Արևմտյան դիվանագիտությունը, որպես քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործիք, ամբողջովին վարկաբեկել է իրեն. դրա խոսուն օրինակն են Մինսկի համաձայնագրերը՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նեոնացիստական ՈՒկրաինայի ղեկավարներն ու նրանց արևմտյան հովանավորները բաց տեքստով խոստովանեցին՝ դա հնարք էր՝ ժամանակ շահելու և Կիևը զենքով հագեցնելու համար։ Իսկ ովքե՞ր էին այդ համաձայնագրերի երաշխավորները՝ Գերմանիան և Ֆրանսիան»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Անցյալի ստվերները՝ ներկայի շեմին. 2

Անցյալի ստվերները՝ ներկայի շեմին. 2
08.08.2026 | 15:08

Սկիզբը՝ այստեղ

(կամ՝ Շահխաթունուց մինչև վարչաբենդ)

1930-ականների դահճային մեթոդներն ու ներկայի «ինքնիշխանություն» կոչվող բարոյական անկումը նույն ակունքն ունեն՝ երկուսին էլ ծնել-սնել է ազգային տեսակը, հիշողությունն ու արժանապատվությունը ոչնչացնելու հորդահոս նույն «աղբյուրը»։

Անցյալի բոլշևիկյան ու ներկայի նեոբոլշևիկյան մղձավանջը միայն ֆիզիկական տեռոր չէր ու չէ՛, այլ հայության ազգային ողնաշարը կոտրելու, Սփյուռքի հետ կապերը խզելու, մեր ժողովրդին «ղարաբաղցիների» ու «թուրքահայերի» բաժանելով պառակտելու և սրբությունները պղծելու լավ հաշվարկված քաղաքականություն։

Աղասի Խանջյանի ողբերգությունը միայն մեկ քաղաքական գործչի սպանություն չէր, այլ դավադրություն նաիրյան ոգու, մտավորականության և տեսակի դեմ։ Պատահական չէր, որ հենց Խանջյանի թաղման արարողությունների օրերին՝ սպանության թեժ հետքերով, Եղիշե Չարենցը գրեց իր «Դոֆին նաիրական» ողբերգական շարքը՝ ճչացող մարգարեությամբ ողբալով ոչ միայն ընկերոջ կորուստը, այլև ողջ ազգի գլխին կախված դահճային սպառնալիքը (Չարենցի սոնետներին առավել մանրամասն կանդրադառնամ 3-րդ մասում)։

Այդ դավադրությունը չավարտվեց Թիֆլիսում հնչած կրակոցով։ Սպանությունից հետո սկսվեց մեկ այլ՝ ավելի դաժան «ոդիսական»․ հալածանքներ ընտանիքի դեմ, շինծու մեղադրանքներ, աքսորներ և անգամ մահից հետո հանգիստ չգտնող աճյուն, որին երեք անգամ տեղափոխեցին դագաղից դագաղ ու գերեզմանից գերեզման՝ վախենալով անգամ նրա լուռ ներկայությունից։

Տիկին Լարիսա Ժուրուլիի հետ իմ զրույցի այս երկրորդ հատվածում բացահայտվում են Խանջյանների ընտանիքի կրած տառապանքի, Ռոզա Վինզբերգի անմնացորդ սիրո, ինչպես նաև Բերիայի ու Ստալինի հիվանդագին ատելության վավերագրական մանրամասները։

Սա միայն անցյալի հուշագրություն չէ։ Սա հայելին է այսօրվա, որտեղ «թուրքահայ» կամ «ղարաբաղցի» պիտակավորումներն ու պետական մակարդակով իրականացվող վարկաբեկումները նույնքան ծանոթ ու սարսռեցնող ձեռագիր ունեն։

«Եվ ինչու՞ կյանքը զոհաբերեց կարմիր ոչնչությանը՝ բոլշևիզմին»

«ԻՆՉ ԿԱՊՎԱԾ Է ԱՂԱՍՈՒ ՀԵՏ, ԱՆՄԱՐ Է ԻՄ ՀՈԳՈՒՄ»

Հալածանքներից ու տառապանքներից անմասն չմնաց և Խանջյանի այրին՝ Ռոզա Վինզբերգը (ապրեց մինչև 1984 թ․)։

