Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

«Պոլիշինելի գաղտնիքի» հակառակ կողմը. 6

«Պոլիշինելի գաղտնիքի» հակառակ կողմը. 6
04.02.2026 | 18:33

Սկիզբը՝ այստեղ

«Հացի խնդիրը» և էթիկական կոմպրոմիսը

Ժամանակին անդրադարձել էի բանաստեղծություն կոչվելու հավակնությամբ հրապարակված՝ «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» երկարաշունչ վերնագրով սիրողական շարադրանքին։

Հեղինակը «Երկրի հակառակ կողմը» պոռնոգրաֆիկ մանիֆեստ «երկնողն» էր։

Անցնող ամիսների ընթացքում հասցրել էի նաև մոռանալ դրա գոյությունն ու իմ անդրադարձը։

Բայց անակնկալ էր, երբ վերջին մի քանի օրերին սոցցանցերում անսպասելիորեն առերեսվեցի հիշյալ տափակության ագրեսիվ Challenge-ին (համացանցը խցանած երգ-ուղեղալվացքին կանդրադառնամ մեկ այլ անգամ)։

Օտարահունչ այդ բառը, որը հայերենում հաճախ թարգմանում ենք որպես մարտահրավեր, ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ սոցիալական ու հոգեբանական գործիքներից է։

Թվային դարաշրջանում այն դարձել է «վարակիչ» վիրուս։

Ներկա ինֆորմացիոն աղմուկի մեջ «էստաֆետն» ընդունողներին և փոխանցողներին ընդամենը հռետորական մի հարց ունեմ, առանց պատասխանի ակնկալիքի՝

չելե՞նջ, թե՞ «ուղեղի մորմոք» կամ «ականջի որդ»։

Իսկական գորշությունը «զուգվել» է երգ որակումով և բառացիորոն գրոհում է վիրտուալ տարածքը։

Երգ կոչվածը, որ նաև «Վարչաբենդ»-շոուի գլխավոր հիթն էր, այսօր ՔՊ-ականների շուրթերին է, մատների՝ թուրքական երկու կիսալուսին հիշեցնող ագույցում։

Երկրի անառակ կողմից մեր կյանք ներխուժածների ցուցադրած՝ «սրտիկ և ժպիտ» սիմվոլիկան, թերևս, իրենց կամքից անկախ արտացոլում է քաղաքական

PR-ի և իրականության անաղմուկ բախումը, նաև ստեղծում կեղծ դրական ֆոն, որտեղ ցանկացած քննադատություն որակվում է որպես ատելության քարոզ կամ «սևություն»։

Սրտիկների ուղեկցությամբ՝

«Մենք քեզ ուզում ենք տեսնել երջանիկ,

Բայց պիտի տեսնե՛նք քեզ դրա համար»

տողերը երգողների հոգսն էլ չէ, որ պետականության ամուր հիմքերը պահանջում են ոչ թե ռիթմիկ բանաստեղծություն կամ ցածրաճաշակ մեղեդի, այլ ռազմավարական հստակություն։

Իշխանական բարձունքից ստորոտ նետված խոտանը, որքան էլ ցավալի է, նման շրջապտույտով դադարում է սոսկ վատ «բանաստեղծություն» լինելուց, կերպարանափոխվում-դառնում է հանրային ճաշակն ու պետական ընկալումը վերջնականապես խաթարող ագրեսիվ գործիք։

Ի՞նչն է հատկապես վտանգավոր։

Քարոզչական նպատակով պրիմիտիվ շարադրանքը «տաշտշել-գեղեցկացնելը»։

Երբ բացարձակ անորակությունը զուգակցվում է երաժշտությանը և, առանց չափազանցության, ողողում համացանցը, մեր ուզել-չուզելուց անկախ,

վերածվում է ավելի «դյուրամարս սննդի»։

Դառնում է «գեղագիտական» յուրօրինակ թմրանյութ, քանի որ երաժշտությունը թաքցնում է տողերի անիմաստությունը, տրամաբանական սխալներն ու բովանդակային սնանկությունը։

Նոտաներն ազդում են էմոցիաների վրա՝ շրջանցելով ունկնդրի քննադատական մտածողությունը։

Անհատը կարող է և չհամաձայնել բովանդակության հետ, բայց «կպչուն» հնչյունները ենթագիտակցորեն դրական ասոցիացիա են ստեղծում։

