«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Թորոս Ռոսլինի շունչը կրող «Ռոսլին» հանդեսի մասին

Թորոս Ռոսլինի շունչը կրող «Ռոսլին» հանդեսի մասին
26.02.2025 | 14:36

«Ռոսլին» արվեստի հանդեսը յուրահատուկ է հայ մամուլի մեջ: Հանդեսը ծավալուն աշխատանք է անում հայկական արվեստի պահպանման հարցում։ Անդրադառնում է հայ արվեստագետներին, հայկական արվեստի պատմությանը և գեղարվեստական կյանքում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։

«Ռոսլին» արվեստի հանդեսի հիմնադիր խմբագիրն է հրապարակագիր ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ։

Զրույցի ընթացքում նա պատմեց «Ռոսլին» հանդեսի և անցած ճանապարհի մասին։

- Ինչպե՞ս որոշեցիք, որ զբաղվելու եք արվեստի լուսաբանմամբ և ինչպես հիմնադրվեց «Ռոսլին» հանդեսը։
- Ես 2003-ից հրավիրվեցի Հայաստանի նկարիչների միություն, Կարեն Աղամյանի հրավերով, որտեղ հիմնադրվեց «Կերպարվեստ» պարբերականը՝ Հայաստանի նկարիչների միության պատմության մեջ առաջին մասնագիտական հանդեսը։

Ամսագիրը տպագրվեց մինչեւ 2014 թ., ֆինանսական պատճառներով ամսագրի հրատարակումը դադարեցվեց։ Բայց ես միշտ էլ համարում էի, որ հայ ազգային կերպարվեստը՝մասնավորապես արվեստը, շատ հարուստ է և արժանի է լրջագույն, խորքային լուսաբանման։ Մամուլն իր հերթին կարևոր է, բայց մասնագիտական հանդեսները շատ ավելի կարևոր են:

Ես նկատեցի, որ մեր արվեստի շուկայում կար բաց։ Եթե շուկայում լինեին արվեստ լուսաբանող յոթ-ութ, գոնե հինգ ամսագրեր, ես արվեստի շուկա չէի մտնի։

Որոշեցի հիմնել սեփական ամսագիր։

2019 թ. ամսագրի առաջին համարը լույս տեսավ «Կերպարվեստ կենտրոն» անունով։

Սիլվիա Մանուչարյանի հետ երկու համար հրատարակելուց հետո ամսագրի անվանումը փոխեցինք «Ռոսլին»։

Ինչու՞ Ռոսլին, որովհետեւ Ռոսլինը համաշխարհային արվեստում, կերպարվեստում ծանոթ մեր առաջին մեծագույն մանրանկարիչն է, որը, ըստ Երվանդ Քոչարի, նախորդել է Վերածննդի ժամանակաշրջանին։

Անվանումը դրա հետ էր կապված։

Եվ քանի որ բավականին բարդ է Հայաստանում սեփական միջոցներով տպագրել որևէ բան. բավականին լուրջ ծախս է պահանջում, «Իրատես» թերթի խմբագիրն ինձ ծանոթացրեց մեկենաս Գրիգոր Մովսիսյանի և իր տիկին Նաիրա Կարապետյանի հետ։ Նրանք հովանավորեցին հանդեսի հրատարակումը և այն կյանք ստացավ։ Տարեկան չորս համար է հրատարակվում: Մենք տեսանք, որ հանդեսը պահանջարկ ունի։ Որոշ ժամանակ անց մեզ հետ սկսեց համագործակցել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը։
- Գործունեության ընթացքում բախվե՞լ եք այն կարծրատիպի հետ, որ արվեստը առավել հեշտ լուսաբանվող ոլորտ է։
- Արվեստ լուսաբանելու գալիս են մասնավորապես խիստ կայացած մասնագետներ։ Մեր ամսագրի հետ աշխատել են լիովին կայացած արվերստաբանների մի քանի սերունդներ։ Մեր առաջ դրված է մեկ խնդիր՝վերարժևորել. ներկայացնել հայ արվեստասեր հանրությանը այն արվեստագետներին, որոնք հանիրավի ճանաչված չեն կամ մոռացված են։ Դա շատ կարևոր է, որովհետև կան արվեստի գործիչներ, մասնավորապես, նկարիչներ, որոնց մասին շատ է գրվել. նոր բան չունես ասելու։ Բայց ոչ շատ մեծ ճանաչում ունեցող արվեստագետից մենք վերցնում ենք այն, ինչը թերևս անհայտ է, նոր է, և դրա պահանջարկը կա։

