Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայտնի են Հայաստանի լավագույն բուհերը

Հայտնի են Հայաստանի լավագույն բուհերը
26.12.2014 | 14:56

Այսօր տեղի է ունեցել ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքների ամփոփումը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բուհերի ռեկտորներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով վարկանիշավորման համակարգի հիմնական սկզբունքները, հիշեցրել է, որ նախորդ տարի նախարարությունը նախաձեռնել էր փորձնական ծրագիր` մշակել ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի մեթոդաբանությունը, թե ինչպիսի որակ են ապահովում ՀՀ բուհերը` ելնելով միջազգային չափանիշերից, որոնք ընկած են ազգային վարկանիշավորման համակարգի հիմքում:

«Այս տարի բազմաթիվ միջազգային և տեղական փորձագետներ են աշխատել, որ այս համակարգը լինի մաքսիմալ օբյեկտիվ և արտահայտի ուսանողակենտրոն որակյալ կրթական ծառայությունների տրամադրման քաղաքականությունը: Այսուհետ վերոնշյալ համակարգը կհանդիսանա այն հիմքը, որով հասարակությանն ամեն տարի կտրամադրվի ՀՀ բուհերի գործունեության օբյեկտիվ պատկերը: Համակարգի շնորհիվ բուհերը ևս կարող են ուսումնասիրել իրենց թույլ և ուժեղ կողմերը, գործադրել հավելյալ ջանքեր և ճշգրտել` ինչպիսի մրցակցային առավելություններ և թերություններ ունեն»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ որոշ բուհեր չեն զբաղեցրել համապատասխան բարձր տեղեր, քանի որ ոչ լիարժեք են ներկայացրել իրենց տվյալները: «Կա նաև մեկ այլ ծայրահեղություն. որոշ բուհեր նախատեսվածից առավել տվյալներ են ներկայացրել, որոնց արժանահավատության հետ կապված խնդիրներ են ծագել: Ուստի դրանք լրամշակվել են` օբյեկտիվ պատկեր ստանալու համար»,-նշել է Արմեն Աշոտյանը: Ամփոփելով վարկանիշավորման արդյունքները` նախարարն ընդգծել է, որ առաջատար եռյակում են հայտվել Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և Երևանի Մ. Հերացու անցան պետական բժշկական համալսարանը: Ա. Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը նախատեսում է վարկանիշավորման համակարգի արդյունքների հիման վրա վերանայել պետական քաղաքականությունը մի շարք ոլորտներում: Ըստ նախարարի` դա առաջին հերթին կվերաբերի պետական պատվերի ձևավորման սկզբունքներին, որի հիմքում ընկած կլինի նաև վերոնշյալ համակարգում բուհի զբաղեցրած տեղը: «Իհարկե, սա չի լինի միակ գործոնը. մեզ համար առաջնահերթ կլինի բուհի հավատարմագրված լինելու փաստը, իսկ այս երկու գործընթացները որոշ տվյալներով համադրվում են, որոշ տվյալներով` փոխլրացվում: Երկրորդ, այն բուհերը, որտեղ կան ակնհայտ խնդիրներ, աջակցության և լրացուցիչ վերահսկողության կարիք կունենան: Երրորդ` հաջորդ տարի նախարարությւոնը պատրաստվում է վարկանիշավորման համակարգը փոխանցել կամ համատեղ իրականացնել հասարակության և բուհերի վստահությունը վայելող որևէ ոչ պետական կառույցի հետ, ինչպես բոլոր միջազգային վարկանիշավորման համակարգերի պարագայում է»,-նշել է նախարարը` հավելելով, որ վարկանիշավորման համակարգը շատ օգտակար կարող է լինել նաև ապագա դիմորդների համար: Վարկանիշավորման համակարգի մեթոդաբանությունը և իրականացված փոփոխությունները ներկայացրել է ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ով նաև պատասխանել է բուհերի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:

Դիտվել է՝ 1451

Մեկնաբանություններ