Սիրիայի նոր իշխանությունը ստեղծել է յոթ հոգուց բաղկացած կոմիտե, որն օժտված է հետաքննություն անցկացնելու մանդատով։ Կոմիտեն , որը հետաքննություն է անցկացնելու վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցած սպանությունների առնչությամբ, բաց է լինելու միջազգային հետաքննող կառույցների հետ համագործակցության համար։
Մոտ օրերս կոմիտեն մեկնելու է այն վայրերը, որտեղ կատարվել են այդ վայրագությունները և փաստերի հավաքագրումով է զբաղվելու։ Փաստահավաք աշխատանքները կտևեն երեսուն օր, վկայություն տվող անձանց գաղտնիությունը պահպանվելու է։
Սիրիայի նոր իշխանությունը փորձում է նաև այս քայլով քրդերի հետ կնքած համաձայնագրի այն կետը իրականություն դարձնել, ըստ որի, Սիրիայում ապրող բոլոր էթնիկ խմբերը Սիրիայի հավասար քաղաքացիներ են և պաշտպանվում են պետության կողմից. սա նաև միջազգային արձագանքի արդյունք է։ Դա է վկայում այն փաստը, որ յոթ հոգանոց կոմիտեն պատրաստ է համագործակցել միջազգային հետաքննող կառույցների հետ:
Ըստ մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի (տեղակայված է Մեծ Բրիտանիյաում)՝ այդ բռնություններին զոհ է գնացել շուրջ 1500 մարդ, 973-ը՝ խաղաղ բնակիչ, շատերը՝ ալավիական համայնքից։
Սիրիայի նոր իշխանությունը հանձն է առել ստեղծել ևս մեկ կոմիտե քաղաքացիական խաղաղությունը պահպանելու համար և կհամագործակցի տուժած շրջանների բնակչության հետ:
Կարեն Հովհաննիսյան