Նման «մշակումներն» ամենևին էլ պատահականություն չեն, նպաստում են քաղաքական գործչի՝ առավել ևս եսակենտրոն, ինքնասիրահարված կերպարի «մարդկայնացմանը»։

Պլեբսի մոտ տեղծվում է պատրանք՝ «նա մեզնից մեկն է», գրում է պարզ տողեր, որոնք կարելի է և երգել։

Հասարակության այդ շերտն ունակ չէ ընկալելու, որ իր նկատմամբ կիրառվում է լայն տարածում գտած քաղաքական տեխնոլոգիա՝ զանգվածների ուշադրությունը շեղել երկրին սպառնացող մարտահրավերներից, այդ թվում և սպասվող նոր զիջումներից՝ ամեն ինչ տեղափոխելով ընդամենը սենտիմենտալ հարթություն։

Բարդ երաժշտությունը կամ բարձր պոեզիան պահանջում են մտավոր աշխատանք և կենտրոնացում։ Պրիմիտիվ համադրությունը, ընդհակառակը, թուլացնում է ուղեղի պաշտպանական շերտերը։ Այն վերածվում է մտավոր «ծամունի»՝ հեշտ է ծամվում, չի պահանջում ջանք և ստեղծում է հարմարավետության կեղծ զգացում։

Այդկերպ լեգիտիմացվում է պարզունակությունը և ստանում «էլիտար» կարգավիճակ։

Քանի որ տեքստը պարզունակ է, այն հեշտությամբ ձուլվում է ռիթմին։ Իսկ քաղաքական կարգախոսը կամ միտքը մարդու գիտակցության մեջ մեխվում է ոչ թե որպես վերլուծության ենթակա գաղափար, այլ որպես ինքնաբերաբար կրկնվող «ֆոնային աղմուկ»։

ՈՒնկնդրի համար դառնում կպչուն մեղեդի։

Գերմանացիներն ավելի պատկերավոր են ասում՝ «ականջի որդ»։

Գերմաներենում der Ohrwurm արտահայտություն կա (das Ohr՝ ականջ և der Wurm՝ որդ), որ թարգմանվում է ականջի որդ։

Հիշյալ բառով որակում են այն երաժշտությունը, որը բնակություն է հաստատում անհատի գլխում և ստիպում անվերջ մրմնջալ։

Պրիմիտիվ երաժշտությունն «ականջի որդ» դառնալու հատկություն ունի։

Իսկ երբ քաղաքական ուղերձը դառնում է կպչուն մեղեդի, մարդն սկսում է այն մրմնջալ ինքնաբերաբար։ Սա քարոզչության ամենաբարձր մակարդակն է, երբ թիրախը, առանց գիտակցելու, դառնում է քարոզչության կրողը։

Տվյալ պարագայում «ականջի որդը» կերպարանափոխվում և վերածվում է «ինտելեկտուալ վիրուսի»։ Որի նկատմամբ ուղեղը հաճախ անպաշտպան է, չունի անհրաժեշտ կոճակ, որով հնարավոր լինի անջատել ներսում միալար հնչող մեղեդին։

Անգամ եթե անհատը մերժում է տվյալ երգը կամ տեքստը, միևնույն է, ուղեղն այն կարող է «պտտել» ամբողջ օրը։

ՈՒ եթե հասարակությանը պարբերաբար մատուցվում է պրիմիտիվ մշակույթ՝ քաղաքականացված երանգներով, ժամանակի ընթացքում բարդ գաղափարներն ու բարձրարժեք արվեստն ընկալվում են որպես «օտար» կամ «հասկանալի չէ ում համար» ձևակերպմամբ։

Պրիմիտիվիզմը դառնում է պետական մակարդակով խրախուսվող ստանդարտ, ինչը հեշտացնում է կառավարումը, քանի որ պարզունակ մտածողությամբ մարդուն ավելի հեշտ է մանիպուլացնել կարճ լոզունգներով կամ անբովանդակ տեքստերով և կոլեկտիվ ենթագիտակցությունը վարակել «Իրական Հայաստան» կեղծ մտապատկերով։

Բրենդային ներքնաշորերով ու հագուկապով «զինված» և հանրահայտ դիսկոտեկին մասնակցելու հրավերք ստացած ժամկետանց մի քանի տիկնայք, օրինակ, հակիրճ «անոտացիայով» բացահայտեցին հիշյալ «կոնցեպտը», որ երգվող անիմաստությունն իրենց նմանների շրջանակներում ընկալվում է որպես «բարձրարժեք» և երջանիկ զգացողություններ պարգևող «քերթվածք»։

