ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Թուրքիան իսլամական աշխարհի առաջնորդի հավակնություններ ունի»

«Թուրքիան իսլամական աշխարհի առաջնորդի հավակնություններ ունի»
30.01.2018 | 02:16

Մի կողմից` ԻՊ-ն ահաբեկչական գործողություններով աշխարհի ուշադրությունն է սևեռել իր վրա, մյուս կողմից էլ Թուրքիան է Սիրիայում շարունակում ագրեսիան: Եվ եթե ԻՊ-ը ստանձնել է նախօրեին Քաբուլի ահաբեկչության պատասխանատվությունը, ապա Թուրքիան մեղավոր չի ճանաչում իրեն Սիրիայում կատարվածի համար, հակառակը, նույնիսկ հայտարարում է, թե «ահաբեկիչներից» է ազատում Սիրիան: Այնինչ, մինչ «Ձիթենու ճյուղ» օպերացիան այս երկրում կարծես հարաբերական անդորր էր, բանակցությունների էին սպասում: Այս օրերին Սոչիում սիրիական ճգնաժամի շուրջ հերթական բանակցություններն են ընթանում: Թուրքական «Ձիթենու ճյուղ» օպերացիան ի՞նչ ընթացք կունենա, գերտերությունները կշարունակե՞ն լուռ հետևել այս ագրեսիային` պարզ կլինի բանակցություններից հետո: Քաղաքագետները, սակայն, համոզված են, որ, անկախ արդյունքներից ու պայմանավորվածություններից, Թուրքիան անելու է այն, ինչ ուզում է՝ չպահպանելով որևէ պայման: Մյուս կողմից էլ փաստ է, որ ցայսօր գերտերություններն աչք են փակում Աֆրինում կատարվածի վրա և հրաժարվում քրդերին աջակցելուց: Սիրիական ճգնաժամի թեմայով «Իրատեսը» զրուցում է միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

-Ի՞նչ կտան այս բանակցությունները, պարոն Սարգսյան:
-Սիրիական ճգնաժամն արդեն տարիների հնություն ունի, որում ներքաշված են ոչ միայն տարածաշրջանային, այլև դրանից դուրս գտնվող պետությունները, ի դեմս ԱՄՆ-ի: Այստեղ խաչվում են տասնյակ պետությունների, խմբավորումների շահեր, ինչն էլ բարդացնում է իրավիճակը ողջ տարածաշրջանում: Սիրիայում իրենց շահերն ունեն և՛ Թուրքիան, և՛ Իսրայելը, և՛ ՌԴ-ն, և՛ ԱՄՆ-ը, և՛ արաբական աշխարհի պետությունները՝ Սաուդյան Արաբիան, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումները և այնպիսի ուժեր, որոնք ձգտում են տարածաշրջանում ազդեցություն ունենալ, և նրանք, որոնք այս տարածաշրջանում փորձում են ձևավորել անկախ պետություն՝ ի դեմս քրդերի: Շատ բնական է, որ այս բոլորի շահերը շատ դեպքերում կարող են չհամընկնել: Ակնհայտ է, որ Սիրիայում տարբեր շահեր ունեն ՌԴ-ն և ԱՄՆ-ը, Թուրքիան և Իրանը: ԻՊ-ն այստեղ որոշակի կորուստներ կրեց, նույնիսկ մեծ քանակով ԻՊ-ի մարտիկներ լքեցին Սիրիայի տարածքը, սակայն իրավիճակը շարունակում է մնալ բարդ և լարված: Հատկապես Թուրքիայի վերջին գործողություններից հետո Սիրիայում իրադրությունը նորից լարվել է, քանի որ Թուրքիան ունի իր շահերն ու իրեն բնորոշ ագրեսիվ մեթոդներով, առանց հաշվի առնելու դաշնակիցների շահերը, շարունակում է կռվել քրդական զինված ջոկատների դեմ: Սա հանգեցնում է աշխարհաքաղաքական լուրջ ցնցումների ոչ միայն Սիրիայի տարածքում, այլև ողջ Մերձավոր Արևելքում:
-Ինչո՞վ է պայմանավորված գերտերությունների, այսպես ասած, լոյալ վերաբերմունքը Թուրքիայի ագրեսիային. նրանք, կարծես, մինչ այս բանակցությունները լուռ հետևում էին զարգացումներին:
