Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

«Պոլիշինելի գաղտնիքի» հակառակ կողմը. 3

«Պոլիշինելի գաղտնիքի» հակառակ կողմը. 3
28.01.2026 | 16:51

Սկիզբը՝ այստեղ

Բանակի տոն՝ «թվաբանության» և իրականության միջակայքում

2026 թվական, հունվարի 28։

Բարդ ու հակասական զգացումների օր։

Տոն, որը նախկինում հպարտության, ուժի և պետականության անսասանության խորհրդանիշ էր, այսօր դարձել է սովորական մի օր, երբ բոլոր մաղթանքները հնչում են կիսատ, իսկ հայացքները հառված են դեպի անորոշությունն ու կորուստները՝ հանձնված Արցախ, օկուպացված տարածքներ, Եռաբլուր։

Ցավոք, արդեն քանի՜ տարի է՝ Բանակի տոնն այլևս չի դառնում հայ զինվորի խրոխտ քայլքով ընթացող այնպիսի շքերթ, որ հպարտության արցունքներ էր քամում անգամ երկրի պաշտպանության նախարարի ու վարչապետի աչքերից։

Չեն հնչում նաև բարձրագոչ ելույթներ՝ հաղթանակի բերկրանքին փոխարինել է վերապրողի վիշտը։

Այս օրը նշելիս նախ և առաջ հիշում ենք այն տասնակ հազարներին, որ այդպես էլ չիրազեկված իրենց կյանքը զոհեցին հանուն մի ոչնչության, որը հետո պետք է բարձրաձայներ ԱԺ ամբիոնից․

«Ես կարող էի կանգնեցնել պատերազմը, սակայն ես դա չարեցի, որպեսզի ինձ չասեն դավաճան։ Արդյունքը կլիներ նույնը, ուղղակի, առանց զոհերի»։

Տողեր, որոնք բնութագրում են հայաստանյան այն իրականությունը, որտեղ քաղաքական նպատակահարմարությունը սպանել է պետական շահը։

Տողեր, որ ի ցույց են դնում՝ բանակն ու զինվորը օգտագործվել են որպես «վիճակագրական ապացույց»՝ քաղաքական վարկանիշը փրկելու համար։

Ես չեմ պղծի շուրթերս, սույնի հիշյալ հայտարարությունից հետո, անեծքներից ու հայհոյանքներից «կառուցված» մահացու «զինանոցը» չեմ հարստացնի ժողովրդական բանահյուսության հայտնի ժանրի նոր «նմուշներով»։

Միայն կավելացնեմ՝ ակամա բախվել ենք ժամանակակից Հայաստանի քաղաքական պատմության ամենացնցող և ողբերգական խոստովանություններից մեկին։

Հարաբերվել ենք մայրերի արցուքով ու ողբով խտացած, մանիպուլյատիվ ու բազմաշերտ «անկեղծության», որի ծալքերից յուրաքանչյուրը բացահայտում է պետական կառավարման և բարոյականության խորը ճգնաժամը։

Այս ողբերգության ամենասարսափելի շերտը, թերևս, հայտնի «ոտներներ ջարդողի» անձնական վարկանիշի գերակայությունն է մարդկային կյանքերի նկատմամբ։

Երկրի վարչապետ համարվողը ինքնախոստովանական ցուցմունք է տալիս՝ «դավաճան» չպիտակավորվելու վախն ավելի մեծ է եղել, քան հազարավոր երիտասարդների կյանքերը փրկելու ցանկությունը։

Սա քաղաքական էգոցենտրիզմի բարձրակետն է, երբ գորշ ու դժգույն մի Führer-իկի հեղինակությունը որպես հակակշիռ դրվում է ազգի գենոֆոնդի պահպանման նժարին։

«Արդյունքը կլիներ նույնը» բանաձևումը փորձ է արդարացնելու անգործությունը կամ սեփական սխալ որոշումները։

Նաև փորձ՝ համոզելու հանրությանն ու սգացող ծնողներին, թե իբր սկզբից ևեթ կանխորոշված էր ամեն ինչ, և զոհերը պարզապես «ձևական» կողմն էին։

