Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Անկեղծորեն կարեկցում եմ

Անկեղծորեն կարեկցում եմ
25.12.2025 | 11:37

Ես անկեղծորեն կարեկցում եմ այն կառույցների ղեկավարներին, որոնք այսօր աշխատում են Նիկոլ Փաշինյանի հետ ու ենթակայությամբ: Ցավակցում եմ` հասկանալով, թե դա ինչ տարտարոսի տանջանք է, որովհետեւ անկանխատեսելի, օրենքը չհարգող, իր լիազորությունների սահմանները չիմացող ղեկավարի հետ աշխատելն այլ կերպ չես անվանի: Նրանք երբեք չեն կարող գուշակել, թե ինչ է իրենցից պահանջում շեֆը, ինչից կզայրանա կամ կուրախանա, ինչից դրդված հեթական վոթսապ սմս-ը կգրի: Իսկ նման պայմաններում ստիպված են, ինչպես ռուսն է ասում` պերեստրախովկա անել, այսինքն` նրա չբարձրաձայնած ցանկություններն ու չձեւակերպած հրահանգները կանխավ կատարել, որ «դռբի» տակ չընկնեն:

Իհարկե, կասեք, որ բոլորը ելք ունեն` կարող են հրաժարական տալ, չկատարել ապօրինի հրահանգները: Բայց մեզանում հրաժարականի ինստիտուտը կայացած չէ, հրաժարականները որպես պարտություն, թուլություն, ձախողում են ընկալվում, ուստի մնում է ատամները սեղմած ստրկաբար ծառայելը` փորձելով կատարել վերադասի կամքը: Շատ ավելի աղետալի է նրանց վիճակը, ովքեր քիչ թե շատ գիտակից են, օրենք գիտեն, պատկերացնում են այսչափ ապօրինությունների հավանական հետեւանքները: Նրանք ստիպված են ամենաանհեթեթ բացատրություններն ու արդարացումները գտնել` վերադասի ապօրինի հրահանգները կատարելու համար:

Բայց եթե քիչ թե շատ իրավունքին ծառայող գլխավոր դատախազ ու Քննչական կոմիտեի ղեկավար ունենայինք, նրանք վաղուց պետք է ինֆարկտ ստացած լինեին` Սամվել Կարապետյանի, Միքայել Աջապահյանի, Արշակ սրբազանի դեմ գործերը «կարելիս»: Եթե առողջապահության, կրթության, արդարադատության նախարարները, ՔՊ-ական կին պատգամավորները մի քիչ աստվածավախ լինեին, իրենց ներսում մոր, կնոջ որակը մի քիչ առկա լիներ, ինչպե՞ս կարող էին մասնակցել այդ ապօրինի պատարագներին, կաթողիկոսին անունով դիմել, այս հերետիկոսական շարժման մասնակիցը դառնալ:

Պատկերացնո՞ւմ եք, եթե ԱԱԾ ղեկավարը, պաշտպանության նախարարը, ԱԺ նախագահը գիտակցեին իրենց ղեկավարած կառույցների դերն ու առաքելությունը, ինչքա՜ն այլ երկիր կունենայինք մենք եւ ինչքան հեշտ կլիներ բոլոր կարմիր գծերը հատած մեկ անձից ազատվելը: Կամ` եթե ՊԵԿ նախագահը կարողանար ասել, որ չի կարող վարչապետն իր հրահանգով խանութ փակել եւ ոչ թե այդ ապօրինի հրահանգը կատարելու ձեւեր մտածեր, անհեթեթ տեքստ տարածեր, որն ավելի ակնհայտ կդարձներ լիազորությունների գերազանցման փաստը, այլ ուղղակի ասեր` Նիկոլ, մի արա:

Իսկ եթե մի նորմալ հայ մարդ լիներ ՀՀ նախագահի աթոռին, որի համար կարեւորը ոչ թե նախագահական նստավայրում խրտվիլակի նման նստելը լիներ կամ տուրիստի նման շրջագայելը, այլ իր երկրի շահը պաշտպանելը, ինչքա՜ն ուրիշ Հայաստանում կապրեինք:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հ․Գ․

Լուսանկարում` Վահագն Խաչատուրյանը` որպես պետության վրա թքած ունենալու սիմվոլ:

Դիտվել է՝ 301

Մեկնաբանություններ