Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Տեր-Պետրոսյանը վատ վիճակի մեջ դրեց իշխանությանը

Տեր-Պետրոսյանը վատ վիճակի մեջ դրեց իշխանությանը
22.03.2017 | 17:42

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը դարձել է քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման՝ քննադատություններով և դրվատանքներով համեմված։ Կրկնելով իր թեզը ղարաբաղյան հարցում, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ իր տարբերակով են առաջ գնացել նաև իրեն հաջորդած նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Այսինքն, նրանք ևս պատրաստ են Ադրբեջանին հողեր հանձնելու, ինչպես ինքն է հայտարարում, Ղարաբաղի վերահսկողության տակ եղած տարածքները տալ միջազգային ատյանին։


Իհարկե, նախընտրական շրջանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի համար խիստ անհրաժեշտ էր առաջին նախագահի ասպարեզում երևալը, ի վերջո, յոթ տոկոսի շեմը հաղթահարելու խնդիր կա և հարկավոր էր գործի դնել ծանր հրետանին։ Նորություն չէր նաև այն լուծման եղանակը, որը մշտապես առաջ է քաշել ՀԱԿ առաջնորդը։ Սակայն չգիտես ինչու իր երկրորդ «գալստյան» ժամանակ նա չկարևորեց ղարաբաղյան հիմնախնդիրը, առաջին պլան բերեց «ավգյան ախոռների» մաքրումը։ Իսկ հիմա ասում է, թե Հայաստանի զարգացումը միայն պայմանավորված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ։ Հիմա, փաստորեն, լուծվե՞լ է իշխանության հարցը, այն արդեն լեգիտի՞մ է։ Պարզվում է, այո։ Այլապես հարցազրույցի ընթացքում Տեր-Պետրոսյանը չէր հայտարարի, թե ժողովուրդն իշխանություն է ընտրել, ու այն պարտավոր է խնդիրը լուծել։ Ստացվում է, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը այսօր ՀՀԿ-ի դեմ չի էլ պայքարում, այլ հակառակը՝ հայտարարում է, թե մենք ձեզ հետ ենք, լուծեք ղարաբաղյան հիմնախնդիրը։ Իզուր չէր նաև, որ Տեր-Պետրոսյանը հարցազրույցի ընթացքում մի քանի անգամ հստակ տեքստով նշեց, որ իշխանությունը հենց իր տարբերակով է առաջ շարժվում։
Իհարկե, ոչ մեկին զարմանալի չէ ու նաև նորություն չէ այն, թե ինչ դիրքորոշում ունի առաջին նախագահը, բայց զարմանալի է, որ նա հայտարարում է, թե Սերժ Սարգսյանն էլ գնում է իր «գծած» ճանապարհով, այսինքն` հողերը հետ վերադարձնելու։ Հիմա պետք է իշխանությունը հստակ պատասխան հնչեցնի` այս տարբերա՞կն է հիմա բանակցությունների սեղանին դրված, առաջին նախագահի ասածները որքա՞ն են արտացոլում իրականությունը։ Ի վերջո, Տեր-Պետրոսյանը շարքային քաղաքական գործիչ չէ և մերկապարանոց հայտարարություններ չի անում։ ՈՒշագրավ է այս համատեքստում տարեսկզբին զորացրված զինծառայողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի՝ հողեր հանձնելու վերաբերյալ հայտարարությունը. «Ախմախություն է առանց ԼՂՀ կարգավիճակի Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցությունները։ Մեզ համար ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, որպեսզի մենք ունենանք այնպիսի վիճակ, որը հնարավորություն է տալու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հավերժ ապրել իր հողի վրա: Իսկ թե ով է պատրաստվում հող տալ, որ հողի մասին է խոսքը, ինչի դիմաց, դրանք երկրորդական խոսակցություններ են: Մի հավատացեք նման խոսակցություններին»։ Այնուհետև դիմելով զինվորին, ասել է. «Հետո ես ո՞նց պետք է քո աչքերին նայեմ: Չե՞ս ասելու՝ «ես գնացել եմ, այդ հողը պաշտպանել եմ, իմ ընկերները զոհվել են, իսկ դուք հենց այնպես, ուղղակի վերցնում, հետ եք տալիս»:


Հիմա իշխանությունը պետք է վերահաստատի իր ասածները կամ հայտարարի, որ առաջին նախագահը ճիշտ է ու առանց հող հանձնելու ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվի, իսկ Հայաստանն էլ կշարունակի վատ ապրել մինչև հակամարտությունը չհանգուցալուծվի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