Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

IRI հարցումները ցույց են տալիս քաղաքական համակարգի իրական վիճակը

IRI հարցումները ցույց են տալիս քաղաքական համակարգի իրական վիճակը
06.03.2026 | 16:05

Մինչ քաղաքական դերակատարները քննարկում են IRI հարցումների վստահելիությունը, տեղավորում դրանք սեփական շահերի ծիրում կամ սեփական վարկանիշային ռիսկերում և շեփորահարում Փաշինյանի ցածր թվերը, հարկ է նշել մեկ կարևորագույն հանգամանք, մենք այժմ կանգնած ենք մեկ այլ՝ ավելի էական և վտանգավոր չափանիշի առաջ։ Այս չափանիշը չի չափվում մեկ գործչի ցուցանիշով, ոչ էլ նրա վարկանիշի բարձրությամբ կամ ցածրությամբ, այն ցույց է տալիս հասարակության իսկական քաղաքական ներգրավվածությունը:

Փաշինյանի իրական հաղթաթուղթը պասիվների և չկողմնորոշվածների մեծությունն է: Այո, Փաշինյանի վստահության ցուցանիշը ցածր է, նույնիսկ չեմ նշում որքան, որովհետև այս իրողությունների պարագայում լինի 8-18-28%, այլևս դա չէ էականը, դա միայն պասիվության և չկողմնորոշված զանգվածի շնորհիվ ստեղծված վարչական և կազմակերպված գերակայություն է՝ վարչական ռեսուրսի, անշեղ պասիվ զանգվածի հաշվին, և չկողմնորոշվածները ապահովում են նրա գերակայությունը ընտրական դաշտում՝ անկախ իրական վստահության չափից: Այս թիվը ցույց է տալիս, որ նույնիսկ «ցածր վարկանիշը» կարող է ծառայել որպես դաշտը վերահսկելու գործիք և ոչ թե իրական հանրային լեգիտիմություն:

Կրկին՝ Փաշինյանի իրական հաղթաթուղթը պասիվության վրա հիմնված գերակայությունն է, որն ապացուցվում է նաև թվերով, իսկ նա ընտրողների ապաքաղաքական, պասիվ, չմտածող և վերլուծող, սև ու սպիտակի, բաժանման ռեժիմի մեջ մնալու համար անում է ամեն բան, ինչը բերում է նրան, որ

• Չկա վստահություն որևէ քաղաքական գործչի նկատմամբ՝ 48 %

• Չի կողմնորոշվել, չի ցանկանում մասնակցել կամ ապաքաղաքական է ՝ 40 %:

Ընդդիմության աշխատանքի իրական չափանիշը դա չկողմնորոշված զանգվածի չափն է: Եթե ուզում ենք գնահատել ընդդիմության իրական աշխատանքը, պետք է դիտարկել ոչ թե որևէ գործչի վարկանիշը, այլ չկողմնորոշվածների և պասիվների ցուցանիշը։

Ահա էստեղ սկսվում է այս հարցումների ամենավտանգավոր մեսիջը: 2025-ին և 2026-ին IRI տվյալների համեմատությունը այս առումով ցույց է տալիս, իմ կարծիքով, քաղաքական առումով ամենաէականը:

•2025 IRI հարցում. չկողմնորոշված/ապաքաղաքական՝ 42 %

•2026 IRI հարցում. չկողմնորոշված/ապաքաղաքական՝ 48 %

Չկողմնորոշված և ապաքաղաքական հանրային շերտերը 6 % աճել են, այն էլ՝ ընտրական տարում: Մինչդեռ, միայն ընտրական տարվա ուժով պետք է կրճատված լիներ: Սա հստակ վկայում է, որ ընդդիմությունը չի կարողացել և արդյունավետ չի իրականացնում պասիվ, չկողմնորոշված և ապաքաղաքական հանրային շերտերի ներգրավումը, իսկ իշխանությունն ամեն բան անում է դա թույլ չտալու համար:

Ընդդիմության իսկական արդյունավետությունը չի հաշվարկվում մեկ գործչի վարկանիշով, այլ հաշվարկվում է չկողմնորոշված զանգվածի թվով, և մինչև այն պահը, երբ այս զանգվածը մոբիլիզացված չլինի, ցանկացած այլ ցուցանիշ ընդամենը պերֆորմանս է հանրային աչքի համար: Նույն առումով Փաշինյանի ցածր ցուցանիշի թմբկահարման վրա կենտրոնանալը որևէ տեղ չտանող խաբուսիկ ճանապարհ է: Նա շատ ավելի ամուր համակարգ ունի և կառավարելիություն իր ցուցանիշը գեներացնողների վրա, քան ընդդիմությունը՝ իր ռեսուրսի կառավարելիության վրա: Պարզ ասած, IRI հարցումները ցույց են տալիս ոչ թե հեղափոխական կամ ցանկալի թվեր կամ այս կամ այն գործչի ռեյտինգ, այլ քաղաքական համակարգի իրական վիճակը, որտեղ ընդդիմության ճակատագիրն ուղիղ կախված է չկողմնորոշվածների և պասիվների գծային մոբիլիզացիայից, իսկ իշխանության ճակատագիրը՝ դա թույլ չտալուց:

Ով է այս աշխատանքում հաջողելու՝ այ սա է կարևորը և ոչ երբեք այս կամ այն գործչի ռեյտինգը: Մի հաշվեք, թե քանի օր մնաց մինչև հաղթանակ, այլ հաշվեք, թե քանի օր մնաց ապաքաղաքականների, պասիվների, չքվեարկողների հետ աշխատելու համար և այդ բարձր ցուցանիշը փոքրացնելու համար: Այդ աշխատանքի համար մնացել է 93 օր:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