Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

Եկել եմ տուն ու տան մեջ տեղս չեմ գտնում. Դավթյանի շունը եկե՞լ էր

Եկել եմ տուն ու տան մեջ տեղս չեմ գտնում. Դավթյանի շունը եկե՞լ էր
23.02.2026 | 11:00

Շունը նստած էր։ Մոտեցանք, ոչ մի շարժում։

Նայեցի, անչափ տխուր էր։ Տխրությունն ինձ ծանոթ թվաց։ Նման էր Դավթյանի շանը։

Այս շան մասին է ինքը գրել, այս շան մասին եմ ես շատ անգամ կարդացել։

Այսքան նմանությո՞ւն: Այնքան էի տարվել հիշողություններով, որ չիմացա էլ, թե ոնց կարդացի Վահագն Դավթյանի այդ գործը հենց իր' շան համար...

Խունկ ծխեցինք, հետո ընկերուհիս շրջեց Պանթեոնում, շունը տեղից չէր շարժվում։ Իրար հետ լուռ խոսում էինք' ինչպես հին մտերիմներ։

Հին մտերիմների պես էլ, երբ տեսավ արդեն ուզում ենք գնալ, վերջապես վեր կացավ տեղից ու մեզ ճանապարհեց մինչև դարպասները։

Եկել եմ տուն ու տան մեջ տեղս չեմ գտնում. Դավթյանի շունը եկե՞լ էր...

Սիլվա ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Չեմ հիշում հիմա, թե անունն ի՞նչ էր...

Հայացքը տխուր, տխուր ու ջինջ էր:

Մորթը սևուկ էր ու չալ էր պոչը,

Աստղերի հետ էր նրա հաչոցը:

Նրա ոռնոցը լուսնի դեմքին էր,

Ու նրա տեղը մեր տան շեմքին էր:

Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է,

Եվ մշուշի մեջ ոռնում է շունը:

Նա մեր գնալու հոտը առել էր,

Ցավից կուչ եկել ու պառավել էր:

Տխուր էր այնպես ու սրտադող էր,

Ոռնում էր անվերջ, փորում էր հողը:

Եվ շան մասին էր իմ տատի հարցը.

-Ի՞նչ պիտի լինի խեղճ արարածը:

Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է,

Ու մշուշի մեջ ոռնում է շունը:

Մեր բեռը կապած ու ձին բարձած էր,

Մեր դռան առաջ արցունք ու լաց էր:

Շունը կլանչում, շեմքը թողնում էր,

Փաթաթվում տատիս, տխուր ոռնում էր:

Մերթ վազում դեպի մեր քարավանը,

Մերթ ետ էր դառնում, պառկում դռանը:

Հարցում էր անում, ասես, մեր շունը.

Թե թողնի՞ արդյոք այգին ու տունը։

Ծանոթ աստղերը, ծանոթ լուսինը,

Որ ամեն գիշեր մեր տան ուսին էր:

Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է,

Ու մշուշի մեջ ոռնում է շունը:

Տխուր զնգում է ձիու զանգակը,

Մեր ճամփան հեռու երկնքի տակ էր:

Ու քանի անգամ, ախ, քանի-քանի,

Նա եկավ հետքով մեր քարավանի:

Հևիհև էր նա, լեզուն հանած էր,

Խոնավ աչքերում խոնավ մի հարց էր:

Փաթաթվում էր ինձ, լիզում էր ձեռքս,

Կիսում էր հացս, կիսում էր վերքս:

Ոռնում, վայում էր նա գիշերն ամբողջ

Ու ետ սլանում իր եկած ճամփով:

Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է,

Ու մշուշի մեջ ոռնում է շունը:

Կլանչում է նա, վազում հևիհև

Մեր քարավանի ու մեր տան միջև...

Վահագն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2301

Մեկնաբանություններ