Մարդկության վերջին 400-500 տարվա պատմությունը, որում դոմինանտ դիրք են ունեցել Եվրոպան և հետո էլ Արևմուտքը, մարդկանց ու ժողովուրդների վարքի ու գործունեության ներկայացման և դրանց քաղաքակրթական կշռի գնահատման նպատակներով ստեղծել է եվրոպակենտրոն և, հետո էլ, արևմտակենտրոն արժեքային ստանդարտների մի համակարգ, որը ներկայում կասկածի տակ է դրվում աշխարհում կատարվող ուժային ու արժեքային գլոբալ բնույթի տեղաշարժերի պատճառով:
Այս իմաստով շատ կարևոր է հասկանալ այդ կասկածի բուն արմատը և ներկա ուժային ու քաղաքակրթական սկզբունքային բնույթի տեղաշարժերի շարժիչ ուժերը, որոնք հատկապես զգացվեցին ԽՍՀՄ-ի փլուզումից և, որպես դրա հետևանք, միաբևեռ ու մաքուր ուժային աշխարհի ստեղծումից հետո:
Մի հանգամանք, որը որակական իմաստով մարդկության պատմության համար աննախադեպ էր և շարունակում է մնալ այդպիսին, և որն էլ դեռևս կունենա արմատական բնույթի հետևանքներ մարդկության ճակատագրի համար:
Թվում է, որ նման գլոբալ բնույթի պրոբլեմի արմատները իդենտիֆիկացնելու կամ նույնականացնելու և այդ երևույթն իր ամբողջության մեջ հասկանալու համար պետք է վերադառնալ արևմտյան քաղաքակրթություն կոչեցյալի և կապիտալիզմի արմատներին՝ կապված բողոքականության սկզբունքների հետ, աշխատանքի, շահույթի ու հարստության նկատմամբ մարդկանց վերաբերմունքի հետ և, վերջապես, փողի ու կապիտալի պաշտամունքի հետ, որպես ամեն ինչը չափելու ունիվերսալ միջոց:
Եվ հենց փող-կապիտալի կուտակումն ու դինամիկան, ինչպես նաև մարդկային հասարակության տեխնոլոգիական զարգացումը, որպես նման կուտակման առավել էֆեկտիվ միջոց, եղել են Արևմուտքի քաղաքակրթական զարգացման առանցքը:
Բայց սա եղել է բարդ ու տարբեր փուլերից կազմված պրոցես՝ հիմնված մնացած աշխարհի տարբեր բնույթի ռեսուրսներից օգտվելու չափի ու մոտեցումների հետ:
Սկզբնական շրջանում դա եղել է ուրիշների բնական ռեսուրսներից ու նրանց պարզունակ ոչ տեխնոլոգիական աշխատանքից օգտվելու փուլ և, այնուհետև, նման պարադիգմային փուլի հնարավորությունների աստիճանական սպառումից հետո էլ՝ արևմտյան տեխնոլոգիաների ու կրթության արտահանման ու ուրիշների բարձր տեխնոլոգիական աշխատանքից օտվելու շատ ավելի էֆեկտիվ փուլ:
Աշխարհում տիրող այսօրվա վիճակը հասկանալու և մարդկությանը դեպի ապագան տանող հնարավոր ճանապարհների անալիզի ու կանխատեսման համար անհրաժեշտ է խորապես վերլուծել կապիտալի կուտակման մոլուցքով պայմանավորված տեխնոլոգիաների արտահոսքի փուլը արևմուտքից դեպի մնացած աշխարհ, որն ուներ աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների շատ մեծ պոտենցիալ:
Աշխարհի ճակատագրի վրա ունեցած իր մեծ ազդեցությամբ հայտնի նման տեխնոլոգիական արտահոսքը Արևմուտքից պետք է համարել անցյալ դարի 30-ական թվերին հիմնականում ԱՄՆ-ի կողմից ԽՍՀՄ-ի ծանր արդյունաբերության ստեղծումը, որը սկզբունքային նշանակություն ունեցավ Գերմանիայի նկատմամբ հաղթանակի գործում և որն էլ մեծապես նպաստեց աշխարհի այսօրվա պատկերի ստեղծմանը:
Իր աշխարհաքաղաքական հսկայական կարևորություն ունեցող հաջորդ տեխնոլոգիական արտահոսքը Արևմուտքից դեպի արտաշխարհ պետք է համարել դրանց փոխանցումը Չինաստանին, մի պրոցես, որի արմատներն ունեին մաքուր աշխարհաքաղաքական բնույթ և տանում էին դեպի Նիքսոնի ու Քիսինջերի ժամանակները, երբ ԽՍՀՄ-ի դեմ պայքարում առավելության հասնելու համար ԱՄՆ-ը օգտագործում էր Չինաստանին:
Պրոցեսների նման ընթացքը և Գորբաչովի ձախլիկ ու անիմաստ քաղաքականության հետևանքով ԽՍՀՄ-ի կոլապսն էլ հնարավորություն տվեցին Չինաստանին ճիշտ կողմնորոշվել նոր ու բարդ իրավիճակում և, հրաժարվելով մասնավոր սեփականության նկատմանբ հին դոգմաներից, բայց նաև պահպանելով երկրի կոմունիստական բնույթի իշխանական կառուցվածքը, ապրել տնտեսական հզորագույն վերելք:
Իսկ, ինչպես հայտնի է, ցանկացած հզոր տնտեսություն ու դրանով պայմանավորված հարստություն ծնում են իրենց համապատասխան նոր ու ավելի հզոր քաղաքական կյանքի պահանջարկ, որի արդյունքն էլ այսօրվա Չինաստանն է:
Կապիտալի կուտակման մոլուցքով տառապող Արևմուտքը չհասկացավ կամ էլ հասկացավ, բայց չկարողացավ կանխել մնացած աշխարհի հզորացման պրոցեսը, որի հետևանքով էլ տեղի են ունենում ներկայի քաղաքակրթական գլոբալ բնույթի տրանսֆորմացիաները, և որտեղ խաղի մեջ են մտնում նաև ոչ արևմտյան արժեքային համակարգերը:
Պավել Բարսեղյան