Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Ադրբեջանի ինքնամերկացնող քայլը․ Դադիվանքի խաչքարերն ու Ինտերպոլին դիմելու նախաձեռնությունը

Ադրբեջանի ինքնամերկացնող քայլը․ Դադիվանքի խաչքարերն ու Ինտերպոլին դիմելու նախաձեռնությունը
23.09.2026 | 09:06

Դադիվանքի նշանավոր խաչքարերի իբր կորստի առնչությամբ Ինտերպոլին դիմելու ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությունը գերհրաշալի առիթ է Արցախի հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ հենց իրենց գործած ոճրագործությունները համալիր բացահայտելու և լրջագույն իրավական հետևանքներ առաջադրելու տեսանկյունից։
Հասկանալի է, որ, ըստ էության, ծայրահեղ տգետ ու ընդհանուր առմամբ ինքնամերկացման հասցնող քայլ կատարելիս այդ երկրի իշխանություններն ուղղակի օգտվում են կատարյալ անարձագանք իրավիճակից, բայց այսպիսի նախաձեռնության դեպքում անգամ դա գործնականում հաջողություն չի երաշխավորելու։
Այո՛, նշանավոր խաչքարերը տեղափոխվել են, և դա արվել է վանդալիզմից փրկելու համար։ Իսկ որ այդպիսի մտահոգությունն ավելի քան իրատեսական է եղել, հարկ կլինի առնվազն համալիր ու սպառիչ քննություն իրականացնել Արցախի մյուս սրբավայրերում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերի առթիվ, իսկ այդպիսի իրավաչափ պահանջից խուսափելն անչափ դժվար է լինելու։ Դեռ չանդրադառնանք մյուս դետալներին։
Տարիներ առաջ մի այսպիսի կարճատես քայլ էր նախաձեռնել նաև Կիպրոսը զավթած ապօրինի ռեժիմը։ Այդ շրջանում խորհրդարանի նախագահն իմ լավ բարեկամ, հայազգի Մարիոս Գարոյանն էր։ Չբացեմ փակագծերը․ շատ արագ հասկացան իրենց սխալը և արագ հետ քաշվեցին։

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ․Գ․
Մարդկային բանականությանը խորթ պահվածք է․ բարբարոսաբար ոչնչացնում կամ յուրացնում ես և դեռ զոհին ես մեղադրում պաշտպանվելու թույլ փորձերի համար։
Դիտվել է՝ 80

Մեկնաբանություններ