Իրիկունը Վաղոն նորից մտքով հոր հետ էր․
- Հարևան, օղորմածիկ հերս անընդհատ աչքիս մեծանում ա ու բարձրանում։ Ամեն անգամ զարմանում եմ, թե ինչքան հեռատես մարդ էր։ Ափսոս էն ժամանակները խակ էինք, չէինք հասկանում։
- Էլի հորդ իմաստուն խոսքերից ես հիշե՞լ։
- Չէ, էս անգամ հորս սիրած երգն եմ հիշել ու էրեկվանից էդ եմ երգում։
- Հայրենասիրակա՞ն երգ ա։
- Համ հայրենասիրական ա, համ էլ ավելի շատ՝ հեռատեսական։
- Այ քեզ բան, էդ ո՞ր երգն ա։
- Էն որ ասում ա․
Եղնիկն իր մեծ տնակում
Նայում էր պատուհանից,
Մի նապաստակ մոտ վազեց
Ու դուռը թակեց․․․
- Լավ էլի, Վաղո, դա կարող ա մի քիչ հայրենասիրական ա, բայց դրա ի՞նչն ա հեռատեսական։
- Աչքիս դու չես հետևում իրադարձություններին ու խաբար չես՝ վաղը-մյուս օրը ինչ ա ըլնելու։
- Էլ սրանից ավելի ի՞նչ պիտի ըլնի։
- Ուրեմն խոսքս լավ հիշի, մի առավոտ էս կենդանական աշխարհը զարթնելու ա ու տեսնի, որ գերագույնը չկա, թռել ա։ Ու սկսվելու ա համատարած եթիմություն, այսինքն՝ խուճապ։
- Լավ, բա հորդ երգը դրա հետ ի՞նչ կապ ունի։
- Էդ եմ ասում, էլի։ Ամենից առաջ էն թքող եղջերուն ա գլխի ընկնելու։ Ուզելու ա թքի, բայց թուքը չորացած ա ըլնելու։ Ու էդտեղ դառնալու ա եղնիկ, մտնի բունկեր, դուռը ներսից փակի ու պատուհանից նայի։
- Բա հետո՞։
- Հետո էն ղուշբազ շլդիկն ա գլխի ընկնելու, վազելու ա բունկեր, տեսնի դուռը փակ ա ու դուռը թակի․
Եղնիկ դուռը բաց,
Որսկան եկավ գազազած․․․
Էդտեղ եղնիկը խղճահարվելու ա ու դուռը բացի, թե բա․
Փոքրիկ շլդիկ ներս արի,
Քո գալը բարի․․․
- Էդ արդեն չեղավ։ Թե դա իմ իմացած թքան եղնիկն ա, դա ոչ մեկի առաջ դուռ չի բացի ու սաղին փուռը կտա։
- Չհասկացա, ուզում ես ասես՝ հերս սխալվել է՞ր։
- Իզուր ես նեղանում, Վաղո։ Մենակ վերջաբանի պահով ա մի քիչ սխալվել, մնացած ամեն ինչը ճիշտ ա։
- Եսիմ թե։
Կարո Վարդանյան