Ամուսնու սպանությունից հետո նա տեղափոխվեց Լենինգրադ։ Իսկ երբ Խանջյանին հայտարարեցին «ժողովրդի թշնամի», որոշ փաստեր ճշգրտելու պատրվակով Ռոզային կանչեցին Երևան և ժամանման հաջորդ իսկ գիշերը (1938-ի սկզբներին) ձերբակալեցին։

Տասը տարի նա անցկացրեց «մսաղացում»՝ բանտերում, աքսորում, բայց արիասիրտ ու տոկուն կին էր, դիմացավ։ Աքսորից հետո նրան թույլ չտվեցին բնակվել ո՛չ Երևանում, ո՛չ էլ Լենինգրադում։ Հաստատվեց Վոլխովում։ Իսկ արդարացումից (վերականգնումից) հետո տեղափոխվեց Լենինգրադ, ուր նրան մի փոքրիկ բնակարան հատկացրին։

Ռոզա Վինզբերգն ամուսնուն նվիրված կին էր, չափազանց հոգատար, ուշադիր։ Շրջապատին զարմացնում էր Ռոզայի մեծ սերը․ ամեն օր ընդմիջման ժամին հեռաձայնում էր Աղասուն և խնդրում, որ ընդհատի գործերն ու մի կտոր բան ուտի։

Խանջյանը չէր սիրում կոստյում հագնել, կրում էր շեղօձիք վերնաշապիկներ («косоворотка»), որոնք ասեղնագործված էին կնոջ ձեռքով։ Այդ նրբաճաշակ նախշերի մեջ Ռոզան կարծես հոգին էր դնում, իր ողջ սերը։

Եվ ոչ ոք չզարմացավ, որ Աղասուն կորցնելուց հետո նա երկրորդ անգամ չամուսնացավ, ապրեց Խանջյանից մնացած հուշերով, մխիթարվեց քրոջ երեխաներով։ Տառապանքներ տեսած այս կինը, որ գիտեր օտար լեզուներ, մահից առաջ խոստովանել էր քրոջ աղջկան՝ Լարիսային․ «Մոռացել եմ ամեն ինչ, ոչ մի լեզվով ոչինչ չեմ հիշում, բացի հայերենից։ Այն, ինչը կապված է Աղասու հետ, անմար է իմ հոգում»։

Հետո երկարաձգվել էր հուշերով հագեցած խոսակցությունը Ռոզա Վինզբերգի և Լարիսա Ժուրուլիի միջև ու տևել 12 ժամ։ «Աղասու հուղարկավորությունից ի վեր,- խոստովանել էր Ռոզան,- երբեք այսքան երջանիկ պահեր չեմ ունեցել»։

- Տիկի՛ն Լարիսա, Ռոզան և Կիրովի կինը հարազատ քույրե՞ր էին։

- Ո՛չ, նրանք ընկերուհիներ էին։ Ռոզան երկու քույր ուներ։ Նրանցից մեկն աքսորվեց և վաղ մահացավ, իսկ մյուսն ապրում էր Լենինգրադում։ Ողջ էր մինչև վերջերս։

- Բայց շատերն են պնդում, թե Խանջյանի և Կիրովի տիկնայք քույրեր էին, այդ են վկայում անգամ որոշ գրառումներ ու թղթեր։

- Գիտեմ, տարածված է նման կարծիքը, ինչը հետևանք է Կիրովի և Խանջյանի ընտանիքների մտերմության։ Աղասին քաղաքական գործունեությունը սկսել էր Լենինգրադում, աշխատել էր Կիրովի մոտ։ Սերգեյ Միրոնովիչը բարձր էր գնահատում նրան։ Այս երկու այրերի ընկերությունն ամուր թելերով կապեց նրանց տիկնանց։ Ընկերուհիներն անբաժան էին, ու շատերին թվաց, թե նրանք քույրեր են։ Ռոզային ճանաչողը չէր կարող չսիրել նրան․ հրաշալի կին էր, հիանալի մարդ, օժտված մեծ բարեմասնություններով ու ընդունակություններով։

