ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Գնաճը «անամոթաբար» «քիթը խոթել» է բոլոր ոլորտները

Գնաճը «անամոթաբար» «քիթը  խոթել» է բոլոր ոլորտները
07.05.2013 | 11:53

Պարզվեց` 2013-ի առաջին եռամսյակում արձանագրված գնաճը առանձնապես ոգևորող չէ։ Այն «անամոթաբար» «քիթը խոթել» է բոլոր ոլորտները, ինչի մասին փաստում են ազգային վիճակագրության տվյալները։ Վերջերս հրապարակված ցուցանիշները շատ խոսուն են և ոչ հօգուտ սպառողի։ Անցած տարի արձանագրված գնաճը այս տարվա առաջին եռամսյակում ոչ թե մեղմվել է, այլ աճել ամիս առ ամիս։ ԱՎԾ-ի տվյալներով` ապրիլին գնաճը կազմել է 3,9 %, ինչը փետրվարի և մարտի համեմատ աճել է 50,8 %-ով։ Անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում ձեթի, յուղի գնաճը կազմել է 24 %։ Ապրիլին սուրճի գինը բարձրացել է 4 %-ով, ներմուծվող սիգարետների մեկ տուփի գինը բարձրացել է 10-50 դրամով։ Դեղերի շուկայում գնաճը կազմել է 10 %։
Գնաճը իր դիրքերը փոքր-ինչ զիջել է գյուղատնտեսության ոլորտում։ Իջել են կարտոֆիլի, վարունգի, կաղամբի գները։ Վարունգի գինը նվազել է 30 %-ով. ապրիլին կարտոֆիլի գնանկումը եղել է 18 %, կաղամբինը` 27։ Ընդհանուր առմամբ գյուղատնտեսության ոլորտում գնաճը նվազել է 10 %-ով։
Ինչ խոսք, ընդհանուր պարենային շուկայում անզուսպ գնաճի պարագայում որոշ գյուղմթերքների գների նվազումը ինչ-որ չափով հնարավոր է և թեթևացնի սոցիալական լարվածությունը։ Սակայն նկատենք, որ գյուղմթերքի գնի նվազումը պայմանավորված չէ ոլորտի ճիշտ ղեկավարմամբ։ Ինչպես միշտ, գարնանը նոր կարտոֆիլի, կաղամբի և վարունգի գները նվազեցնում են նախորդ տարվա հին մթերքների գինը։ Այս օրինաչափությունը գյուղական տնտեսություններին թույլ է տալիս հին արտադրանքը արագ սպառել։
Նկատենք, որ, ըստ ԱՎԾ-ի, գնաճ արձանագրվել է ոչ միայն պարենային ապրանքների շուկայում։ Ապրիլին կոշիկի շուկայում գրանցվել է 5,2 % աճ, իսկ ծառայությունների ոլորտում ամենաշատը թանկացել է հանգստի կազմակերպումը` 3 %։
Թվերը փաստում են, որ Հայաստանում գնաճի միտումը շարունակվում է։ Այս խնդիրը ծանր հետևանք է թողնում ժողովրդի սոցիալական վիճակի վրա։ Մինչդեռ 2013-ի պետբյուջեի հաստատման ժամանակ խոսվում էր ցածր գնաճի մասին։
Հետաքրքրականն այն է, որ Հայաստանում գնաճ ասածը շատ տարօրինակ դրսևորումներ է ունենում։ Օրինակ, եթե որևէ երկրում որևիցե ապրանքի գին բարձրանում է` պայմանավորված միջազգային շուկաներից թելադրվող գներով, իսկ որոշ ժամանակ անց միջազգային շուկայում այդ ապրանքի գինն իջնում է, ապա համապատասխանաբար նվազում է նաև դրա գինը այլ երկրներում։ Սակայն այդ օրինաչափությունը խախտվում է Հայաստանում։ Դրա արդյունքում մեզանում գնաճի վրա գնաճն ավելանում է։ Սակայն դրան զուգահեռ աշխատավարձերը էապես չեն բարձրանում։
Եթե սրան էլ հավելենք միջազգային կազմակերպությունների դիտարկումները, ըստ որոնց ՀՆԱ-ն նվազել է դոլարային արտահայտությունում 3363 դոլարից մինչև 3290 դոլար, ապա բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի պատկերը գորշ է ստացվում։
Գաղտնիք չէ, որ ցանկացած ժողովրդի համար իր սոցիալ-տնտեսական կարգավիճակը կարևոր և գերակա նշանակություն ունի։ Եվ երբ այն խախտվում է, ապա գնալով աշխատող մարդու համար ապրելը վերածվում է հացի խնդրի։ Այս ֆոնի վրա Հայաստանի արտագաղթի ծավալներն արդեն զարմանալի չեն դառնում։ Եվ եթե 2-3 տարի առաջ Հայաստանից հեռացածների վերաբերյալ միգրացիայի վարչությունը պնդում էր, թե ամեն հեռացող արտագաղթող չէ, ապա այս ապրիլյան տվյալները շատ ավելի բարդ կլինի վիճարկել։ Օրերս ԱՎԾ-ն հրապարակեց ՀՀ-ից մեկնողների և ժամանողների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը։ Այս տարի առաջին եռամսյակում երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը գերազանցել է ժամանողների թվին 35,5 հազարով, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 40 %-ով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