Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Համախմբումը դեռ քաղաքական այլընտրանք չէ

Համախմբումը դեռ քաղաքական այլընտրանք չէ
08.11.2026 | 18:17

Սամվել Կարապետյանի տանը ընդդիմադիր գործիչները հայտարարեցին չորս կետի շուրջ համախմբման մասին՝ Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխության մերժում, խաղաղություն առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության ու ՀԱՍԵ-ի պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։

Անկասկած, այս հարցերից յուրաքանչյուրը կարևոր է։ Սակայն հայտարարության մեջ կան էական բացեր և հարցեր, որոնց պատասխանները հասարակությունն իրավունք ունի ստանալու։

Նախ՝ այս համախմբման մեջ բացակայում է ամենակարևոր քաղաքական նպատակը՝ իշխանափոխության օրակարգը։ Հայտարարվում է, որ պայքարելու են գործող իշխանության քաղաքականության հետևանքների դեմ, բայց չի ասվում, թե ինչպես են վերացնելու այդ հետևանքներն առաջացնող պատճառը։

Մի՞թե այդ հետևանքներն ինքնուրույն են առաջացել։ Մի՞թե դրանք գործող իշխանության վարած քաղաքականության արդյունքը չեն։ Եթե պատճառը մնում է անփոփոխ, ինչպե՞ս եք վերացնելու հետևանքը։ Եթե իշխանությունը շարունակում է մնալ, պահպանել իր քաղաքականությունը և իրականացնել նույն որոշումները, ապա ո՞րն է պայքարի վերջնանպատակը։

Մյուս կողմից՝ եթե համախմբման մասնակից ուժերը Արցախը համարում են Ադրբեջանի մաս, ապա ինչպե՞ս են պատկերացնում խաղաղությունն առանց տարածքային կորուստների։ Չէ՞ որ Արցախի հանձնումն ինքնին տարածքային և ազգային հսկայական կորուստ էր։

Նույնքան կարևոր է Անկախության հռչակագրի հարցը։ Եթե պատրաստվում եք պայքարել, որպեսզի Սահմանադրությունից չհանվի հղումը Անկախության հռչակագրին, ապա ինչպե՞ս եք դա համատեղում հռչակագրի հիմքում ընկած՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման իրավաքաղաքական ժառանգությունից հրաժարվելու հետ։

Արդյո՞ք պատրաստ եք պաշտպանել Անկախության հռչակագրի ոչ միայն ձևական հիշատակումը, այլև դրա բովանդակությունը, գաղափարական հիմքերն ու համազգային նպատակները։

Ազգային ինքնության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել ազգային խորհրդանիշների կամ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությամբ։ Այն ենթադրում է նաև ազգային իրավունքների, պատմական հիշողության, հայրենիքի, ինքնիշխանության և պետականության հիմնարար նպատակների պաշտպանություն։

Սակայն այս բոլոր հարցերից բացի կա մեկ այլ՝ ռազմավարական խնդիր։

Հասարակությանը բավարար չէ ասել, թե գործող իշխանությունն ինչն է սխալ անում։ Անհրաժեշտ է ցույց տալ, թե ինչ այլընտրանք կա, ինչ սկզբունքներով է այն գործելու և ինչպիսի պետություն է առաջարկում կառուցել։

Քաղաքական պայքարում կարևոր է ոչ միայն այն, թե ով է ավելի հնչեղ քննադատում իշխանությանը, այլև այն, թե ով է կարողանում փոխել հանրային քննարկման ուղղությունը, ձևավորել մարդկանց պատկերացումները և առաջարկել ապագայի համոզիչ տեսլական։

Ընդդիմությունը չպետք է պարզապես արձագանքի իշխանության յուրաքանչյուր քայլին՝ շարունակաբար մնալով նրա թելադրած օրակարգի շրջանակներում։ Այն պետք է ձևավորի սեփական օրակարգը, իր գաղափարներով, նպատակներով, ծրագրերով և գործողությունների հստակ ճանապարհային քարտեզով։

Մարդիկ պետք է հասկանան՝ իշխանափոխությունից հետո ի՞նչ է փոխվելու, ինչպե՞ս է վերականգնվելու պետականության ինքնիշխանությունը, ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի անվտանգային համակարգը, ի՞նչ լուծումներ են առաջարկվելու ազգային և տարածքային խնդիրներին, ինչպե՞ս է վերականգնվելու արդարությունը և ի՞նչ սկզբունքներով է կառուցվելու պետությունը։

Իշխանությունը ինչպես տեսնում եք, կարող է թելադրել օրվա թեմաները, բայց դա դեռ չի նշանակում, որ նա պետք է որոշի նաև հասարակության մտածողության սահմանները։

Ով կարողանա ձևավորել նոր օրակարգ և ստեղծել նոր քաղաքական իրականություն, նա հնարավորություն կունենա փոխելու նաև քաղաքական պայքարի ընթացքը։

Համախմբումը կարևոր է, բայց հանուն ինչի՞։ Ո՞ւմ դեմ և ի՞նչ նպատակով։ Միայն գործող իշխանության առանձին որոշումների դեմ համախմբվելը դեռևս քաղաքական այլընտրանք չէ։

Իշխանությանը փոխարինելու համար բավարար չէ ապացուցել, որ այն վատն է։ Պետք է ապացուցել, որ դու ունես ավելի լավ պետություն կառուցելու գաղափար, կամք, ծրագիր և կարողություն։

Իսկ եթե ընդդիմությունը շարունակաբար պայքարի միայն իշխանության ստեղծած իրադարձությունների և դրանց հետևանքների դեմ՝ առանց իշխանափոխության հստակ նպատակի և սեփական պետական տեսլականի, ապա կարող է տարիներ շարունակ պայքարել իշխանության դեմ՝ մնալով նրա սահմանած խաղի կանոնների ներսում։

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե պարզապես հակաիշխանական համախմբում, այլ ազգային-պետական հստակ օրակարգի, գաղափարախոսության և իշխանափոխության նպատակի շուրջ համախմբում։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 89

Մեկնաբանություններ