Աշխարհը փոխվում է խելահեղ արագությամբ։ Երբեմն թվում է սա իրականություն չէ, այլ երազ է, չար երազ, և Երկիր մոլորակն ուր որ է դուրս է գալու իր ուղեծրից․․․ Չես հասցնում անգամ ամեն թեժ կետի հետ կապված իմանալ վերջին զարգացումների մասին թարմ լուրերը, երբ նորն է գալիս, հաստատվելով տարածողի կողմից որպես հավաստի և անաչառ։
Մարդկությունը կարծես հասել է 21-րդ դար, որ տարակուսած կանգնի «Լինել, թե չլինել» խրթին դիլեմայի առաջ և սպասի անբնական, վերերկրային մի հրաշքի․․․
Մինչդեռ բնությունն իր զարթոնքն է ապրում։
Կարծես կախարդական փայտիկը գիշերով պտտվե՜լ-պտտվել, պտղատու ծառերը հարսնաքողի տակ է զարդարել, ոչ պտղատուներին՝ զմրուխտե կանաչ ժանյակազարդ զգեստ հագցրել․․․
Վերադարձել են ծիծեռնակները, վերադարձել են արագիլները․․․
Մեղվի բզզոցն է հաճախ լռությունը խախտում․․․
Ամենուր նոր շունչ ես զգում, չնայած անպատմելի հին է այս ամենը։ Բնական է այս ամենը, և բնության օրենքներն անխախտելի են․․․
Իսկ մարդը․․․ Թեև Արարիչն այսքան առատաձեռն է եղել նրա նկատմամբ, բայց նա, գազանաբար հոշոտելով իր նմանին, զրկում է խաղաղ ապրելու, ստեղծելու, վայելելու իր իրավունքից․․․
Գուցե բնությունից հեռանալու պատճառո՞վ է մարդն այսպիսին դարձել, ի՞նչ իմանամ․․․
***
Քաղաքաբնակ կյանքից հոգնեցի.
Ծաղկամաններիս ծաղիկը քիչ էր:
Գարնան գալու հետ միտքս փոխեցի,
Փարթամ սիզախոտն այնպե՜ս թովիչ էր:
Մի օր ասացի՝ վեր կենամ, գնամ,
Տեսնեմ ովքե՞ր են դրախտում ապրում,
Վայելք ասածը տեսնեմ այդ ո՞րն է,
Որ ամեն մարդու դուռը չի թակում:
Ընկնեմ սար ու ձոր, չափեմ դաշտերը,
Լսեմ նվագը քամու շնկշնկան,
Երգեմ մանկության անուշ երգերը՝
Թփերի տակից լորերը դուրս գան:
Գնամ ու տեսնեմ՝ ինչպես կաքավը
Թռչում է, լքում է՜ն կանաչ սարը,
Ինչպես են առանց փայտե կերաման
Հավքերը բերում ձագերի փայը:
Զգամ՝ ինչպես է ծաղիկը բուրում
Բնության կերտած թփերի վրա,
Տեսնեմ՝ ինչպես է մասուրը ծաղկում,
Երբ ձմեռել էր պտուղը վրան:
Գնամ ու հասնեմ Աստծո ստեղծած
Ամեն զեռունի խորին խորհուրդին,
Հասկանամ՝ ինչու՞ միշտ մեկը հաղթում,
Իսկ մյուսը զոհ է ու կեր՝ հաղթողին...
Գնացի... հասա... Եվ շա՜տ բան տեսա,
Եվ դեռ տեսնելու այնքա՜ն բան մնաց...
Դրախտը թողած՝ հին վտարվածիս
Գործերն են կանչում կիսատ մնացած...
Անահիտ Սահակյան
2018 թ․