Սրանց դիտարկումը նկարագրում է սոցիալական այն հակադրությունը, որն առկա է հասարակության մեջ։

Այս «դասակարգը», որը բավականին մեծաքանակ է և ամենուր է, անգամ պետական պաշտոններում, «բարձրարժեք» է համարում, ոչ թե այն ինչն ունի գեղարվեստական խորություն, այլ այն, ինչը տվյալ պահին թելադրում և պարտադրում է երկրի թիվ մեկը։

Նմանների համար երգը ոչ թե երաժշտական ստեղծագործություն է, այլ պատկանելիության նշան՝ ուղեգիր դեպի «ժամանակակից ու լոյալ» էլիտա։

Բայց երբ բառերի արտահայտած իմաստային սնանկությունը մղվում է հետին պլան և գերիշխող է դառնում «Վարչաբենդ»-ական ռիթմն ու «մենք լավ ենք, մենք ուրախ թռչկոտում ենք» մթնոլորտը, ստացվում է էսթետիկական դեգրադացիա։

Իսկ երբ իմաստազուրկ «հիթերից» կառչած թռչկոտողները չունեն մշակութային հենք ստեղծվում է կոգնիտիվ դիսոնանս՝ արտաքին թանկարժեք փաթեթավորում և ներքին բովանդակային դատարկություն։

Հիշյալ օրինակը, լավագույնս է ի ցույց դնում, թե ինչպես է քաղաքական պրոպագանդան թափանցում կենցաղային մակարդակ՝ դառնալով «ժամանցի» մաս։

«Վարչապետի կառուցած «իրական» Հայաստանում չկա արցունք, չկա սուգ, այլ կան միայն նրա բերած խաղաղությունն ու հպարտությունը»,- սա է «ինտելեկտուալ վիրուս»-ով ախտահարվածների պատասխանը։

Անդրադառնանք երգի տեքստին, որն օրնիբուն՝ տարբեր ֆորմատներով կատարում և սոսցցանցերով հանրությանն են մատուցում նախարարները, պատգամավորներն ու վարչապետ կոչվածի՝ տարբեր մասշտաբի արբանյակները։

Ընթերցողի նյարդերն ավելոդ անգամ չբորբոքելու նկատառումով չեմ ներկայացնի միջակից ցածր խզմզոցը, որը զբաղեցրած աթոռի բարձուքից սույն ապաշնորհը փորձում է խցկել գրական-գեղարվեստական ստեղծագործության` պոեզիայի, ժանրի տակ։

ՈՒմ կհետաքրքրի կարող է կարդալ համացանցը ողողած այդ գրոց-մրոցը, որը եթե փորձենք դիտարկել որպես ստեղծագործություն, ապա ստիպված կլինենք արձանագրել՝ գործ ունենք ոչ միայն գեղագիտական, այլև բովանդակային խոտանի հետ։

Ցանկացած գրվածք, առավել ևս դրսևորած հավակնություններով, որպեսզի դառնա պատգամ, պետք է օժտված լինի որոշակի էմոցիաներ առաջացնող ներքին էներգիայով, էլ չեմ խոսում հղկվածության մասին։

Իսկ ի՞նչ է ընթերցողին առաջարկում «պոետը»։

Պրիմիտիվ հանգավորում, որի տողերը ավելի շատ հինգերորդ կամ վեցերորդ դասարանի աշակերտի ինքնագործունեություն են հիշեցնում, քան երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող պետական այրի։

Երբ որոշակի քաղաքական հնարովի եզրույթներ՝ «իրական»-«պատմական», «նախկին»-«ներկա», խցկում են շինծու հանգերի մեջ, «գովերգվող» հայրենիքն ու պետությունը կորցնում են իրենց լրջությունն ու կշիռը։

Տողերում առկա է նաև տրամաբանական խառնաշփոթ։

Այսպես․

1․ «Ժպիտը դեմքիդ, լացերդ պարպած»։

Տրամաբանական աբսուրդ։ «Պարպում» են ատրճանակը, կուտակված էներգիան, բայց ո՛չ երբեք լացը։

