«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն

Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն
02.02.2026 | 12:31

«Արցախը վաղուց էր հանձնված» թեզը վերջին տարիներին վերածվել է իշխանության կողմից համակարգված կերպով շրջանառվող քաղաքական խոսույթի առանցքային բաղադրիչներից մեկի։ Այն ծառայում է հետին թվով կայացված որոշումների արդարացմանն ու պարտության համար քաղաքական պատասխանատվության լուծարմանը։ Պարտությունը ներկայացվում է որպես նախապես կանխորոշված և անխուսափելի իրողություն, ինչի արդյունքում հանրային դիսկուրսից դուրս է մղվում քաղաքական սուբյեկտի դերակատարությունը և որոշումների որակի հարցը։

Այս նարատիվի հետևողական կիրառումը հանրային գիտակցության մեջ ձևավորում է վտանգավոր ընկալում․ պետական կառավարման արդյունավետությունը ներկայացվում է որպես երկրորդական, քանի որ, իբր, որևէ այլ ելք սկզբնապես գոյություն չի ունեցել։ Նման տրամաբանությունը հատկապես արագ է արմատավորվում այն սոցիալական միջավայրերում, որտեղ բացակայում է քաղաքական կրթությունը և զարգացած չէ քննադատական մտածողությունը։ Արդյունքում պարտություն համարվում է նորմալ, իսկ պատասխանատվության հարցը՝ լղոզվում։

Արդյունքում հանրային դիսկուրսը կենտրոնանում է ոչ թե սխալների վերլուծության, այլ «անխուսափելիության» վրա, ինչը կարող է խոչընդոտել քաղաքական գիտակցության զարգացմանը:

Սակայն իրավիճակը սկզբունքորեն այլ հարթություն է տեղափոխվում, երբ նույն թեզը հնչեցնում է իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ով նախկինում զբաղեցրել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը հենց այն ժամանակահատվածում, որը ներկայիս իշխանական խոսույթում բնութագրվում է որպես «Արցախը հանձնած» շրջան։ Այս պարագայում գործ ունենք քաղաքական պատասխանատվության բացահայտ մերժման հետ։ Եթե Արցախը «վաղուց էր հանձնված», ապա տվյալ պաշտոնյայի պետական գործունեությունը կամ եղել է ձևական և անիմաստ, կամ՝ գիտակցված կերպով ներառված պարտվողական համակարգում։

Նման մոտեցումը վկայում է իշխանական վերնախավի ընդհանուր արժեհամակարգային և ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին։ Քաղաքական էլիտան, որը հետին թվով հրաժարվում է սեփական պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած գործընթացների պատասխանատվությունից, փաստացի զրկվում է լեգիտիմությունից և վերածվում ինքնարդարացման մեխանիզմի։

Քաղաքական սուտը վերածվում է կառավարման գործիքի։

Նույն տրամաբանության մեջ հատկանշական է նաև իշխանության հանրային վարքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երբ տարածաշրջանային անվտանգային միջավայրը, ներառյալ Իրանի շուրջ զարգացող վտանգավոր գործընթացները, պահանջում է առավելագույն քաղաքական կենտրոնացում և պատասխանատու պետական վարք։ Այդ պայմաններում հանրային դաշտում ցուցադրվող թեթևամիտ և իրավիճակին անհամապատասխան գործողությունները խորացնում են պետական մտածողության և անվտանգության իրական սպառնալիքների միջև առկա դիսոնանսը։

Արդյունքում ձևավորվում է համակարգային խնդիր․ իշխանությունը պարտությունը նորմալացնում է, պատասխանատվությունը վերածում խոսքային մանիպուլյացիայի, իսկ պետականությունը՝ կարճաժամկետ քաղաքական շահերին ծառայող նարատիվի։ Այդպիսի պայմաններում Հայաստանի գլխավոր անվտանգային սպառնալիքը սահմանափակված չէ միայն արտաքին գործոններով։ Այն պայմանավորված է նաև իշխանության ներսում ձևավորված քաղաքական ստի ինստիտուցիոնալացմամբ, որը քայքայում է պետական պատասխանատվության և ինքնագիտակցության հիմքերը։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