Որևէ մեկը չի պնդում, թե նախկինում ամեն ինչ եղել է կատարյալ կամ անթերի՝ թե՛ մինչև 1998-ը, թե՛ մինչև 2008-ը կամ 2018-ը։
Բազում ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին զուգահեռ Արցախը հայկական է եղել. գուցե ճիշտ չգնահատեցինք հաղթանակը (որպես ազգային հարստություն) և բազմաթիվ այլ գուցե-ներ։
Գլխավոր սխալն ըստ իս՝ թույլ տվեցինք մոլախոտն այնքան աճի, որ խանգարի փարթամ ծառերին անգամ։
Միտումնավոր թույլ տվեցինք, թե վերջում չհասցրինք փակել շիշը, որ «ջինը դուրս չգա», այս պահին դա էլ էական չէ. ունենք անդառնալի կորուստներ (զոհերն ու վիրավորները, Արցախը)։
«Պատերազմից հետո ես ձեռք եմ բերել հպարտություն». մեջբերումն ուղղակի չէ, բայց Վազգեն Սարգսյանինն է։
Ի՞նչ ենք ձեռք բերել մենք վերջին պատերազմից հետո. ցավ, տխրություն, կարոտ, կորուստ, բայց որ ամենակարևորն է՝ վրեժի ծարավ։
Ընդ որում, տարբեր մարդիկ, տարբեր աշխարհայացքի ու մտածելակերպի, տարբեր ֆինանսական կարողությունների տիրապետող մարդիկ, տարբեր քաղաքներից. բայց այս համազգային խարանը բոլորինս է՝ (Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը)։
Խարանն ունի հստակ անուն և հասցեատեր՝ տգետ, վախկոտ, խորամանկ, նենգ, հոգեկան ակնհայտ շեղումներով «մարդ», որին նիկոլ, էս… տղեն, վիժվածք կամ պետական դավաճան ենք կոչում։
Կլինի դա այս տարի թե՝ մյուս (իմպիչմենտ, թե հերթական ընտրություններ. ես հակված եմ երկրորդին) սա պետք է պատմության դասագրքերում ներկայացվի որպես հայ ՉԼԻՆԵԼՈՒ հստակ և վառ արտահայտված օրինակ։
Անկախ մեր հավատամքից, կրոնական ուղղվածությունից կամ աթեիստ լինելուց՝ բոլորս պետք է անենք այն, ինչի մասին մեր զրույցներում խոսում ենք:
«Եկեղեցուն կպնել չի՛ կարելի որևէ պարագայում». անկախ նրանից՝ ընդունու՞մ ենք այս կամ այն հոգևորականին, թե ոչ. հասկանում եմ՝ որոշները պատվեր են կատարում (ներքուստ գուցե ամաչելով), բայց չի՛ կարելի։
Եթե Սրբազանն անճարությունից ինքն անձամբ է խոսում քաղաքականությունից, ուրեմն կա դրա անհրաժեշտությունը, և մի՛ փորձեք Վազգեն Ա-ին մեջբերելով՝ իբր ցեխ շպրտել Միքայել Աջապահյանի վրա (ձեզ ու ձեր ստացած հոնորարի չափը շատ լավ գիտենք, ամոթ է)։
Միքայել Աջապահյանի նման հոգևորական կերազեին ունենալ և՛ ուղղափառները, և՛ կաթոլիկները, և՛ բողոքականները։
Հայաստանում այժմ կա մեկ թիրախ, որի անունն է՝ փաստացի Արցախ հանձնած Նիկոլ Փաշինյան իր յուրայիններով։
Մոտենում է քարերը հավաքելու ժամանակը, իսկ վճարովի քարոզիչների պակաս չկա և չի լինելու, ինչպես աշխարհի հնագույն մասնագիտության դեպքում (ես դեմ չեմ՝ բացեք ձեր դեմքերը, թող հանրությունը տեսնի, թե ով ով է)։
Հ.Գ. Դավաճանի խարանը հավերժ է, դավաճանը՝ ժամանակավոր:
Լևոն Մնացականյան