Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Բրյուսելը հույս ունի հաղթել Ռուսաստանին մարտադաշտում, և հեգնել, թե այն, ինչ չի հաջողվել Նապոլեոնին ու Հիտլերին, կհաջողվի եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։«Դա սխալ, ոչ ճիշտ քաղաքական ռազմավարություն է՝ մարդկային զոհերի ահավոր քանակությամբ: Տնտեսական առումով կփլուզվի ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրամիության և այն երկրների տնտեսությունները, որոնք կմիանան նրանց»,- շեշտել է Օրբանը:               
 

«Եղջյուրների և սմբակների» պետական կանտորան, կամ ինչպես են 4 միլիարդանոց ստերով դպրոցներ փակում

«Եղջյուրների և սմբակների» պետական կանտորան, կամ ինչպես են 4 միլիարդանոց ստերով դպրոցներ փակում
22.02.2026 | 19:00

Ցանկացած կեղծիքի և աճպարարության նկատմամբ «ստեղծագործական» մոտեցում դրսևորող ՔՊ-ն, իր արբանյակներով հանդերձ, հունիսի 7-ին ընդառաջ, նոր ոգի ու շունչ է հաղորդել Բիսմարկի՝ աֆորիզմ դարձած հայտնի բանաձևմանը․ «Քաղաքականությունը հնարավորի արվեստն է»:

Երեսփոխանի մանդատ շահած պատահական տղաների ու աղջիկների բանավոր և գրավոր շարադրած «հզոր» փաստարկներն ակամա ստիպում են զարգացնել Գերմանիայի առաջին կանցլերի միտքը՝ «հնարավորի» բաղկացուցիչներից մեկն էլ՝ մեյնսթրիմը, որ «իրական» Հայաստանում վերջնականապես սերտաճել է պետական քաղաքականությանը, շողոքորթության բարձրագույն «пилотаж» է գրանցում։

Կարդում ես այս դատարկախոսների գրոց-մրոցներն ու երկմտում՝ ինչու՞ է սրանց ստապատումների թաքնագիրն այսքան թրքահոտ ու նավթահամ։

Զորօրինակ, Օտտո ֆոն Բիսմարկի «հնարավորի արվեստի» վերջին դրսևորումը՝ իշխանական պատգամավորներից մեկի 10 կետանոց «թեզիսը»։

Ո՛վ է նա։

Շեֆին երկրի թիվ մեկ ամբիոնից պարբերաբար ներբողներ ձոնողը։

Նա, որը ժամանակին հայոց բանակի հզորությունը փորձում էր չափել իր «տրուսիկ» չունենալով, այսօր «կոստյում-փողկապին» զուգակցել է «խաղաղության» հրեշտակի մահաբեր թիկնոցն ու թվեր է շպրտում հանրության դեմքին։

Վարչակույտին նվիրված ձոներգն այս անգամ խաղաղության, հաղթանակի, ինքնիշխանության, սպասվող լուսապայծառ ապագայի մասին է։

Կարդում ես սրա «10 կետերն» ու երկմտում՝ ի՜նչ երախտամոռ ժողովուրդ ենք։

Ապրում ենք աշխարհի ամենաապահով ու հարուստ երկրում, բայց վաղորդայնի հետ հայացք ենք գցում սահմանին ու հաջորդ իսկ ակնթարթին կռահում՝ հրամցված «վարդագույն» վիճակագրությունը դասական մանիպուլյացիա է, որտեղ ոչ միայն փոխկապակցված չեն պատճառն ու հետևանքը, այլև բացակայում է ամենակարևորը՝ իրականությունը։

«20 ամիս զոհ չունենք»։

Ինչպիսի՜ ցինիզմ։

Նախ փաստեմ՝ զոհ չունենալը ոչ թե ուժեղ բանակի կամ գրագետ մարտավարության արդյունք է, այլ միակողմանի զիջումների և Ադրբեջանի՝ իր բոլոր ռազմավարական նպատակներին արդեն հասած լինելու հետևանք։

Այնպես որ, սահմանային «լռությունը» մի՛ փորձեք վաճառել որպես դիվանագիտական նվաճում։

