Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Կյանքի հետ խաղացողներին մի հավատացեք, փորձեք պարզել նրանց ծածուկ նպատակները

Կյանքի հետ խաղացողներին մի հավատացեք,  փորձեք պարզել նրանց ծածուկ նպատակները
27.06.2026 | 14:23

Երեսառածությունը մի երևույթ է, որը հատուկ է բոլոր այն մարդկանց, ժողովուրդներին ու պետություններին, որոնք տևականորեն գտնվում են մյուսների նկատմամբ գերադասելի պայմաններում, մի վիճակ, որն աստիճանաբար նրանց թվում է բնական, հասկանալի ու անվիճելի։

Որևէ պետության ու ժողովրդի նման վիճակի կարող է բերել նրանց երկարատև դոմինանտ դիրքը ուրիշների նկատմամբ։

Նման բան կարող է տեղի ունենալ երեխաների ու նաև ոչ երեխաների, ինչպես նաև մեծահասակների հետ, որոնց ամեն ինչ կարելի է, քանի որ կյանքում ամեն ինչը սովորական դառնալու տենդենց ունի, եթե այն բավականին երկար է տևում։

Եվ այս առումով ամենազարմանալի բաներից մեկն այն է, որ երեսառածության երևույթը հատուկ է նաև այնպիսի մարդկանց ու մարդկային ավելի մեծ խմբերի, որոնք, հանգամանքների բերումով հայտնվելով շատ ավելի հզորների ուժային դաշտում, ձեռք են բերում հնարավորություններ, որոնք բազմապատիկ գերազանցում են այն հնարավորությունները, որ իրենք կարող էին ունենալ ինքնուրույն կյանքում։

Այս իմաստով շատ զարմանալի և անհասկանալի է մեր կրավորական վերաբերմունքը ռուսների ու նրանց պետականության նկատմամբ, որի ռազմաքաղաքական ու քաղաքակրթական դաշտում մենք ունեցել ենք և՛ մեր հնարավորություններից շատ ավելի բարձր կյանքի անվտանգություն, և՛ մեր հնարավորություններից բազմապատիկ վեր կյանքի որակ. մեր ինքնուրույն կյանքի երկու փորձերն էլ՝ դրա ապացույցը։

Այս վերջին տեսակի երեսառածությունն էլ իր մեջ շատ լուրջ գոյաբանական ռիսկեր է պարունակում, երբ, այլևայլ հանգամանքների բերումով, նմանները հայտնվում են կոտրած տաշտակի առաջ։

Պետք է ականջին օղ անել, որ միշտ կյանքն ու ապրելն ունեն առաջնային կարևորություն, իսկ կյանքի տեսակն ու որակը՝ կարևորության շատ ավելի ցածր մակարդակ։

Ով էլ որ ասում է, որ լավ է մեռնել կանգնած, քան թե ապրել ծնկաչոք, մի հավատացեք, կարիքի դեպքում նա հենց առաջինը կչոքի գոյաբանական վտանգի առաջ։

Ընդհանրապես, կյանքի հետ խաղացողներին մի հավատացեք և փորձեք պարզել նրանց ծածուկ նպատակները։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 263

Մեկնաբանություններ