ՀԵՏՄԱՀՈՒ ՈԴԻՍԱԿԱՆ

- Մահից հետո էլ Խանջյանին հանգիստ չտվին։ ՈՒղղակի իմաստով։ Երեք անգամ նրա դին տեղափոխեցին դագաղից դագաղ ու գերեզմանից գերեզման։

- Տիկի՛ն Լարիսա, հիշու՞մ եք առաջին տեղափոխությունը։

- Եթե չեմ սխալվում՝ մինչ պատերազմն էր։

- Եվ ո՞րն էր տեղափոխման պատճառը։

- Կառուցվելու էր Բարեկամության պողոտան, քանդվելու էր Կոզեռն գերեզմանատան այն հատվածը, ուր թաղված էր Խանջյանը։ Նրա աճյունը տեղափոխեցինք «Թոխմախ գյոլ» կոչված տարածքում գտնվող քաղաքային պանթեոնի մոտակայք։ Գերեզմանի վրա մի փոքր վահանակ ամրացրինք անուն-ազգանունով, ծննդյան ու մահվան թվերով։

- Դուք մասնակցեցի՞ք այդ տեղափոխությանը։

- Ներկա էին ծնողներս։ Երբ դագաղը բացել են, մայրս նայել էր եղբոր աճյունին։ Ասել էր, որ լավ պահպանված է։ Հավանաբար այն պատճառով, որ առաջին գերեզմանը լավ էր ցեմենտված։

Հետագայում, երբ գերեզմանատունն ընդլայնվեց, Խանջյանի շիրիմն ուղղակի հպվեց պանթեոնին։ Գուցե այդպես էլ մնար, եթե օրերից մի օր նշանավոր մեկի հուղարկավորությանը չմասնակցեր ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգորի Արությունովը և պատահաբար չնկատեր Խանջյանի շիրիմի վահանակը։ Թեև Աղասու հետ ժամանակին մտերիմներ էին եղել, բայց ընկերությունը և «ժողովրդի թշնամի» լինելը տարբեր հասկացություններ էին։

Այժմ, երբ ինքս էլ տարեց եմ, չեմ մեղադրում նրան։ Ինչ արած, կյանքը թանկ բան է։ Արությունովը խստագույնս զայրանում է և անպատվություն համարում, որ «ժողովրդի թշնամին» թաղված է պանթեոնի հարևանությամբ։ Կարգադրում է փոխադրել Խանջյանի դին։

- Թիվը հիշո՞ւմ եք։

- Հայրիկիս մահվանից առաջ էր։ Եթե չեմ սխալվում, մինչև 1947-ն էր։

- Այս անգա՞մ ուր տեղափոխեցին Խանջյանի չարչրկված աճյունը։

- Նույն «Թոխմախի» գերեզմանոցի հեռավոր ծայրերից մեկը։ Մայրս հրաժարվեց մասնակցել, ծանր էր տանում, տատիկս՝ նույնպես։ Գնացինք ես, մորաքույրս՝ Ալիսը (նա այդ ժամանակ Երևանում էր), հայրս և մի քանի մոտիկ ազգականներ։

- Ինչու՞ որոշեցիք ներկա գտնվել նման դաժան տեսարանի։

- Հետաքրքրությունից դրդված։ Ճիշտն ասած, մորաքույրս դեմ էր իմ մասնակցությանը, բայց ես գնացի։ Նախ՝ բժշկական ինստիտուտի ուսանողուհի էի, ինձ ձգում էր մասնագիտորեն, և հետո ուզում էի նայել ու տեսնել, թե ինչ է մնացել քեռուցս։

- Որին բոլշևիկներն անգամ մահից հետո չէին ուզում հանգիստ թողնել։

- Դժբախտաբար, այդպես էր։ Երբ դագաղը փոսից հանեցին, լրիվ քայքայված էր։

- Դու՞ք կատարեցիք այդ հոգեցունց գործողությունը։

- Ո՛չ։ Վերևներից ուղարկված հատուկ խումբը։ Նայեցի դագաղի պարունակությանը․ պահպանվել էին մազերը (նա հիասքանչ գանգուրներ ուներ), կմախքը, կոշիկները, գոտու մետաղյա ճարմանդը։ Մորաքույրս, որ կրկին վերապրեց եղբոր մահը, կռացավ, գրկեց դագաղը։ Հետո թե․ «Նայի՛ր, Լարիսա, հետքը ձախ քունքին է»։