ՈՒ՞մ պարզ չէ՝ «20 ամիս զոհ չունենենալն» Ալիևի հրահանգով տրված «լռության ժամանակահատված» է՝ մինչև հունիսի 7-ի ընտրությունները։

Նպատակն իրենց շահերի սպասարկուի վերարտադրությունն է։

«Օրենսդիրը» «զոհ» հասկացությունը միտումնավոր նենգափոխում է, եզերելով միայն սահմանային միջադեպերով՝ աչք փակելով երկրի ներսում տիրող քաոսի վրա։

Խոսել զոհերի բացակայության մասին, երբ Հայաստանի փողոցները, անգամ եկեղեցու աղոթասրահը, վերածվել են քրեական հաշվեհարդարների թատերաբեմի, անբարո է։

Ձեզ համար ավտոմատներով ու դանակներով իրար կոտորող երիտասարդները զոհեր չե՞ն։

Ներքին անվտանգության այս կոլապսը ձեր «խաղաղության» հակառակ կողմն է, որտեղ պետականությունը նահանջել է, իսկ փողոցը՝ սանձարձակվել։

Եթե Արցախի ամբողջական հայաթափումը, 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունն ու մեր հայրենակիցների կորուստը համարում եք վիճակագրական սխալ, ապա ձեր թվաբանությունն անբասիր է։

Դուք «խաղաղություն» եք անվանում այն վիճակը, երբ թշնամին նստած է Հայաստանի սուվերեն տարածքներում՝ Սև լիճ, Վարդենիս, Ջերմուկի մատույցներ, իսկ մենք «ցնծում» ենք՝ այսօր դեռ չեն կրակել։

Դուք ոչ թե խաղաղություն եք բերել, այլ սողացող կապիտուլյացիա։

Տարբեր տարիների Հայաստան են այցելել բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Օրինակ, Ջոն Քերրին, Հիլարի Քլինթոնը՝ որպես պետքարտուղարներ, Նենսի Փելոսին, Բոլթոնը։

Շեշտը դնել հենց «փոխնախագահ» տիտղոսի վրա և դա ներկայացնել որպես դարակազմիկ իրադարձություն, այն դեպքում, երբ երկիրը կորցրել է Արցախը և ունի անվտանգային լուրջ ճեղքեր, նման է այն իրավիճակին, երբ տունը հրդեհվում է, բայց տանտերը հպարտանում է՝ իրեն այցելել է թաղապետի տեղակալը։

Նաև ասեմ՝ իմանաք՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը տարածաշրջան՝ Թբիլիսի, Երևան, Բաքու, սովորաբար ունենում են հավասարակշռող բնույթ։

Հաճախ դրանք պայմանավորված են Վաշինգտոնի աշխարհաքաղաքական շահերով և ոչ թե տվյալ երկրի ներքին ժողովրդավարության նկատմամբ հիացմունքով։

Ի դեպ, փոխնախագահ Վենսը Երևանից ուղիղ մեկնեց Բաքու՝ հերթական էներգետիկ գործարքը քննարկելու։

Որքան էլ նրա հետ լուսանկարվելու ձեր տաղանդն անգերազանց է, այնուամենայնիվ, կբարեհաճե՞ք հստակեցնել՝ ի՞նչ տվեց այդ այցը Հայաստանին։

Արդյոք կասեցվե՞ց ադրբեջանական ագրեսիան։

Ստացա՞նք անվտանգային երաշխիքներ։

Թե՞ պարզապես «արարողակարգային» լուսանկարվելու առիթ էր ձեր խմբիշխանության համար։

Հպարտանում եք «գրեթե օրական ռեժիմով» բացվող դպրոցներո՞վ։

Իսկ ինչո՞ւ եք լռում այն մասին, որ հենց ձեր «շնորհիվ» այս տարվա սեպտեմբերից փակվելու է 231 դպրոց, ընդ որում՝ հիմնականում սահմանամերձ բնակավայրերում։ Մի ձեռքով ժապավեն կտրելն ու մյուսով հարյուրավոր կրթօջախներ քանդելը ոչ թե բարեփոխում է, այլ սահմանային գյուղերի դատարկման ու հայաթափման պետական ծրագիր։ Գյուղում դպրոց փակելը նույնն է, ինչ գյուղի մահախոսականը գրելը։

