ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կայենի այլասերված արյունը

Կայենի այլասերված արյունը
25.07.2026 | 12:44

Արև՛ը թող կուրանա, երկրակեղևը թող պատռվի ու անդնդախոր խորասուզի այս սողունակերպ, գետնաքարշ սրիկաներին։

Մայրասպա՞ն… Այն էլ գրտնակո՞վ՝ այն հացարար ու սրբագործ կենսագործիքո՞վ, որով մայրը տարիներ շարունակ լավաշ է թխել, որ կշտացնի իր իսկ արգանդի դավաճանածիններին։ Ո՜վ դուք՝ քսան և քսանհինգ տարեկան կատաղած գազաններ, դուք որդի չեք, դուք հայ չեք, դուք մարդ չեք։ Դուք Կայենի այլասերված արյունախումն եք, որ պղծեցիք տիեզերքի ամենասուրբ տաճարը՝ Մոր սիրտը։

Շիրազն իր ողջ տիեզերահունչ կյանքում Մոր սրտով է աշխարհի մեծությունը չափել, իսկ դուք՝ անաստվածնե՛ր, այդ սիրտը չափեցիք ձեր կույր ու կատաղի հարվածներով։ Այդ ի՞նչ մտագարություն ու հոգեխավարում էր, որ ձեր տան նվիրական սրբարանը վերածեցիք արյունոտ սպանդանոցի։ Այն գրտնակը, որով ձեր մայրը հաց էր արարում, արցունքն ու քրտինքն էր շաղախում այդ խմորին, որ դուք հասակ առնեք ու դառնաք նրա մայրամուտի հենարանը, դուք դարձրիք մահագործիք՝ կտրելով ձեր իսկ կենսաթելն ու արմատը։

Կայենը եղբոր արյունը հեղեց ու դարձավ դարերի անեծք, իսկ դուք անցաք կայենականության սահմանը՝ հարվածեցիք ձեր իսկ ակնաղբյուրին, դարձաք նրա դահիճները։

Իմ հոգին արյունածոր է լացում։ Ես տեսնում եմ, թե ինչպես է այդ խեղճ մայրը, անգամ գետնատարած, անգամ ձեր անօրեն հարվածների տարափի տակ, վերջին հառաչանքով Աստծուն աղերսել, որ ձեզ ների՛, որ ձեր ձեռքերը չչորանան։ Որովհետև մայրն այդպիսին է՝ նա ներում է անգամ իր իսկ դահճին։

Բայց ես չե՛մ ներում, երկինքը չի՛ ներում, հայոց արյունամած հողը չի՛ ներում ձեզ։

Ձեր ձեռքերից մոր սուրբ արյունը երբեք չի ցամաքի։ Դուք դատապարտված եք հավերժ ապրելու սեփական մոր կաթի անեծքի տակ։ Աշխարհում ոչ մի սուրբ գերեզման ձեզ չի ընդունի։ Դուք ոչ թե ձեր մորը սպանեցիք, այլ ձեր սեփական արմատը, ձեր վաղվա արշալույսն ու ձեր ներսի մարդուն։

Հիմա դուք կապրեք, բայց դա կյանք չի լինի, այլ՝ դանդաղ, մաշող հոգեվարք։

ՈՒր էլ փախչեք, ինչքան էլ լռեք, ձեր ականջներում միշտ շառաչելու է այդ փայտի խուլ հարվածը, իսկ խցի մենավոր խավարում ձեզ խեղդելու է նրա վերջին՝ հուսահատահայաց ու ներողամիտ աչքերի հարցը.

«Որդի՛ս, դո՞ւ...»։

Շուշաննա Հայասա

Դիտվել է՝ 136

Մեկնաբանություններ