Անհոգի այս առարկան ուզում է ապացուցել՝ իբր ինքը պայքարել է մինչև վերջ։

Չգիտակցելով (գուցե և լա՛վ էլ գիտակցելով)՝ իր անբարո թեզով մերժում է պետական գործչի գլխավոր առաքելությունը՝ ճակատագրական պահերին, պարտավոր ես ո՛չ միայն էն գլխից խայտառակ վարկանիշի, այլև սեփական անիմաստ կյանքի գնով փոխել իրադարձությունների ընթացքը հօգուտ հայրենիքի ու ժողովրդի։

Մինչդեռ մերօրյա Պոլիշինելը, իբր «շիտակություն» դրսևորելով, ճգնում է ստեղծել «անկեղծ խոստովանության» պատրանք, որպեսզի հանրության մեջ առաջացնի կարեկցանք, նաև սերմանի այն միտքը, թե «տեսեք, ես էլ եմ տանջվել ընտրություն կատարելիս»։

Իրականում, սակայն, կատարվածը նրա՝ որպես պետական գործչի, ձախողման և քաղաքական անհասության ինքնախոստովանությունն է։

Իսկ ի՞նչ պատկեր կունենանք ընդհանուր հայտարարում, երբ սրա քայլը դիտարկենք իրավական և բարոյական առումներով։

ա) Իրավական հարթություն

Եթե ղեկավարը գիտակցել է, կամ իրազեկվել, որ պատերազմը կարելի է կանգնեցնել նույն արդյունքով, բայց առանց զոհերի, և չի արել՝ վախենալով հանրային կարծիքից, ապա նրա քայլն ուղիղ հանցանք է ժողովրդի և պետականության դեմ։

բ) Բարոյական հարթություն

Սրա արածը դավաճանություն է հենց ա՛յն զինվորի նկատմամբ, ում այսօր՝ հունվարի 28-ի իր «ուղերձում», փորձում է «մոտիվացնել» բարձր աշխատավարձով։

Բայց ինչպե՞ս կարող է զինվորը վստահել մի հրամանատարի, այն էլ գերագույն, որը հանուն սեփական վարկանիշը փրկելու, դեռ կյանք չմտած մի ողջ սերնդի կարող է ուղղորդել թուրքի մսաղաց։

Այսօր հունվարի 28-ն է։

Այսօր տոն է։

Հայոց բանակի տոնը։

Այն բանակի, որի «տան» հիմքերն են խարխլել։

Մինչդեռ բանակը միայն զենքը կամ աշխատավարձը չէ։

Այն հասարակության վստահությունն է իր պաշտպանի նկատմամբ և պետության հստակ կամքը՝ տիրոջ իրավունքով պաշտպանելու հայրենիքի սահմանները։

Բայց երբ այդ կամքը փոխարինվում է «խաղաղության» անորոշ ու նվաստացուցիչ օրակարգերով, խեղաթյուրվում են բանակի տոնի խորհուրդն ու իմաստը։

Հունվարի 28-ին, արդեն քանի՜ տարի բախվում ենք բարոյական դեֆիցիտի։

Ինչու՞։

Տոնը ոգևորության աղբյուր պետք է լինի։

Բայց այսօր, փողկապավոր ոմն քեռու գզրոցից հանած, մանիպուլյատիվ մի «ուղերձ», ստիպում է կրկին խենթանալ, կրկին վերլուծել՝ ինչպե՞ս և ինչու՞ բանակը դարձավ քաղաքական ձախողումների «քավության նոխազ»։

Այն, ինչ մենք ունենք այսօր, խլված հպարտության զգացումն է։

Բանակի օրը պետք է լիներ մեր ուժի վերահաստատումը, բայց այն վերածվել է մի օրվա, երբ իրեն թիվ 1 համարողը նյարդեր սղոցող իր «ուղերձով» փորձում է «նյութականով» լրացնել հոգևոր և ռազմավարական այն դատարկությունը, որը գոյացել է 2020-ի սեպտեմբերի 27-ից։