Անդրադառնանք տնտեսական «հրաշքին», օդային միլիարդներին և արձանագրենք՝ «վերջին 5 տարում միջին տնտեսական աճը՝ 7.9 տոկոս», ոչ թե ձեր կառավարության տաղանդն է, այլ պատերազմի պատճառով Ռուսաստանից փախած ու Հայաստան լցված ռուսական կապիտալի հետևանք։

Դուք պարզապես «հաջողակ անցորդ» եք համաշխարհային ճգնաժամի ֆոնին, որ փորձում է ուրիշի բերած փողերը վերագրել իրեն։

4 միլիարդ դոլարը Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասն է։ Այդպիսի ծավալի ներդրման մասին լուրը պետք է որ լիներ համաշխարհային տնտեսական լրահոսի կենտրոնում։ Բա՞յց․․․

Նման հայտարարությունները հաճախ մնում են որպես «հուշագրեր» կամ նախնական քննարկումներ, որոնք իրականություն չեն դառնում, բայց օգտագործվում են որպես քաղաքական PR։

Թարմացնեմ ձեր հիշողությունը։

2022 թ. մայիսի 26:

Ձեզ ինչ-որ բան հուշու՞մ է նշված ժամանակահատվածը։

Իհարկե ո՛չ։

Այդ օրը, ըստ ՀՀ գլխավոր մանիպուլյտորի` «Հայաստանը թևակոխել էր տիեզերքի դարաշրջան: Երկիր մոլորակի ուղեծիր էր դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը»:

ՈՒ այդ նպատակով որքա՞ն էր մսխվել պետբյուջեից․ ուղիղ երեք միլիարդ 200 միլիոն դրամ։

Չորս տարի է անցել։ Ի՞նչ առաջընթաց։

Զրոյական։

Օստապ Բենդերի մերօրյա շառավիղների հիմնած «Եղջյուրների ու սմբակների» «контора»-ն ո՞նց կարող է հաջողություն գրանցել, այն էլ տիեզերքում։

Այնպես որ, ձեր 4 միլիարդանոց ԱԲ «գործարանը» նույն «եղջյուրների ու սմբակների» գրասենյակի «արտադրանք» է և այն նույն ոճի մեջ, ինչ «կատարական ներդրումներն» էին, հեռուստացույցի կամ ավտոարտադրության գործարանները և, իհարկե, ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԵ-ի ամենատես աչքից թաքուն կառուցած ձեր ատոմակայանները։

Այս ամենից հետո, երբ «օրենսդիրը» լուրջ դեմքով ու կոստյում-փողկապով փորձում է մեզ համոզել, թե ապրում ենք «ոսկեդարում», հարց է առաջանում՝ սա պարզապես անգիտությու՞ն է, թե՞ սեփական ժողովրդի բանականության բացահայտ արհամարհանք։

Իրականությունը սոցցանցային գրառումներով, Reels-երով ու աճպարարական թվերով չի փոխվում։

Այն երևում է դատարկվող գյուղերում, կողպված դպրոցների դռներին, ներքին քաոսի մեջ կորած փողոցներում և թշնամուց «խաղաղություն» մուրացող ձեր գետնաքարշ վիճակում։

Դուք կառուցում եք տներ սահմանին, բայց չեք կարողանում երաշխավորել, որ այդ տների բնակիչները վաղը չեն դառնալու փախստական ձեր «խաղաղության դարաշրջանի» հերթական փուլում։

Իսկական «կրկեսը» հենց ձեր գոյությունն է պետական կառավարման համակարգում, որտեղ կորցրած հայրենիքը փորձում եք փոխարինել ասֆալտի ու գրանցված աշխատատեղերի կեղծ վիճակագրությամբ։

Ողբամ ձեզ, որ այդպես էլ չհասկացաք՝ հայրենիքը սիրում են, այլ ոչ թե օգտագործում որպես PR հարթակ։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