Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Առանց տեսությունների իմացության հնարավոր չէ խորությամբ հասկանալ գլոբալ ու ռեգիոնալ քաղաքականութունը

Առանց տեսությունների իմացության հնարավոր չէ խորությամբ հասկանալ գլոբալ ու ռեգիոնալ քաղաքականութունը
10.03.2026 | 19:19

Ի տարբերություն շատ զարգացած, կայացած կամ զարգացող-կայացող պետությունների` Հայաստանում գերակա է տեսակետն առ այն, որ մեզ տեսություններ պետք չեն, մեզ տեսություններով առաջնորդվել պետք չի, իբր մենք իրատես իրականության հետ գործ ունենք։ «Մենք իզմերով չենք առաջնորդվում»,- ինչպես ժամանակին ասել ու հիմա էլ ասում են կառավարող վերնախավի ներկայացուցիչները։

Մինչդեռ, տեսություններն ու հայեցակարգերը հենց իրական կյանքի մասին գիտելիքի կուտակման մասին են։

Մինչդեռ, առանց տեսությունների իմացության, հնարավոր չէ ստերեոտիպերը խորապես հասկանալ, բացատրել բարդ աշխարհը, կանխատեսել գործընթացները, միջավայրը, գլոբալ ու ռեգիոնալ քաղաքականութունները։

Տեսությունները գիտակցաբար կամ անգիտակցորեն ազդում են որոշում կայացնողների մտածելակերպի վրա։

Ինտելեկտուալ, բանական, տրամաբանող մարդն, ըստ էության, homus theoreticus է։ Նա չի կարող հասկանալ իր միջավայրը, աշխարհը առանց գիտելիքի կուտակման, կուտակած գիտելիքի հայեցակարգման ու տեսականացման, որն էլ իր հերթին կամ հուշում է հասկանալ իրական կյանքի և այլոց քայլերը, կամ վերլուծել իրական կյանքի հնարավոր դինամիկան ու տենդենցները։

Մարդկանց պետք են կոնցեպտներ ու տեսություններ աշխարհում ու կյանքում նավիգացիայի համար, առավել ևս դրանք պետք են պետություն կառավարողներին ու որոշում կայացնողներին. Նրանց ինտելեկտուալ կարողություններից է կախված՝ որքանով են հասկանում կոնցեպտներ, տեսություններ և ինչպես են դրանք կիրառում իրական կյանքում` հասկանալու համար բարդ աշխարհն ու իրենց անելիքը։ Դրանով էլ որոշվում է պետության հաջողվածությունն ու անհաջող լինելը։

Միջազգային հարաբերությունների մշտապես զարգացող տեսություններն ու հայեցակարգերը վերլուծական գործիքներ ու գործիքակազմ չեն միայն, դրանք օգնում են ճիշտ հասկանալ աշխարհի քաղաքական կառուցվածքը, վարքագծային մոդելներն ու գործող կամ փոփոխվող խաղի կանոնները։

Որպես միջազգային հարաբուրությունների մասնագետ ու տեսաբան ընդգծեմ, որ պետության արտաքին քաղաքականությունը միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով արդյունավետ լինել չի կարող, եթե այդ քաղաքականության որոշում կայացնողները ոչինչ չգիտեն կամ գրեթե ոչինչ չգիտեն միջազգային հարաբերությունների տեսությունների ու տեսական/կոնցեպտուալ մոտեցումների մասին։

Բոլոր պետությունները` մի տեղ շատ, մեկ այլ տեղ ավելի քիչ, ենթարկվում են նույն համալիր-համակարգային ու կառուցվածքային կանոններին։ Դրանցից դուրս հնարավոր չէ ունենալ պետություն՝ որպես սոցիալական-֊ազգային ամենաբարձր կոնստրուկտ։

Տեսությունները ձևավորում են մտածելակերպ, մտածելակերպերը` քաղաքականություն, հաճախ՝ ստացված, հաճախ` վիճարկելի արդյունքներով։ Բայց դրանց մեջ են պետության հարատևման, հզորացման, ճիշտ պահին գործելու, խուսանավելու և մրցունակ լինելու բանաձևերն ու բանալիները։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 214

Մեկնաբանություններ