-Դա ոչ թե լոյալություն է, այլ անկարողություն: Չկա աշխարհի որևէ գերտերության ղեկավար, որ կարողանա սանձահարել Թուրքիային, նրա ղեկավար Էրդողանին: Փաստորեն, նա դարձել է միակ առաջնորդը, որ ցանկացած գործողություն անում է միայն իր շահերից ելնելով ու ինչպես նպատակահարմար է կարծում: Թուրքիան միակ պետությունն է, որը կարող է Սիրիայում ցեղասպանություն իրագործել և չպատժվել, միակն է, որ կարող է զորք մտցնել Իրաք և չպատժվել, միակն է, որ կարող է ռուսական ինքնաթիռ խոցել ու մարսել, միակն է, որ կարող է ողջ տարածաշրջանը խառնել, նավթ գնել ԻՊ-ի մարտիկներից, հաճախ դրա դիմաց զենք տալով ու էլի չպատժվել: Այսինքն, Թուրքիան մի պետություն է, որն ունի մեկ ռեսուրս՝ ոչնչի առջև չկանգնել: Ըստ էության, չկա նաև մեկը, որ նրան կարողանա կանգնեցնել, այդ երկիրն իր գործողություններն ինքնուրույն է իրականացնում: Վերջերս, հատուկ օպերացիա իրականացնելուց առաջ, թուրք գեներալը զանգահարել էր ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարություն և ընդամենը տեղեկացրել, որ իրենք պատրաստվում են զինված գործողություններ իրականացնելու: ԱՄՆ-ը հայտարարեց, որ իրենք ընդամենը տեղյակ են եղել այդ գործողություններին, իսկ այն հարցը, թե ով է այդ որոշումը կայացրել, դիվանագիտորեն շրջանցեց: Ստացվում է այնպես, որ Թուրքիան աշխարհի միակ պետությունն է, որ ինչ ցանկանա, կարող է անել՝ չվախենալով հետևանքներից: Նույնիսկ Վաշինգտոնի կենտրոնում կարող է քաղաքացիների ծեծել, որովհետև Թրամփն Էրդողանին ընդամենը քսաներեք րոպեով էր ընդունել: Այսինքն, կրկին վերահաստատենք, որ Թուրքիան անպատժելի պետություն է:
-Լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե օրերս Թրամփը բավական կոշտ հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: Փաստորեն, Թուրքիայի ղեկավարին սաստելու այս մեթոդն էլ չի աշխատում:
-Այդ հայտարարությունից հետո Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հերքեց Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը, հայտարարելով, թե որևէ ագրեսիվ խոսակցություն չի եղել, ընդհանրապես այդ թեմայով չեն զրուցել: Ըստ էության, դիվանագիտական սկանդալ եղավ: Սպիտակ տունը մամուլի հաղորդագրություն է տարածում երկկողմ հեռախոսազրույցի կետերի վերաբերյալ, որը թուրքական կողմը հերքում է՝ հայտարարելով, թե նման թեմաներ չեն քննարկվել կամ այլ կոնտեքստում է եղել խոսակցությունը: Սա ևս փաստում է, որ հեռախոսազրույցում Թուրքիան մի բան է ասում, իսկ իրականում լրիվ այլ գործողություններ է իրականացնում կամ այլ մոտեցումներ ունի:
-Որոշ վերլուծաբաններ կարծում են, թե Թուրքիայի ագրեսիայի հանդեպ գերտերությունների լռությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ բան ստանալու պայմանավորվածություն ունի Թուրքիայի հետ: Գերտերությունների քաղաքականությունը Ձեզ նման բան հուշու՞մ է:
-Նշեցի, որ Սիրիայում գերտերությունների շահերի լուրջ բախում կա, բայց որոշ շահեր նաև համընկնում են, օրինակ, ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի և ՌԴ-ի շահերը համընկնում են: Այլ է քրդերի հարցը. Թուրքիան նրանց համարում է ահաբեկչական խմբավորումներ, իսկ ԱՄՆ-ը կարծում է, որ քրդերը տարածաշրջանում իր դաշնակիցներն են, նրանց հետ ունի ընդհանուր շահեր, դրա համար նրանց զենք, զինամթերք է տալիս: ԻՊ-ի առումով կարծես ընդհանուր մոտեցում կա` այդ կազմավորումը վերջնականապես արմատախիլ անել: Այս մոտեցումը պաշտպանում են և՛ ՌԴ-ն, և՛ ԵՄ-ը, և՛ ԱՄՆ-ը: Թուրքիան էլ նման հայտարարություններ էր անում, բայց նրա մոտեցումները մի քիչ այլ էին: Դժվար է այս պահին հստակ գնահատական տալ, թե ինչ կլինի հետագայում, որովհետև տեսանք, որ Ասադը ԻՊ-ին հաղթեց, բայց դրանից անմիջապես հետո խաղաղության հաստատման փոխարեն թուրքական բանակը ներխուժեց Սիրիայի տարածք, և նորից սկսվեցին ռազմական գործողությունները:
