Փոխարժեքի այս անկանխատեսելի օրերին կառավարությունը ԿԲ-ի «ձեռքը բռնած» հայտարարում էր, թե իրավիճակի մեղավորները սպեկուլյացիա անողներն են, որոնք պետք է պատժվեն: Երեկ Հովիկ Աբրահամյանն ավելին ասաց. «Մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով և սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես, երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացում կար: Ես առաջարկում եմ պարոն Շաբոյանին, որ ՏՄՊՊ հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրի այս ապրանքատեսակների առևտուրը և ինձ տեղեկություն ներկայացնի ամենօրյա կտրվածքով: Հորդորում եմ Ձեզ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին: Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու»:
Փաստորեն, կառավարությունը հստակ գիտի, թե ովքեր են պղտոր ջրում ձուկ որսողները, մնում է, որ նրանց պատժեն: Սակայն, ինչպես մեզանում լինում է, այս անգամ էլ, օրինակ, շաքարի գինը կրկնակիից ավելի բարձրացնելու համար Սամվել Ալեքսանյանին ՏՄՊՊՀ-ն, հավանաբար, կտուգանի այս օրերին ստացած հազիվ թե մեկ ժամվա եկամտի չափով: Ստացվում է, Հայաստանում ֆինանսական շուկայի տատանումների ժամանակ «սպեկուլյանտները» կարող են հանգիստ օգտվել, քանի որ եկամուտներն ավելի շատ են լինում, քան կորուստները:
Սակայն խնդիրն այն է, որ կառավարությունը գոնե պետք է գործին խառնվեր ավելի շուտ, որպեսզի հանրությունը հավատար, որ այսօրվա հավաստիացումներն օդում ասված խոսքեր չեն:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