2-3 տարի անց, երբ մահացավ հայրս, նրան թաղեցինք Խանջյանի կողքին։ Որպեսզի առիթից օգտվելով Խանջյանի շիրմաթումբը ևս չվերցնենք ցանկապատի մեջ, նրա հիմնարկությունը շատ արագ (թաղումից մի քանի օր անց) պարսպի մեջ առավ միայն հայրիկիս շիրիմը՝ դուրս թողնելով Խանջյանի գերեզմանը։ Զավեշտական էր․ այնքան նեղ էր տարածքը, որ հնարավոր չէր ներս մտնել ու կանգնել։

- Իսկ երրո՞րդ տեղափոխությունը։

- Ստալինի մահից և Աղասու «վերականգնումից» (1955) հետո էր։ Որոշեցին դագաղը տեղափոխել պանթեոն։ Քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը կերտել էր նրա կիսանդրին։

- Ստույգ տարեթիվը չե՞ք հիշում։

- 50-ականների երկրորդ կեսին էր՝ 56-ին կամ 57-ին։ Արարողությանը մասնակցեց նաև Աղասու այրին (հրավիրել էին)։ Ներկա էին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Թովմասյանը և պաշտոնական այլ անձինք։

- Իսկ Դու՞ք։

- Ո՛չ, չմասնակցեցի։ Մորաքույրս պատմում էր, որ դագաղում բացի ոսկորներից ոչինչ չի մնացել։

- Որոշ փաստաթղթեր վկայում են, որ 1955-ին միութենական զինվորական դատախազության հանձնաժողովը Վիտիևսկու գլխավորությամբ կատարել է դիազննում։

- Հավանաբար։ Մեզ տեղյակ չեն պահել։ Բայց հանձնաժողով իսկապես եկել էր Մոսկվայից։ Սերոնց կանչել էին, հարցաքննել։ Գնացել էին մայրս և մորաքույրս։ Պապիկս ու հայրս չկային։

ԳՐՔԵՐՆ ԷԼ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՆՐԱ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ

Խանջյանն ապրում էր զուսպ ու հասարակ կենցաղով։ Անասելի զբաղվածության մեջ անգամ կարդալու ժամանակ էր գտնում։ Ստանում էր արտերկրում հրատարակվող հայերեն բոլոր գրքերը։ Իսկ Մխիթարյան միաբանությունը Աղասի Խանջյանի հասցեով ուղարկում էր տպարանից դուրս եկած յուրաքանչյուր հրատարակություն։

Հրաշալի գրադարան ուներ՝ եվրոպական թարգմանական գրականությունը (արևմտահայերենով) և ռուս դասականների հատորները։

Աղասու մահից հետո Ռոզան հայերեն լեզվով ողջ գրականությունը նվիրեց Ղևոնդ էֆենդուն։

Բայց Աղասու գրքերն էլ նրա ճակատագրին արժանացան։ Երբ 1938-ին ձերբակալում էին Ռոզային, բռնագրավեցին Խանջյանի ամբողջ գրադարանը։ Փրկվեց Չարենցի գրքերից մեկը միայն, որը գտնվում էր Մոսկվայում, Իրիսի մոտ։ Մինչ օրս էլ քույրը, որպես եղբորից մնացած թանկ մասունք, պահում է այն։

«ՈՐԴԻՍ ՇԱՏ ՃԻՇՏ ՎԱՐՎԵՑ»

Ֆրանսիայից անձամբ Խանջյանի համար իսկական ռոյալ էին ուղարկել։

- Աղասի՛,- մի օր որդուն դիմեց մայրը,- Լարիսան շուտով դպրոց է գնալու։

- Հետո՞։

- ՈՒզում ենք, որ նա երաժշտություն սովորի։ Փարիզից ստացված ռոյալը քեզ պետք չէ։

- Պետք չէ․․․

- Տո՛ւր Լարիսային։

- Մայրի՛կ,- ժպտաց նա,- եթե Լարիսան երաժշտության դասեր պիտի առնի, ապա ես էլ, դու էլ այնքան փող ունենք, որ միացնենք ու նրան մի լավ գործիք նվիրենք։