2․ «Հոգեհանգստի տոչորող տանից դուրս եկած»։

Կրկին աբսուրդ։

Տոչորվում են ծարավից, կրքից։

Իսկ հոգեհանգիստը սգո արարողություն է, առերեսում մահվան հետ։ Լռություն ու խոկում։

Հակոտնյա պատկերների միավորումը շատ է արհեստական ու չհամատեղվող։ Տունն ինչպե՞ս կարող է «տոչորվել»։

Փորձ է արվել տողերին գեղարվեստական-փիլիսոփայական խորություն հաղորդել, բայց ստացվել է հակագիտապաշտական ու անհեթեթ։

3․ «Չէինք կորցրել քեզ, բայց նորից գտանք»։

Տրամաբանական թակարդ։

Չկորցրածի ի՞նչը գտար։

Ակնհայտ է նաև իրատեսության կորուստն ու իրականության մերժումը։

Տասնյակ հազարավոր զոհերի, հանձնված Արցախի, 150 հազար ու ավելի տեղահանվածների, ընդհանրապես աշխարհաքաղաքական ու տարածքային կորուստների համայնապատերին, առնվազն անբարոյականություն է գրել՝ «չէինք կորցրել»։

Սա նշանակում է անտեսել ու մոռանալ բոլոր նրանց, ովքեր քո պատճառով ոչ թե օծանելիքի սրվակ են կորցրել, այլ ամեն ինչ։

Այս տողը լավագույնս է վկայում, որ հանգավորված տեքստում շահարկվող «հայրենիք» կամ «պետություն» բառերը, սրա համար ընդամենը վերացական հասկացություններ են, որոնք, ելնելով տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությունից, կարելի է օգտագործել որպես խաղաթուղթ։ Ինչը և անում է իրականում։

4․ «Քեզ պարտավոր ենք դարձնել երջանիկ»։

Կենցաղային սովորական բարեմաղթանք։

Երբ թամադայի վերափոխված պետական այրը գործ անելու փոխարեն նման ճապաղություններ է հրամցնում կեղծ պատարագների ակամա մասնակիցներին, ողբերգությունը զրկվում է վերջին լրջությունից։

Սրա բոլոր տողերն ու համեմատությունները հակասում են մեկը մյուսին և շփոթ առաջացնում ։

Ինչպես կասեր գեղանկարիչ ՆԻԿՕ-ն․

«Իմաստազուրկ պատկերներից կազմված կոլաժ, որը ո՛չ թե վատ ոճ է, այլ դրա բացակայություն։ Պարզապես բառերի աջափսանդալ»։

Իսկ օրուելյան «նորալեզվով» ասած՝ բառերը կորցնում են իրենց բուն իմաստն ու դառնում ընթերցողի կամ ունկնդրի գիտակցությունը մանիպուլացնող գործիք։

Ինչպես «1984»-ում էր պատերազմը խաղաղություն, իսկ տգիտությունը՝ ուժ, սրա տողերում էլ՝ կորուտը գտածո է, իսկ ողբերգությունը՝ երջանկության նախերգանք։

Օրուելյան լեզվի միջոցով սա փորձում է փլուզել հայկական իրականությունն ու դառնալ դրա նոր կառուցվածքի ճարտարապետ։

Երբ բառերը դադարում են նկարագրել փաստերը և սկսում են սպասարկել միայն «բարձրագույնի» նպատակը, հասարակությունը կորցնում է հենման կետը։ Մարդն այլևս չի կողմնորոշվում՝ ո՞րն է իրականը։

Ա՞յն, ինչ տեսնում է սեփական աչքերով, թե՞ այն, ինչ հրամցնում են երգի տողերը։

Այս «նորալեզուն» ստեղծում է իմաստային այնպիսի խառնաշփոթ, որտեղ հնարավոր չէ քննարկել պատճառահետևանքային կապերը։

Այն սպանում է քննադատական միտքը։ Եթե տրամաբանական շիլաշփոթը մատուցվում է որպես «հոգևոր արժեք», ապա դրա դեմ փաստարկներով խոսելը դառնում է անհնար։

Տեղին հարցադրում՝ ինչու՞ այսքան կենտրոնանալ ինչ-որ անլրջության վրա, երբ Facebook-ը ողողված է նման «գլուխգործոցներով», որոնց հեղինակները նույնիսկ Չարենցից չամաչելով միմյանց մեծարում են «պոետ» ու «պոետուհի» կոչումներով։

