Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Աստիճանաբար իր ձեռքն է վերցնում Հայաստանի ընդդիմադիր դաշտը

Աստիճանաբար իր ձեռքն է վերցնում Հայաստանի ընդդիմադիր դաշտը
13.11.2026 | 16:07

2026 թվականի հոկտեմբերի 26-ին Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ Հայաստանում պետք է ձևավորվի նոր` պետականակենտրոն, ընդդիմություն։ Դրանից շուրջ 15 օր անց ի հայտ եկավ նախկին ԱԽՔ Գրիգորյան Արմենը և քաղաքական հայտ ներկայացրեց: Կարծում եմ` նմանօրինակ հայտ ներկայացնելու համար հերթի մեջ է Ավինյան Տիգրանը, միգուցե` Սիմոնյան Ալենը: Չեմ բացառում, որ հերթի մեջ են ՔՊ-ական բազմաթիվ «թեթև քաշայիններ»: Եթե Հայաստանի ներքաղաքական կյանքում ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն, ապա 2031 թվականին մենք, նույն իշխանության վերարտադրման պայմաններում, կունենանք միանգամայն այլ ընդդիմություն:
Եվ, դա տրամաբանական է: Իր կառավարման 8.5 տարիների ընթացքում Փաշինյան Նիկոլն ինչ պլանավորել, այն էլ իրականացրել է: Նրան խանգարող չի եղել: Եկեք հիշենք: Վերջինս սկզբից իր ձեռքը վերցրեց Կառավարությունը և ուժային կառույցները, այնուհետև` ԱԺ-ն, դատական համակարգը, ՍԴ-ն: Այս պայմաններում նախկիններին չեզոքացնելը խաղ ու պար էր: Հետո` Արցախի մասնակի կորուստ, ճանապարհների և Արցախի լիարժեք կորուստ, Կիրանց, TRIPP: Հերթի մեջ են Սահմանադրությունն ու անկլավները: Այսինքն, Փաշինյան Նիկոլը մինչ օրս ինչ պլանավորել` լիարժեք իրականացրել է և շարունակում է իրականացնել: Օրվա ընդդիմությունը վերջինիս գրեթե չի խանգարում, ավելին` շատ անգամ նույնիսկ օգնում է: Եկեք հիշենք, թե 2018 թվականին ում ձայներով Փաշինյան Նիկոլը վարչապետ ընտրվեց: Հիշենք նաև, թե քանի «ընդդիմադիր» համայնքապետ ՔՊ-ական դարձավ: Եվ, այս պայմաններում, շատ տրամաբանական է, որ Փաշինյան Նիկոլն արդեն «սեփական» ընդդիմադիր դաշտ ձևավորելու հավակնություն ունի:
Երբեմն մտածում եմ. ի՞նչ ծրագիր ունի օրվա ընդդիմությունը: Լավ, ենթադրաբար` Արցախը, ճանապարհները, Կիրանցը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի (10-ի) թուղթն անցյալում են: Բա TRIPP-ը՞, բա Սահմանադրությու՞նը, բա անկլավնե՞րը, բա մնացա՞ծը: Երկու օր առաջ TRIPP-ն օրենքի ուժ ստացավ, երեկ օրենքի ուժ ստացավ TRIPP-ի ողջ փաթեթը: Ու ի՞նչ: Համենայնդեպս, խորհրդարանական և փողոցային ընդվզում ընդդիմությունը չկարողացավ կամ չցանկացավ գեներացնել: Կարծում եմ` նույնը կլինի Սահմանադրության և անկլավների պարագայում: Այս իմաստով, ողջամիտ հարց է առաջանում. ի՞նչ է ուզում օրվա ընդդիմությունը: Կասեք` Փաշինյան Նիկոլի հեռացում: Լավ, իսկ ինչպե՞ս: Փորձը ցույց է տալիս, որ 8.5 տարի շարունակ ընդդիմության մոտ ոչինչ չի ստացվում: Գիտե՞ք ինչու: Որովհետև, օրվա ընդդիմությունը չունի հետնիկոլական Հայաստանի տեսլական: Ինչպիսի՞ Հայաստան է լինելու Փաշինյան Նիկոլից հետո: Պատասխանում են. Նիկոլին հեռացնենք, նոր կերևա: Ախր, Հայաստանն այդ էտապն արդեն անցել է 2018 թվականին: Բոլորը Սարգսյան Սերժի հեռացումն էին ցանկանում և որևէ մեկը «հետոյի» մասին չէր մտածում: Իսկ «հետոն» եկավ շատ դաժան ձևով:
Ահա, այսպիսի ընդդիմության առկայության պայմաններում Փաշինյան Նիկոլը ձեռնամուխ է լինում ստեղծել և «աճեցնել» նոր ընդդիմություն: Եվ, եթե շատ կարճ ժամանակահատվածում օրվա ընդդիմությունը հանրությանը չներկայացնի ապագայի իր քաղաքական տեսլականները (եթե այդպիսիք կան), ապա Փաշինյան Նիկոլը կհաջողի նաև նոր ընդդիմության ստեղծման հարցում:

Կարեն Հեքիմյան
Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