-ՌԴ արտգործնախարարությունն օրերս հայտարարություն տարածեց, թե ԱՄՆ-ը Սիրիայում ընդդիմություն է ստեղծում: Այս հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում:
-Սա ևս համաշխարհային գերտերության՝ ԱՄՆ-ի և տարածաշրջանային գերտերության՝ ՌԴ-ի շահերի բախման արդյունք է, որի հիման վրա էլ մշտապես միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում, այսինքն` տարածաշրջանում այս կամ այն խմբավորումներին աջակցելու, ֆինանսավորելու մեջ ԱՄՆ-ը՝ Ռուսաստանին, իսկ ՌԴ-ն՝ ԱՄՆ-ին մշտապես մեղադրում են, ինչպես նաև պայմանավորվածությունները չպահելու, դեէսկալացիայի նախապայմանները չապահովելու համար: Բնական է, որ տարածաշրջանում շահերի բախումը հանգեցնում է անկայուն վիճակի, ինչի ականատեսն ենք արդեն մի քանի տարի:
-Այսուհանդերձ, Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը սահմանե՞լ են կարմիր գիծ, որից այն կողմ Թուրքիան չի կարող անցնել: Ի դեպ, Թուրքիան արդեն հայտարարել է, որ Աֆրինից հետո Մանբիջն է դատարկելու քուրդ «ահաբեկիչներից»:
-Կարմիր գծեր սահմանել բոլորն էլ կարող են: ԱՄՆ-ը այն պետությունն է, որը կարող է այդ գիծը քաշել աշխարհի ցանկացած պետության համար, բայց այդ կարմիր գիծն իրականություն կդառնա՞: Կարող եմ ընդամենը հիշատակել կորեական ճգնաժամի խնդիրը, երբ ԱՄՆ-ի նախորդ նախագահ Բարաք Օբաման 2009-2010 թթ. այդ կարմիր գծի մասին ասում էր, թե շուտով Կորեան անցնելու է այդ գիծը, իսկ այդ երկիրը կարմիր գիծը հետևողականորեն անցնում է արդեն տասնհինգ տարի և որևէ մեկը չի կարողանում որևէ բան անել: Այսօր Փհենյանն ունի արդեն միջուկային զենք: Կարմիր գծերը ավելի շատ քաղաքական ճնշման նպատակ ունեն, քան այլ ազդեցության: Չեմ կարծում, թե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ, եթե շարունակվեն ռազմական գործողությունները Սիրիայում կամ այլ պետությունում:
-Թեև բանակցություններ են հրավիրվել, սակայն Թուրքիան չի հրաժարվում իր նկրտումներից: Ստացվում է՝ ոչ մի բանակցություն չի՞ կանգնեցնի Թուրքիային: Հնարավո՞ր է իրավիճակի թեժացում:
-Թուրքիան իր ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիք է դիտարկում քրդական գործոնը, այն է՝ «Քրդական բանվորական կուսակցությունը», քրդական պետության ստեղծումը Հյուսիսային Իրաքում և Սիրիայի տարածքում: Սա անհանգստացնում է Էրդողանին, որը կարծում է, թե խնդիրը կարող է վերջնականապես լուծել, եթե ոչնչացնի քրդական զինված խմբավորումները: Այս նպատակին հասնելու համար հետևողականորեն առաջ է շարժվում: Եթե անգամ այս բանակցություններում պայմանավորվածություն լինի, փաստաթուղթ ստորագրվի, վստահ չեմ, որ Թուրքիան կպահպանի այն: Այս պահին Թուրքիան անպատժելի է ոչ միայն իր գործողություններում, այլև ստանձնած պարտավորությունները չկատարելու առումով: Կասկածում եմ, որ որևէ մեկը կարող է Թուրքիային պատժել պարտավորությունը ստանձնելու, բայց չկատարելու համար: Եթե ուսումնասիրենք Թուրքիայի միայն վերջին տարիների ներքին և արտաքին քաղաքականությունը, ապա կտեսնենք՝ հայացք դեպի ԵՄ, ապա կտրուկ շրջադարձ դեպի իսլամական աշխարհ, իսլամական աշխարհի առաջնորդի հավակնություններ:


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