«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

«Մատյան Գոյության»․ մարդու և ազգի երկխոսությունը Ժամանակի ու Հավերժության հետ-2

«Մատյան Գոյության»․ մարդու և ազգի երկխոսությունը Ժամանակի ու Հավերժության հետ-2
20.02.2026 | 15:56

Սկիզբը՝ այստեղ

(եթե միտքը չի հանձնվել, հայրենիքը կորսված չէ)

Մենք տեր ենք այն ամենին, ինչը մեր ներսում է։

Մեր «Գոյության Մատյանը» վկայում է անխախտ մի ճշմարտություն.

Արևմտյան Հայաստանը և Արցախը, որոնք այսօր ժամանակավորապես տեղափոխվել են Տիեզերական տիրույթներ, անեկբայորեն վերադառնալու են Երկիր։

Սա լոկ հույս չէ։

Սա էներգետիկ բացարձակ օրենք է՝ նյութը միշտ հետևում է ոգուն, թեկուզ և դարեր անց։

Բառերի ենթատեքստում՝ առերևույթ ցավի ու «մորմոքի» շղարշի տակ, թաքնված է մի մե՜ծ լույս։

Մենք չենք պայքարում միայն անցյալի հուշերի համար, մենք մշտարթուն ենք պահում մեր ապագայի տիեզերական հայտը։

Հենց այդ պատճառով է ներկա դավաճանախումբը սարսափում մեր հիշողությունից և ձգտում ջնջել-փոշիացնել ազգի կոլեկտիվ գիտակցությունը։

Իզուր է ինքնակոչ «միապետը» կոկորդ պատռում, թե․

«Արևմտյան Հայաստանն Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է, Արագածոտնի մարզի Բաղրամյանի շրջանն է, Թալինի շրջանն է, Մարալիկի տարածաշրջանն է: Որովհետև իրական Հայաստանն իրական տարածաշրջանի մեջ է։ Արևմտյան Հայաստանը չի կարա լինի Արմավիրից այն կողմ։ Արևմտյան Հայաստանն Արաքս գետի մոտ ավարտվում է, և սա մեր անվտանգության կոնցեպտն է»։

Սա ոչ թե անվտանգության կոնցեպտ է, այլ հաշմված մտքի շիզոֆրենիա։

Հատուկ ликбез (ликвида́ция безгра́мотности) de jure-ի համար։

Պատմության մեջ հայրենիքը նախ և առաջ միտք է, արժեք և կամք։

Եթե ազգը համաձայնում է, որ իր պատմական տարածքները գոյություն չունեն նույնիսկ որպես մշակութային-ժառանգական գործոն, ապա նա հրաժարվում է իր հավերժության իրավունքից։

Նման «շռայլություն» հայը երբե՛ք թույլ չի տա իրեն։

Եթե մարդը (կամ ազգը) ընդունում է, որ իր տունն ավարտվում է այնտեղ, որտեղ գծված է տվյալ պահի սահմանը, նա դադարում է լինել պատմության սուբյեկտ, դառնում է ընդամենը աշխարհաքաղաքական օբյեկտ։

Մեջբերված խոսքերում Հայաստանը դիտարկվում է որպես լոկ վարչական միավոր՝ «մարզերի» ու «շրջանների» համախումբ։ Սա տարածության դեսակրալիզացիա է՝ սրբազնազրկում։

Հայրենիքը միայն հողակտոր չէ, այն մշակութային լանդշաֆտ է։ Արևմտյան Հայաստանը ոչ թե աշխարհագրական ուղղություն է, այլ հայկական քաղաքակրթության օրրանը։

Երբ վարչապետի աթոռին նստածն ասում է՝ «Արևմտյան Հայաստանն ավարտվում է Արաքսի մոտ», նույնն է, թե ասի՝ «հիշողությունս ավարտվում է իմ ստամոքսում»։

Թերևս, հենց այդպես էլ կա՝ առանց անցյալի, առանց հիշողության հանուն աղեստամոքսային տրակտի քայլող պարտություն։

Հոգեբանական շիզոֆրենիայի դասական օրինակ է սա՝ մամոնայի զոհը փորձում է հաճոյանալ դահճին, ուրանալով սեփական ինքնությունը։

Բայց ազգը կդադարի գոյություն ունենալ որպես ինքնուրույն միավոր, եթե թշնամու կամ սույն պարտվողականի գծածն ընդունի որպես իր մտքի սահման։

Ոչ մի ազգ չի փրկվել ինքնահոշոտվելով։

Պատմական հայրենիքի գաղափարը ոչ թե պատերազմի կոչ է, այլ ազգային արժանապատվության և իրավական պահանջատիրության հիմք։

Վկայակոչենք հրեաների օրինակը՝ երկու հազար տարի հիշում էին, աղոթում Երուսաղեմի համար, երբ այնտեղ ֆիզիկապես չկային։

Եթե հիշողությունը կերպարանափոխվում է պաշտամունքի, այն դառնում է անխոցելի։

Մենք պետք է ստեղծենք մեր մետաֆիզիկական Արցախը, Վանը, Սասունն ու Մուշը, մեր ողջ Արևմտյան Հայաստանը։ Ամեն մի սրբապատկեր, լուսանկար, ցանկացած պատմություն այդ հողի մասին պետք է դառնա «սուրբ մասունք»։

