«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Հոգևոր մայրաքաղաքում (էսսե)

Հոգևոր մայրաքաղաքում   (էսսե)
11.03.2025 | 19:14

Առավոտ վաղ ես մեր երկրի հոգևոր մայրաքաղաքում եմ։

Գարուն է։

ՈՒ ես որոշեցի գարնանային զուլալությունը տեսնել ու զգալ հենց այստեղ: Զուլալություն՝ մաքրություն, պարզություն… չէ՞ որ հոգևորը հենց այսպիսին է։ Քայլում եմ ու մտաբերում զուլալ բառի հոմանիշները.վճիտ, պարզ, պայծառ։

ԱՇԽԱՐՀԻԿ ՔԱՂԱՔԱՄԱՅՐԸ

ՈՒ քանի որ օրն առջևում է, որոշեցի շրջագայությունս բաժանել երկու մասի։

Նախ աշխարհիկ արժեքներով հիանալ, հետո ապագայի հեռանկարները հստակեցնել։

Վաղարշապատը պայմանականորեն համարելով աշխարհիկ քաղաքամայր, փորձում եմ հասկանալ յուրովի հայոց ընթացքը։

Վստահ եմ, որ հենց Էջմիածինն է մեր ինքնաճանաչման և հոգևոր մաքրության աղբյուրը, որովհետև Արարատ լեռան հայացքի տակ է։ Բայց կարող է հարց ծագել. մեր լեռը տեսանելի է նաև շատ այլ քաղաքներից ու գյուղերից։

Համաձայն եմ։

Բայց եթե մտովի բարձրանանք Արարատի լանջը և կանգնենք այն առեղծվածային վայրում, որտեղ Նոյան տապանի հետքերն են, մեր առջև կբացվի մի գեղեցիկ տեսարան. փառահեղ զանգակատներ, ասես երկնքից երկիր իջած տաճարներ:

ՈՒ զանգերը միշտ ղողանջում են ։

Ահա պատմա-ազատագրական թանգարանը։

Ազգագրության սրահում թոնրատունն է։ Տեսնես ո՞ր դարից են մեր նախնիները թոնիր ստեղծել։

Երևի այն ժամանակ, երբ կառուցել են առաջին կացարանը։

Թոնիրը ծես է։

Չէ՞ որ քուրսու շուրջը հավաքվում էին ընտանիքի անդամները և կիսվում էին պատմություններով,տարբեր զրույցներով և ժամանակը արագ թռչում էր։

Քուրսին ճաշասեղան էր, որի վրա հայտնվում էին թոնրում եփած անմահական կերակուրները։

Թոնրի կրակը բուժում էր հոդացավը և այլ ցավեր։

Հնագիտական սրահը պակաս հետաքրքիր չի։

Քարի դարում ապրած և արարած մարդկանց կացարանների մոդելները զարմացնում են, հիացնում են և ես փորձում եմ պատկերացնել քարե դարի բնակչին։

Նրանք, երբ նայել են Արարատին, ինչի՞ մասին են մտածել։

Երևի գլխավորապես ապրուստի միջոցների հայթայթմամբ օրն ի բուն զբաղված քարեդարյան մարդկանց համար ահռելի լեռը եղել է պարզապես որսավայր։

Լեռան ստորոտը առատ է եղել կենդանիներով և բնության առատ բարիքներով։

Չգիտես ինչու հենց այս Հնագիտական սրահում հիշեցի Յոհան Վոլֆգանգ Գյոթեի միտքը. «Ես չեմ զարմանա,եթե Արարատի լանջերում գտնվի առաջին մարդու գանգը»։

Դե արիո ւ մի ընկիր երազանքի…Արաքսի ջրերը։ Գուցե մի օր անցնենք Մայր գետն ու փնտրենք «առաջին մարդու գանգը» լեռան լանջին:

Հովհաննես-Հովհաննիսյանը ապրել է այսօր տուն-թանգարանի վերածված նրբագեղ ու հնաոճ տանը։

Եթե նրա պոեզիայի սիրահարն ես, ապա ակամա կարտասանես «Գարնան կարկաչուն վտակի ափին» և «Նոր գարուն» չքնաղ բանաստեղծությունները։