Հունվարի 28-ի տոնը մեզ հետ պետք է լիներ՝ որպես վահան և որպես սյուն, բայց այն ավելի շատ նման է չսպիացող վերքի, որն արյունահոսում է տարին մեկ անգամ։

Արյունահոսում է ու հիշեցնում հայաթափված Արցախը, հայոց ապագայի սերնացաններին՝ 2000-ականների մի ամբողջ սերունդ, որ երկնքում են։

Արյունահոսում է ու մրմռում այն ամենի համար, ինչ կորցրել ենք ու ինչը դեռևս վտանգված է։

Իսկ «ուղերձը», հակառակ այն հղողի կամքի, ի ցույց է դնում այն խորը հակասությունը, որն առկա է պետական հռետորաբանության և ազգային-ինստիտուցիոնալ արժեքների միջև։

Երբ բանակի տոնին հղված ուղերձի հիմնական շեշտադրումը դառնում է տարրական դասարանի թվաբանությունը, այլ ոչ թե ռազմավարությունը կամ ոգին, ակամա հարցեր են ի հայտ գալիս առաջնահերթությունների մասին։

«ՈՒղերձը» նորից նյութի ու փողի մասին է։

«Մեր բանակում կան 700 հազար դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի բազմաթիվ զինծառայողներ։

Սպայական վարձատրությունները կարող են գերազանցել 1, 1․5, 2 միլիոն դրամը։ Սա կարեւոր սոցիալական

երաշխիք է զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ հանրության համար, որը կարող

է վստահություն ունենալ մեր զինծառայողների պրոֆեսիոնալ մակարդակի եւ այն շարունակաբար

բարձրացնելու մոտիվացիոն համակարգի գոյության առումով»։

Ի՜նչ ասել։

Թերևս այն, որ ցանկացած երկրի համար բանակը ոչ միայն աշխատատեղ է, այլև ինքնության ու անվտանգության երաշխավոր։

Երբ շեշտը դրվում է բացառապես բարձր աշխատավարձի վրա, բանակը հանրության գիտակցության մեջ ներկայացվում է որպես սովորական «ծառայություն մատուցող» կառույց։

Վտանգավոր մոտեցում է։

Ինչու՞։

Զինվորական ծառայությունը ենթադրում է անձնազոհություն, որը չես կարող գնել և ո՛չ մի աշխատավարձով։

Եթե հիմքը միայն փողն է, ապա ի՞նչն է «մոտիվացնելու» զինվորին կյանքը վտանգելիս, երբ իմաստազրկվում է նյութական շահը։

Ամեն ինչ փողին ու ստամոքսին հանգեցնելը, թերևս, տեխնիկական հնարք է՝ խճճել հանության ուշադրությունն ու շեղել ցավոտ հարցերից․

1․ ու՞ր են մեր սահմանները,

2․ եթե «խաղաղություն» է՝ ինչու՞ են դեռևս օկուպացված մեր տարածքները,

2․ կոնկրետ ի՞նչ սպառազինություն ունի քայքայված հայոց բանակը,

3․ ինչպիսի՞ն է բանակի մարտունակության իրական աստիճանը՝ հաշվի առնելով իրականացված ու սպասվելիք զիջումները և այլն, և այլն։

«ՈՒղերձում» նշված «մոտիվացիոն համակարգը» հիմնված է այն կանխավարկածի վրա, թե պրոֆեսիոնալիզմը միայն նյութականի՝ վճարի հետևանք է։

Ռազմական գործում, սակայն, պրոֆեսիոնալիզմը նախ և առաջ կարգապահություն է, կրթություն և հստակ գաղափարախոսություն։

Առանց հստակ հրամանատարության և հաղթանակի մտապատկերի, նույնիսկ ամենաբարձր վարձատրվող բանակը կարող է մնալ անարդյունավետ։

Իսկ տոնի խորհուրդը վերականգնելու համար անհրաժեշտ է հստակ տարբերակում դնել բանակի՝ որպես ազգային արժեքի, և ժամանակավոր քաղաքական «խաղիկների» միջև։

Շարունակելի

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