Մշակույթը շատ խորքային ոլորտ է։ Լրջագույն մարդիկ են այս ոլորտում աշխատում։
- Ձեր մասնագիտական ճանապարհին արվեստ լուսաբանելիս ի՞նչ երեք խոչընդոտների եք հանդիպել։
- Սկզբում մենք գիտակցում էինք, որ կլինեն խոչընդոտներ, բայց ճանապարհն ավելի դյուրին եղավ, քան ես պատկերացնում էի։ Երբ մեր ամսագրի առաջին երկու համարը փորձնական տպվեց «Կերպարվեստ կենտրոնում», ես զգացի, որ նկարիչներն ու թատրոնի գործիչները պետք է տեսնեն՝ ինչքանով է ամեն բան լուրջ, որ մեզ հետ համագործակցեն։ Քանի որ նրանք պետք է իմանան, թե իրենց մասին ով է նյութ գրում, իրենց կողքն ով է դրվում։

Այսինքն խորքային լրջություն պիտի լինի, որ մարդն ուզի համագործակցել քեզ հետ։ Որովհետև կան լավ արվեստագետներ, որ շատ ճանաչված չեն, բայց իրենց համար սկզբունք է. կամ լավ գրեք մեր մասին, կամ մի գրեք։

Բայց քանի որ ես աշխատանքային մեծ փորձ ունեի Հայաստանի նկարիչների միությունում, շատ արագ դա հաղթահարեցի։

«Կերպարվեստ կենտրոնի» առաջին համարը ենթարկվեց հիմնավոր քննադատության, որովհետեւ տպարանի հետ կապված խնդիր եղավ. դիզայնը մի փոքր այն չէր ստացվել։

Եղան դրական կարծիքներ, մերժողական կարծիքներ։

Բայց դա տվեց մեզ մեր գեղարվեստական շուկայի մասին ընկալում: Ավելացնեմ, որ հանդեսի ամեն մի համար նոր փորձություն է եւ մղում է կատարելագործման։
- Ի՞նչ խորագրեր ունի հանդեսը։
- Յուրաքանչյուր համարում անպայման տասներկու հեղինակ տասներկու արվեստագետի մասին գրում է։ Տասներկուսը մեր հաստատուն բանն է։ Մեր ֆիրմային խորագիրը կոչվում է «Եռաչափ խոստովանանք»։ Բացատրեմ՝ ինչու ենք դա վերցրել։

Արվեստաբանը մեկնաբանում է նկարչի ստեղծագործությունները։ Մենք հարցազրույց ենք վարում նկարչի հետ, արվեստի մեկնաբանում է արվում, որը խորքային է: Եվ մի կարեւոր բաժին կա, որին բոլոր արվեստագետները շատ լավ պատասխանում են, և դա դառնում է մեր քաղաքակրթական անդրադարձը ժամանակին։

