1926 թվականի ապրիլի 17-ին է ծնվել անվանի թատերագետ Վարսիկ Գրիգորյանը
Մշակույթի պատմության էջերում կան անուններ, որոնք դառնում են իրենց ժամանակի անբաժան մասը։ Հնարավոր չէ խոսել հայկական հեռուստատեսության և հեռուստաթատրոնի մասին ու չհիշել թատերագետ Վարսիկ Գրիգորյանին՝ մի պայծառ ու լուսավոր կերպարի, ով իր մեծ ավանդը թողեց մեր մշակութային կյանքում։
Նա կանգնած է եղել հայկական հեռուստատեսության ստեղծման ակունքներում՝ որպես գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրության երկարամյա ու վաստակաշատ խմբագիր։ Նրա մասնակցությամբ մեր մեծերին նվիրված յուրաքանչյուր հեռուստատեսային հաղորդում հարստացել է ինքնատիպ մեկնություններով ու հուշապատումներով, որոնք դարձել են արժեքավոր վավերագրեր։ Նա իր ժամանակի վկան էր, ով մեծ ջանասիրությամբ ու նվիրումով մեկիկ-մեկիկ հավաքում ու ամբողջացնում էր հայ թատրոնի, հեռուստաթատրոնի պատմությունն ու մեր մեծ վարպետների ստեղծած արժեքները, որպեսզի սերունդների համար ոչինչ ու ոչ ոք չմոռացվի...
Ես չեմ նկարագրի նրա կենսագրությունն ու անցած ճանապարհը, քանի որ դա գիտեն բոլորը, ովքեր քաջածանոթ են մեր մշակութային կյանքին։ Նրա միայն գրքերն ու աշխատությունները թվարկելն էլ բավական է՝ ցույց տալու համար, թե ինչպիսի բազմագիտակ թատերագետ է եղել Վարսիկ Գրիգորյանը։
Եվ այսպես, հիշենք նրա աշխատությունները.
• «Մարուսյա Թամրազյան» (Երևան, 1976),
• «Թաթուլ Դիլաքյան» (Երևան, 1978),
• «Զավեն Տատինցյան» (Երևան, 1981),
• «Հեռուստատեսային թատրոնի գործիչները» (Երևան, 1986),
• «Առաջին հայ դերասանուհիները» (Երևան, 1994),
• «Ֆարիդը» (համահեղինակ՝ Հ. Սրապյան, Երևան, 1997),
• «Փափազը, մեր Շեքսպիրը, մեր կռիվը» (Երևան, 2002),
• «Մետաքսյա. ալբոմ-ժողովածու» (Երևան, 2002),
• «Մամիկոն Մանուկյան» մենագրությունը (Երևան, 2007)...
Իսկ իր երկհատոր աշխատության մեջ նա ամբողջացրել է հեռուստաթատրոնի պատմությունը՝ անդրադառնալով 800-ից ավելի հեռուստատեսային ներկայացումների, որոնք ստեղծել են մեր մեծ վարպետները (որոնց մեծ մասը, ցավոք, չի պահպանվել ժամանակի տեխնիկական խնդիրների պատճառով)։ Վարսիկ Գրիգորյանի գրքերի միջոցով ենք ճանաչում, թե ինչպիսի գործեր են դրանք եղել՝ հիմնված հայ և համաշխարհային դրամատուրգիայի թե՛ դասական, թե՛ ժամանակակից գործերի վրա.
• «Հայկական հեռուստատեսային թատրոնի պատմություն» (առաջին գիրք, Երևան, 2004),
• «Հայկական հեռուստատեսային թատրոնի պատմություն» (երկրորդ գիրք, Երևան, 2007)...
Չի եղել մի բնագավառ, որի վարպետների աշխատանքն անտեսած լինի Վարսիկ Գրիգորյանը՝ բեմադրող ռեժիսորներից, բեմադրող նկարիչներից ու օպերատորներից մինչև տեխնիկական աշխատողներ։ Հենց սրանով է տարբերվում Վարսիկ Գրիգորյանի հայացքն ու մոտեցումը։
Նրա ուշագրավ աշխատություններից է նաև «Վիլյամ Սարոյանը հայ թատրոնում» մենագրությունը (Երևան, 2010), որը լույս է տեսել հայերեն, անգլերեն և ռուսերեն։
Վարսիկ Գրիգորյանի վերջին տարիներին գրած ստվարածավալ երկհատորյակը դարձավ մեզ համար ուղերձ, թե ինչպես պետք է սիրել ու պահպանել հայ թատրոնը։ Խորագիրը խորհրդանշական էր՝ «Թատրոնի սիրուց ու տագնապներից». հոդվածների և ակնարկների ժողովածու (Գիրք 1, Երևան, 2016, 660 էջ), (Գիրք 2, Երևան, 2018, 680 էջ)։ Եվ դեռ ավելի քան 1600 թատերագիտական հոդվածներ էլ մնացել են ժամանակի մամուլի էջերում...
Այսպես ապրեց ու արարեց Վարսիկ Գրիգորյանը, ում անունն ինձ ուղեկցում է դեռ դպրոցական տարիքից, երբ հանդիպում էի նրա հեղինակած «Թանկ, հիշարժան անուններ...» շարքին, որտեղ ինձ համար բացահայտում էի մեր ազգի մեծերին ու մեր մշակույթի գանձերը։ Ինձ համար թատերագետ Վարսիկ Գրիգորյանը ևս այդ թանկ անուններից է, ով եթերից ու մամուլի էջերից նոր սերնդի հոգում սերմանում էր մեր մշակութային արժեքները։
Վարսիկ Գրիգորյանն ապրեց հայ մշակույթին ու հայկական հեռուստատեսությանը նվիրված կյանք։ Ապրեց ու արարեց մեծանուն արտիստ Զարեհ Տեր-Կարապետյանի կողքին՝ կառուցելով սիրով ու մշակութային արժեքներով առլեցուն ընտանիք։ Արտիստ, ում կերտած դերերն ամբողջական հոդվածաշարերի հսկայական նյութ են։ Նրանց դուստրը՝ Հասմիկ Տեր-Կարապետյանը, մեր այսօրվա հրաշալի դերասանուհիներից է։
Վարսիկ Գրիգորյանը 2026 թվականի ապրիլի 17-ին կդառնար 100 տարեկան։ Շնորհավորում ենք անվանի թատերագետի մեկդարյա հոբելյանը։ Շնորհավորում ենք Ձեր մայրիկի 100-ամյակը, մեր սիրելի՛ արտիստուհի... Մենք միշտ հիշում ենք նրան, նրա կյանքն ու գործը և այն լուսավոր ժպիտն ու հայացքը, որով միշտ երևում էր հեռուստատեսային հաղորդումներում ու սերունդներիս առաջ բացում հայ թատրոնի պատմության դռները։
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