի մեծերի, հատկապես Մհեր եւ Ալբերտ Մկրտչյանների, Հովհաննես Շիրազի ու այլոց մասին:
Հատկապես շեշտում է հոր հյուրասիրությունը, նուրբ հումորն ու անսահման բարությունը՝ դասավանդման երկար ու ձիգ տարիների ընթացքում ոչ մի ուսանողի անբավարար չի գնահատել:
Առանձին աշխատանքներով վարպետը ցուցադրվել է Մոսկվայում, Մերձբալթյան երկրներում՝ միութենական ցուցահանդեսներում, արժանացել բարձր գնահատականների: Նրա շատ գործեր հանգրվանել են նաև մասնավոր հավաքածուներում։
Հեղափոխական ՈՒջանը, մեծ զորավարի կիսանդրու շնորհիվ, դարձավ ինքնատիպ ուխտատեղի, վերածվեց Հայրենասիրության և Պահանջատիրության, Հույսի և Կարոտի ամոքման էպիկենտրոնի: Այստեղ են շտապում ինչպես տեղի, այնպես էլ արտերկրից եկած մեր հայրենակիցներն ու օտարազգի հյուրեր։
Ժամանակին հանրային ավտոբուսի վարորդները հաճախ շեղվում էին երթուղուց կանգ առնում գյուղում և բոլորի ուշադրությունը հրավիրում Անդրանիկ զորավարի կիսանդրուն։ Այո՛, աներևակայելի երևույթ էր այն ժամանակ Մեծ զորավարին հավերժացնող կոթող արարելը։
Միքայել Ավետիսյանն այդ, ինչպես նաև բոլոր աշխատանքները կայնքի է կոչել է հոգու ու սրտի անմիջական թելադրանքով: Միքայել Ավետիսյանը վախճանվեց 1996 թ. դեկտեմբերի 8-ին, յոթանասուն տարեկանում:
Չնայած ընկերների հորդորներին, այնուամենայնիվ, ընտանիքին մոտ կանգնած որոշ մարդկանց գործուն մասնակցության արդյունքում հուղարկավորվեց իր տան բակում՝ հետագայում տուն-թանգարան ստեղծելու հուսադրումներով։
Անցել են տարիներ, սակայն խոստումն իրականություն չդարձավ, փոխարենը մեծանուն հայը չունեցավ մի գերեզման, որին համարձակորեն կկարողանային այցելել նրա հարազատները, ընկերներն ու արվեստի երկրպագուները։ Երևանի Լուկաշինի փ. 68 տուն հասցեի բակում հանգչող այդ մեծատաղանդ և խիզախ արվեստագետի շիրմին այցելելու համար հարկավոր է անցնել հյուրասենյակի միջով, մի տհաճ և անախորժ երևույթ, որն իրեն թույլ չի տա ոչ մի բարեկիրթ անձնավորություն:
Չի կարելի ասել, թե նրա շիրիմը խնամված չէ։ Այսինքն, խնամելու կարիք ամենևին չկա, քանի որ այն պարզապես բանտված է։ Այո՛, բանտված է իր իսկ այգում՝ չորս կողմից շրջապատված բարձր պատերով։ Դռնից ներս երևում է առանց շրիմաքարի, հարթ, ցեմենտված գերեզմանը, որի վրա դրված է տան փողոցի պատից հանված, նրա երախտագետ ուսանողների կողմից տեղադրված հուշատախտակը, որը հուշում է` «Այս տանն ապրել է նկարիչ-քանդակագործ Միքայել Ավետիսյանը»: Վարպետի վաղեմի երազանքն էր հուղարկավորվել ՈՒջանում։ 2024 թ. հունվարի 21-ին լրացավ վարպետի ծննդյան 100-ամյակը և արժանապատիվ հային արժանին մատուցելու քայլ կլիներ նրա վերահուղարկավորումը ՈՒջանի Ֆիդայիների պուրակում, որին, համոզված եմ, սիրով և հարգանքով ընդառաջ կգնան ոչ միայն գյուղի հասարակությունը, այլև Միքայել Ավետիսյանի արվեստի բազմահազար երկրպագուներ:
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