Օրինակ, եթե դուք նկարիչ եք, ես Ձեզ այսպիսի հարց եմ ուղղում. Դուք երեք օր նշանակվում եք երկրի կառավարիչ կամ նախագահ, ամեն օր մի նոր հրամանագիր եք արձակում, որն անվրեպ կատարվում է։ Չորրորդ օրը դուրս եք գալիս նախագահի ապարատից կամ վարչապետի տարածքից ու ապրում եք Ձեր արձակած հրամանագրի տիրույթում.ապրում եք որպես շարքային քաղաքացի։
Սա հիանալի հարցադրում է, որովհետեւ եթե դու իրականություն ես ստեղծում, դե ուրեմն գնա և ապրի քո ստեղծած երկրում, քաղաքական համակարգում։
Շապիկի վրա՝ որպես գլխավոր նյութ, տեղադրում ենք կարևոր նշանակություն ունեցող արվեստագետների։ Կարող են լինել երիտասարդ արվեստագետներ կամ ավելի տարիքով մասնագետներ։ Անցյալ տարվա նախավերջին՝ երրորդ համարը նվիրված է Մայր Աթոռին, քանի որ տեղի էր ունեցել Մայր Աթոռի վերաօծումը, իսկ մյուռոնօրհնեքը շատ կարևոր է։ Մյուռոնօրհնեքի մասին նյութ էր գրել հայ աբեղա Ասողիկը. փայլուն նյութ էր։

Անցյալ տարվա վերջին համարում մեր ամսագրի համար Արշիլ Գորկու մասին նյութ է գրել նաեւ Ֆրանչեսկո Մացիոնեն՝ Իտալիայի և Եվրոպայի ամենահանրաճանաչ արվեստաբաններից մեկը։
Մեր գարնանային համարը պետք է դեռ լույս տեսնի և շապիկին պիտի լինի Թորոս Ռոսլինի ստեղծագործություններից մեկը։ Հանդեսը սահմանել է վերարժևորման մրցանակ։ Վերարժեւորման առաջին մրցանակը 2023-ին շահեց գյումրեցի Օհաննա Էլոյանը: Նա գրել էր մի քանդակագործի մասին,որը գրեթե հայտնի չէր, բայց բավականին լուրջ քանդակագործ էր։

Այդ քանդակագործը Նելսոն Շիրվանյանն էր։ Նրա մասին քչերը գիտեին, քանի որ շատ չէր փորձել խոսել տալ իր մասին։ Բայց բավականին մեծ հետք է թողել արվեստի պատմության մեջ և նրա անունը հիշվում է անգամ իր մահից հետո։
- Ձեր հանդեսում կարևոր տեղ է զբաղեցնում Հայոց եկեղեցին։ Կպատմե՞ք այդ մասին։
- Մեզ մոտ Հայոց եկեղեցու մասին նյութերը շատ կարևոր տեղ են զբաղեցնում, քանի որ հազարամյակներ շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին եղել է մեր արվեստի և մշակույթի պահապանը. հսկայական արժեքներ են պահպանվել։ Մեր գրեթե բոլոր բերդերն ավերված են, իսկ եկեղեցիները պահպանվել են։ Հայոց եկեղեցին ահռելի դեր ունի հայոց պետականության պահպանման գործում։ Թուրքիան իրականացրել է հայկական մշակութային ոչնչացում: Եվ մենք պետք է գրենք մեր մշակույթի մասին։ Ժամանակին մեր առաջին համարներից մեկում գրեցինք Միմար Սինանի մասին։ Նա մեծագույն ճարտարագետ էր, ով ծառայում էր Թուրքիայում, բայց ազգությամբ հայ էր։ Մենք անպայման պետք է գրենք այդ մասին, քանի որ թուրքերն ուզում են սեփականացնել քրիստոնեական ամեն բան: Մեր բոլոր պատմությունները եկեղեցու շնորհիվ են հասել մեզ։ Եկեղեցին պահպանել է մեր արվեստի իննսուն տոկոսը։

Թորոս Թորամանյանը կարողացավ մեր եկեղեցու մշակույթը վերցնել և ստեղծել մի բան, որի հիման վրա Թամանյանը կառուցեց Երեւանը։

Զրույցը`
Վալենտինա ԱՂԱՅԱՆԻ

Դիտվել է՝ 6937

Մեկնաբանություններ