- Բայց ստացածդ նվերը քեզ պետք չէ։

- Ճիշտ է, սակայն կտամ ոչ թե Լարիսային, այլ մանկատանը։ Որովհետև այդ մանուկները ոչ հայր ու մայր, ոչ տատ ու պապ և ոչ էլ ինձ նման քեռի ունեն։

«Որդիս շատ ճիշտ վարվեց»,- հետագայում միշտ կրկնում էր մայրը։

«Ի՞ՆՉ ԵՍ ԳՏԵԼ ԷԴ ԹՈՒՐՔԱՀԱՅԻ ՄԵՋ»

Խանջյանի սերտ կապերը սփյուռքահայ շատ գործիչների հետ չէին կարող վրիպել Բերիայի հայ մանկլավիկների ուշադրությունից։ Եկավ և այն պահը, երբ նրան սկսեցին մեղադրել Արշակ Չոպանյանի և ուրիշների հետ ունեցած հարաբերությունների համար։

- Դաշնակցությունն անցյալ է,- համառորեն պնդում էր Խանջյանը։- Այսօր նրանք ամեն կերպ փորձում են օգնել Հայաստանին, ինչո՞ւ չընդառաջենք այդ ցանկությանը։

Մտերիմները՝ Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ներսիկ Ստեփանյանը, ողջունում էին նրա ճիշտ դիրքորոշումը, ինչը, բնական է, զայրացնում էր Ստալինին ու նրա ձեռքում կեղտոտ գործիք դարձած Բերիային։

Մի անգամ Աղասին խոստովանել էր Ղևոնդ էֆենդուն, թե Ստալինը Սահակ Տեր-Գաբրիելյանի առնչությամբ նախատել էր իրեն․ «Ի՞նչ գործ ունես բուրժուական ծագմամբ էդ ղարաբաղցու հետ»։ Ստալինին, նաև Բերիային, միշտ էլ գրգռում էր Տեր-Գաբրիելյանի «շիկ» հագնվելու ձգտումը, ազդեցիկ ու տպավորիչ արտաքինը։ Նրա հարևանությամբ նսեմանում էին բոլշևիկյան սապոգներն ու կիտելները։ Արտասահմանյան ուղևորություններից հետո Սահակն Աղասուն էլ էր ընտիր հագուստներ նվիրում՝ կոստյում, վերնաշապիկ, փողկապներ։ Եվ դրանով իսկ «ձեռնոց նետում» Անդրկովկասի ահեղ տիրակալին։

Մի անգամ Աղասին իմանում է, որ Ստալինն ու Բերիան, ակնարկելով իրեն, Սահակ Տեր-Գաբրիելյանին ասել են․ «Ի՞նչ ես գտել էդ թուրքահայի մեջ․․․»։

«Բուրժուական ծագմամբ ղարաբաղցի», «թուրքահայ»․․․ ՈՒրեմն նրանց գրգռում էր այդ մտերմությունը։ Բայց Աղասին ի վիճակի չէր դավաճանել ընկերներին՝ իր հարազատներին։ Դրան էլ գումարած՝ այս «թուրքահայը», շատ-շատերի նման, չէր ուզում դառնալ Բերիայի կամակատարը։ Ավելին՝ երբեմն գնում էր բացահայտ առճակատման և․․․ Իր պատրաստվածությամբ, մտահորիզոնով ու ներքին կարողություններով, որպես քաղաքական գործիչ, «պոտենցիալ վտանգ» էր դառնում Լավրենտի Պավլովիչի համար։

Հենց այդ պարագան էլ Բերիան չէր կարող ներել․․․ Խանջյանը չպետք է ապրեր։

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

«Երեկոյան Երևան», 10 հուլիսի, 1996 թ․

Հ․Գ․

Լուսանկարում՝ Ղևոնդ էֆենդին, Թագուհի մայրիկը, Սրբուհի Խանջյանը և Լարիսա Ժուրուլին (1935 թ․)

Դիտվել է՝ 537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