Ճիշտ է։ Բայց այդ ինքնակոչներից և ոչ մեկը բազմած չէ երկրի գործադիր իշխանության բուրգում և որ ամենածիծաղելին ու ողբերգականն է՝ նրանցից ո՛չ մեկն իր խզբզանքով չի հավակնում դառնալ ազգային օրհներգի հեղինակ։

Սոցցանցերում արդեն իսկ նետված է խայծը՝ «շատ օգտատերեր կարծում են, որ կա հասարակական պահանջ» սա դարձնել ազգային օրհներգ։

Եթե․․․ ապա դա կդառնա հայկական պետականության խորհրդաբանական կապիտուլյացիա։

Եթե Օրհներգը պետության «հոգեբանական սահմանադրությունն» է, ապա նման տեքստի ներմուծումը այդ կարգավիճակում նշանակում է պետականությունը վերջնականապես տեղափոխել «բլոգային» տիրույթ։

Ինչպիսի՞ն պետք է լինի օրհներգը։

Հզոր ուժի, ամուր կամքի և հավերժության խորհրդանիշ։

Օրհներգի բառերը չպետք է լինեն դատարկ նեյնիմներ՝

«Մե՛զ պիտի ուզենք տեսնել երջանիկ,

Քեզանով, քեզնում, անբաժան քեզնից»։

Կամ՝

«Դու այն ամենն ես, ինչը որ մենք կանք,

Մեր իղձերը քեզ չեն լքի կրկին»։

Նման օրհներգ ընդունելը կազդարարի՝ պետությունը դադարում է լինել արժեք, դառնում է սպառման ապրանք, որը պետք է համապատասխանի, դիցուք, անմակարդակ ինչ-որ դիսկոտեկի կամ կեղծ պատարագի մասնակիցների ճաշակին։

Հավելեմ՝ «հանրային պահանջ» ասվածը բացահայտ կեղծիք է, ինչպես և սրանց ամեն ինչը։

Երբ խոտանը մատուցվում է որպես «հանրային պահանջ», ուղիղ հարված է հանրության այն շերտին, որը որակի և լրջության զգացողություն ունի։

Շարունակելի

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․1

Շարունակում եմ ուշադիր հետևել, թե մասնագետներն ինչ են ասելու սոցցանցերը ողողած խոտան տեքստի ու դրա բառերով գրված երաժշտության մասին։

Դավիթ Ամալյանից բացի, մնացյալը լռում են։

Ինչպես և սպասվում էր՝ առայժմ հաղթում է «հացի խնդիրը»։

Թե՛ վիտուալ, թե՛ իրական հարթությունում խլացնող լռություն է։

Հ․Գ․2

Ինչպես վերնագրել տիրող լռությու՞նը․․․ «հացի խնդիրը» և էթիկական կոմպրոմիսը։

Հասկանալի է՝ շատ պրոֆեսիոնալների ապագան պայմանավորված է պետպատվերով, դրամաշնորհներով։

Մի մասն էլ պարզապես չի ցանկանում դառնալ «մեծամասնության», իմա՝ քանակի թիրախը։ Քննադատել մատուցվող «ժողովրդական» խոտանը նշանակում է դուրս գալ քաղաքական օրակարգի դեմ, ինչը շատերի համար կդառնա գոյաբանական վտանգ։ Երբ ստեղծագործողը կամ գիտնականը ստիպված է ընտրել մասնագիտական արժանապատվության և կենսական կարիքների միջև, ցավոք, հաճախ հաղթում է լռությունը։

Հ․Գ․3

Եթե մասնագետները լռում են, ուրեմն քարոզչությունն հասել է իր նպատակին։

Իսկ խոտանը դառնում է «նորմա» միայն այն դեպքում, երբ չկա որակյալ հակակշիռ կամ քննադատություն։ Ինչը և մեկ անուն ունի՝ էսթետիկական դաշտի օկուպացիա։ Ասել է՝ քաղաքական ուժը զբաղեցնում է մշակութային բոլոր շերտերը՝ նույնիսկ ամենապարզունակները։

Այնուամենայնիվ, եթե մտավորականությունը լռում է 30 արծաթի կամ «հացի խնդրի» պատճառով, արդյոք մենք չե՞նք կորցնում մշակութային հենց այն հենքը, որը մեզ պետք է կերակրեր ապագայում՝ որպես արժանապատիվ հանրություն։

Մտածելու բան է։

Դիտվել է՝ 125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