Բայց շատ կարեւոր են նաև նրա «Արտավազդ», «Վահագնի ծնունդը» ստեղծագործությունները։

Եթե ընթերցողին հետաքրքրեց ասվածը, ապա քայլեք դեպի Հ.Հովհաննիսյանի տուն-թանգարան, Էջմիածնի կենտրոնական հրապարակի շենքերից մեկի կամարի տակով։ Ցուցանակը կուղեկցի ձեզ։

Խորեն Տեր-Հարությանի թանգարանը գտնվում է Մայր Տաճարին շատ մոտ։

Սակայն արվեստասեր հասարակությանը և շատ արվեստագետների գրեթե անծանոթ է ։Այնինչ հաստատ արժե այցելել և տեսնել այս ինքնատիպ վարպետի ստեղծագործությունները։ Առավել ևս, որ նրան ճանաչել և գնահատել են նշանավոր արվեստի քննադատներ աշխարհի տարբեր երկրներում։

Շատ անհատական եւ ազգային ոգին կրող աշխատանքներով է աչքի ընկել ԱՄՆ-ում և Շոտլանդիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։

Համատեղ ցուցահանդեսներ է ունեցել քսաներորդ դարի աշխարհաճանաչ վարպետների հետ՝ Մայոլի, Պիկասոյի, Լիպշիցի։ Անկրկնելի վարպետ է և արժանի է մեծարման ։

ՎԱՂԱՐՇԱՊԱՏԸ ՄՈԴԵՌՆԻ ԿՂԶԻ

Անկեղծորեն ասած գրեթե հայտնություն էր «հոգևոր մայրաքաղաքի» մոդեռնիզմի հանդեպ տածած սերը։

Քաղաքային մարզադաշտը զարմանալի շուք է տալիս Վաղարշապատին և Ս.Գայանե եկեղեցու անմիջական դրկիցն է։

Կառուցվել է 1973-ին։

Եվ’ մարզադաշտը, և՛ 1847-ին կառուցված «Ներսիսյան» լիճը, որի հեղինակը Ներսես Աշտարակեցի նշանավոր կաթողիկոսն է, մոդեռնիստական ճարտարապետության նմուշներ են։

Առաջին հայացքից ասվածը տարօրինակ է, բայց միայն առաջին հայացքից։ Քանի որ մեր ազգային ճարտարապետությունը ժամանակից մի քանի քայլ առաջ է անցել։

Իհարկե Ներսես Աշտարակեցին դժվար թե լսած լիներ մոդեռնի մասին, բայց նաև չուներ դրա կարիքը։ Քանի որ մեր եկեղեցու ողջ պատմությունը որքան ավանդական, նույնքան էլ արդիական արվեստի զարգացման անընդմեջ ընթացք է։

Իսկ հիմա կանգ եմ առնում ու մտովի բարձրանում եմ Արարատի գագաթը։

Ահա ես դարձա մանրանկարիչների աշակերտը և նրանք ինձ ուսուցանեցին գրիչ բռնել ու ծաղկել մագաղաթը։

Իսկ հետո տեղափոխվեցի մեկ այլ վայր։ Արդեն Էջմիածնի կենտրոնում եմ:

Զրուցում եմ երկու հանճարների հետ՝ Կոմիտասի և Երվանդ Քոչարի։

Երվանդ Քոչարն է Վարդապետի արձանի հեղինակը։

Զրուցակիցներս իմ սերնդին պատգամեցին խորանալ հայկական մշակույթի մեջ և բացահայտել անցյալի գաղտնիքները։

Սրբություն սրբոց։ Եվ մի անմեկնելի հրաշակերտություն։ Մայր Տաճարն այսօր սիրով իր դռներն է բացել մեզ համար։ Հրավիրում է աղոթքի, խոնարհության…

Ես արդեն յուրաքանչյուր կիրակի պետք է յոթ կիլոմետր ճանապարհ անցնեմ և մոմավառության սրահում իմ մոմը վառեմ։

Առավոտ վաղ ես իմ երկրի հոգևոր մայրաքաղաքում եմ։

Գարուն է։

Ես որոշեցի գարնան զուլալությունը տեսնել և զգալ հենց այստեղ։

Վալենտինա ԱՂԱՅԱՆ

Դիտվել է՝ 8027

Մեկնաբանություններ