Եթե անսանք ներկա վարչակույտի պարտադրանքին ու, նրանց օրինակով, Արևմտյան Հայաստանը համարենք «անցյալ», այն կմեռնի։

Հայրենիքը քաղաքական սակարկության առարկա չէ։ Այն մեր նախնյաց արյունն ու մշակութային գենոմն է։ Այն չի կարող «ավարտվել» Արաքսի ափին, քանի դեռ հայի միտքն ու սիրտը ճանաչում են Վանը, Մուշը, Կարսն ու Անին որպես սեփական տուն։

Ինչպես ասում են՝ «Աստված չի նայում քարտեզներին, նայում է սրտերին»։

Մեր կորուսյալ հայրենիքը, որ տեղափոխվել է Բարձրագույն Գիտակցության տիրույթ, դարձել է անառիկ ամրոց, որին հնարավոր չէ հաղթել ո՛չ ԱԹՍ-ներով, ո՛չ ֆոսֆորային զենքով, և ո՛չ էլ Անկարայի «բարձր դռնից» հուշած կապիտուլյացիոն սահմանների լեգիտիմացմամբ։

«Իրականն» անզոր է հավերժականի առաջ։

Այն, ինչ բռնապետիկն անվանում է «իրական Հայաստան», նրա համար սոսկ վարչական քարտեզ է՝ կտրված արմատներից։

Բայց մեր «Մատյան Գոյությանն» ասում է այլ բան. Հայրենիքը սկսվում է այնտեղ, որտեղ հասնում է հայի միտքը։

Եթե Արաքսը նրա համար վերջնակետ է, ապա մեզ համար՝ մարմինը սրտին միացնող զարկերակ է։

Անվտանգությունը Ոգու մեջ է և ոչ՝ աշխարհագրորեն անգրագետ գծած սահմանների։

Իսկ ոգին միայն ճակատին լղոզած «դուխով»-ը չէ։

Ով հրաժարվում է իր Տիեզերական հայտից հանուն «իրական» փշրանքների, կորցնում է և՛ հայտը, և՛ փշրանքները։

Եթե միտքը չի հանձնվել, ապա Արևմտյան Հայաստանը ոչ թե Արմավիրի «արևմտյան հատվածն է», այլ մեր վերածննդի առանցքը։

Մենք չենք սահմանափակվում գետերով կամ ձորերով, մենք սահմանվում ենք մեր Հավերժությամբ։

Առանց Արևմտյան Հայաստանի՝ հայ մշակույթը, գրականությունը և Եկեղեցու պատմությունը դառնում են անհասկանալի։

Ինչպե՞ս կարող է «իրական» հայը կարդալ Նարեկացի, Րաֆֆի կամ Սիամանթո, եթե նրան ստիպում են հավատալ, որ այդ մեծությունների հայրենիքն այլևս իրենը չէ և չունի որևէ կապ իր ներկայի հետ։

Սա հանգեցնում է ազգային ինքնության ճեղքման՝ շիզոֆրենիայի։

Ներկա «հաշվողների» իշխանությունը, թերևս, հենց դրան էլ ձգտում է։

Այս կոլաբորացիոնիստներին պետք է ոչ թե տեր, այլ աշխատող «մատերիալ» կամ «սպառող»։

Ջնջելով հիշողությունը՝ սրանք փորձում են մեզ զրկել մեր հոգևոր կապիտալից, որպեսզի դառնանք հեշտ կառավարելի և զիջող։

Երբ հայրենիքը դադարում է լինել «մորմոք» ու «սրբություն» և դառնում է ընդամենը «քառակուսի կիլոմետր», ինչ-որ ճանապարհի հատված կամ TRIPP, կորցնում է իր մետաֆիզիկական պաշտպանությունը։

Հիշողության ջնջումը նպատակ ունի Արցախն ու մեր կորսված մնացյալ հայրենիքը, Ցեղասպանությունը հանել «անառիկ տիրույթից» և իջեցնել նյութական, սակարկելի մակարդակ։

Դարձնել սովորական «բյուջետային միավոր», որը կարելի է վաճառել, զիջել, մոռանալ կամ անտեսել։

Մենք հզոր ենք մեր հիշողությամբ, մեր նախնիների արյան կանչով։

Եթե մարդը հիշում է, թե ով է ինքը և որտեղից է գալիս, նա ունի տիրոջ զգացում։

Երբ ասում ենք՝ մեր հայրենիքի մի հատվածը տեղափոխվել է Արարիչ Աստծո տիրույթ, մենք խոսում ենք «Անեղծելի պատկերի» մասին։

Անարմատ թափառաշրջիկներ, հասկացա՞ք վերջապես՝ ինչու է հայի չմարող դիմադրությունն Արցախի ու Արևմտյան Հայաստանի վերջին և ամենաանառիկ ամրոցը։

Որովհետև Աստծո իշխանությունում և ոչ մի բանակ, Պրահա ու Բրյուսել, եռակողմ կամ քառակողմ համաձայնագիր անելիք չունեն։

Բարձրյալի տիրույթներն այն պահեստարանն են, որտեղից, ի ցավ ու ի դժբախտություն ձեզ, մի օր նյութականանալու է մեր հաղթանակը։

Աշխարհագրական տարածքը կարելի է բռնազավթել, բայց Գիտակցության Տիրույթն անհասանելի է։

Սա տեսություն չէ, այլ արյուն ու հիշողություն։

Շնչող պատկեր, որ հակադրվում է ձեր ու թշնամու սնամեջ էությանը։

Քանի դեռ կա հայը, որի ներսում աղոթում է Գանձասարի լույսը և արձագանքում հանձնված եկեղեցիների քարեղեն լռությունը, մեր սահմանները մնում են հոգևոր ու անեզր։

Բիբլիական Արարատը, Վանա լճի անհասանելի կապույտն ու տառեխձկան խաղը, Մշո դաշտի մորմոքն ու բրաբիոն ծաղկի հմայքը սոսկ պատկերներ չեն. դրանք հայի գոյության գենետիկ ծածկագրերն են՝ բյուրեղացած արյան հիշողության մեջ։

Ով իր ներսում կրում է այդ աշխարհը որպես սեփական էության անքակտելի մաս, նա արդեն իսկ վերադարձի ճանապարհին է, քանզի այդ հողը նախ և առաջ պատկանում է նրան, ով զգում է դրա շունչը սեփական կրծքի տակ։

Այդ ներքին հայրենիքը մեր վերջին և ամենաանառիկ ամրոցն է, որի դեմ անզոր է ցանկացած թշնամի։

Բարձրագույն Բանականության տեսանկյունից՝ իրականությունը սկսվում է մտքից։

Եթե միտքը չի հանձնվել, հայրենիքը կորսված չէ։

Արևմտյան Հայաստանը, Արցախը այսօր ոչ թե քարտեզ են, այլ արժեհամակարգ։

Նրանք մեր նախնիների հավաքական իմաստությունն են, նրանց ստեղծած մշակույթն ու հոգևոր հզորությունը։

Նման «գիտակցական հայրենիքը» թե ներքին «վարչաբենդերի», թե արտաքին թշնամու համար, առավել վտանգավոր է, քանի որ այդ Արարատը, Վանը, Մուշն ու Սասունը հնարավոր չէ ոչնչացնել զենքով։

ՈՒղերձ հավերժությանը

Ապագայի հայ մարդ, երբ հեռավոր մի լուսաբացի կթերթես գոյության այս «Մատյանը»,

իմացի՛ր, մենք այնտեղ ենք, որտեղ միտքը չի ընկրկել մահվան առաջ ու չի վաճառվել վախին։

Մենք այն ազգն ենք, որն իր արյամբ ու տառապանքով ապացուցեց՝ երկրային փոփոխվող քարտեզներից անդին գոյություն ունի Անձեռակերտ և Անկողոպտելի Հայրենիք։

Այն չի գծվում սահմաններով, այն կերտվում է ամենօրյա հոգևոր վաստակով և Ոգու աննահանջ թռիչքով։

Գոյության «Մատյանում» ազգերը չեն չափվում իրենց զբաղեցրած տարածքի քառակուսի կիլոմետրերով։

Այնտեղ չափվում է Տիեզերական Ներկայությունը։ Կարևորը ոչ թե քո ֆիզիկական տեղն է երկրի վրա, այլ այն, որ առանց քո տեսակի՝ Տիեզերքի աստվածային ներդաշնակությունը կլինի թերի ու անիմաստ։

«Գոյության մատյանի» ապագա ընթերցող,

հիշի՛ր ու փոխանցիր. ազգերը, որոնք ծնում են լեզու, մշակույթ և հոգևոր բացարձակ արժեք, երբեք չեն դառնում պատմության լուսանցքի պատահական ծանոթագրություն։

Նրանք Արարչի ձեռագրի անջնջելի մելանն են ու Տիեզերքի «Հիմնական Տեքստը»։

Մեր «Եղիցի՛»-ն թող ցնցի ժամանակի անդունդները որպես հավերժական կանչ և դառնա ուխտ՝ երկրի ու երկնքի միջև։

Եղիցի՛ Լույս՝ մեր ինքնության խորաններում, որպեսզի այլևս ոչ մի վախ չկարողանա մթագնել մեր Ոգու տեսողությունը։

Եղիցի՛ Արյան Կանչ՝ մեր երակներում, որպեսզի այն դառնա ամենահզոր զենքն ու առաջնորդող ուժը՝ մերժելով ամեն տեսակ նահանջ ու օտարի ստվեր։

Եղիցի՛ Միտք՝ մեր պետականության հիմքերում, որպեսզի հայի ընթացքը լինի ոչ թե պատահականություն, այլ տիեզերական անհրաժեշտություն։

Եղիցի՛ Հայ Տեսակի հարատևում՝ որպես «Գոյության Մատյանի» անփոխարինելի, հաղթող և հավերժական բովանդակություն։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