Երբ մինչև անկախությունը Հայաստանը համեմատաբար տանելի ու մեղսունակ երկիր էր, Երևանում գործում էր Պետական ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբ, որի առաքելությունը հայ կոմպոզիտորների գործերի կատարումն ու պրոպագանդան էին։ Այսինքն, կայանում էր Կոմպոզիտորների միության պլենում, քննվում էին ներկայացված ստեղծագործությունները և որոշում էր կայացվում կատարել և ձայնագրել դրանք։ Մի խոսքով, դա ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման գրեթե միակ միջոցն էր, դրանից հետո տաղանդավորները ճանաչվում էին և գնում առաջ, միջակներն ու անտաղանդները բավարարվում էին այդ միակ կատարմամբ ու ձայնագրությամբ՝ հայհոյելով ԽՍՀՄ եղած-չեղածը, որ իրենց պես տաղանդներին չի թողնում բացահայտվել և աշխարհը գրավել։ Այն, որ գեթ մեկ պետություն աշխարհում իր վրա պարտավորություն չի վերցրել իր հաշվին տպագրել և կատարել գրեթե բոլորի (մեր դեպքում՝ Կոմպոզիտորների միության անդամների) գործերը, այն ժամանակ ոչ մեկին չէր հետաքրքրում, բոլորին թվում էր, թե դա պետության սրբազան պարտքն էր և այլն, և այլն։ Հետո, արդեն անկախության դարաշրջանում, երբ բոլորը զրկվեցին բոլոր բարիքներից և մնացին մեն-մենակ դաժան աշխարհի դեմ, մարդիկ ստիպված հասկացան, թե ինչ են կորցրել։ Բայց դառնամ բուն թեմային, ԽՍՀՄ գովքի ժամանակը չէ հիմա։
Ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռաֆաել Մանգասարյանը՝ բացարձակ տաղանդավոր դիրիժոր, իր գործին նվիրված շատ համեստ ու աշխատասեր մարդ։ ՈՒրեմն, Ղարաբաղյան շարժման ժամանակ նա նվագախմբով գնում է Արցախ՝ խախտելով Ալմա Աթայի դեկլարացիան և փաշինյան նիկոլի բոլոր գաղափարական-աշխարհաքաղաքական հիմնադրույթները։
Նվագախումբը տանում են Ստեփանակերտից 20-30 կիլոմետր հեռու ինչ-որ մի գյուղ։ Ավտոբուսը տանում է ու վերադառնում, որպեսզի համերգից հետո գա երաժիշտների հետևից։ Համերգն ավարտվում է, գյուղացիները շատ ջերմ են ընդունում մայրաքաղաքից ժամանած կոլեկտիվին։ Եվ արդեն պետք է վերադառնալ Ստեփանակերտ, այնուհետ՝ Երևան։ Բայց ինչպե՞ս։ Ավտոբուսը չկա։ Մաեստրո Մանգասարյանը հինգ րոպեն մեկ օգնականին ուղարկում է զանգել-պարզելու, թե ուր է ավտոբուսը, երբ վերջապես կգա։ Ապարդյուն։ Այդպես անցնում են ժամեր, բայց ավտոբուսը չկա ու չկա (պատկերացրեք այն ժամանակվա հեռախոսային կապը, բենզինի դեֆիցիտը, համըդհանուր բարդակն ու կիսապատերազմական իրավիճակը և կհասկանաք, թե ինչ վիճակում էր հայտնվել մաեստրոն)։
Վերջապես, Մանգասարյանը հրահանգում է օգնականին․ «Մի անգամ գնա զանգիր, եթե չեկավ՝ пи․․․ец, տուն եմ գնում»։
ՈՒրեմն, մարդը սարից չի կարող Ստեփանակերտ իջնել, բայց որոշել է տուն գնալ՝ Երևան։
Մաեստրո Մանգասարյանի այսօրինակ որոշումն այսօր շատերին փոքր ինչ տարօրինակ կթվա, բայց հենց այսօր Նոր Հայաստանի քաղաքական դաշտի գրեթե բոլոր մասնակիցները մաեստրո Մանգասարյան են (խոսքն ընդամենը սարից իջնել չկարողանալու և Երևան հասնելու ռազմավարական որոշման մասին է, այլ հարցերում ամոթ է անգամ այդ տաղանդավոր մարդուն համեմատել սրանց հետ)։
ՈՒրեմն, լրահոսից տեղեկանում եմ, որ ժողվարչապետն Աբու Դաբիում հերթական պատմական համդիպումն է անցկացրել Ալիև էֆենդու հետ, դա էլ քիչ է՝ իրենց արևին երկուսով «ողջունել են վաշինգտոնյան պայմանավորվածությունների հարցում առաջընթացը»։ Խոսքը, բնականաբար, Թրամփի ուղու, այն է՝ Մեծ Թուրանի մասին է։
Զարմանում եմ սրանց խելքի վրա․․․ սրանք գիտեն, թե երկիր ունեն, երկիրն էլ՝ տարածք, որը կարող են տրամադրել Թրամփին, որ նա էլ իր հերթին այդտեղ հակառուսական, հակաիրանական ու հակաչինական նախագիծ իրականացնի։
Ա՛յ ժողվարչապետ տղա, կարդա Վլադիմիր Պուտինի 2021թ․ դեկտեմբերի 15-ի ուլտիմատումը ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին։ Եվ կհասկանաս, որ դու դեռ սարից Ստեփանակերտ հասնելու խնդիրդ չես լուծել, Երևան ո՞նց ես հասնելու։ Իսկ այնտեղ հատուկ քեզ ու քո նման խոր ինտելեկտուալ քաղաքացիների համար գրված է․ արգելվում է ՆԱՏՕ և ԱՄՆ որևէ ռազմատեխնիկական, ռազմական համագործակցություն հետսովետական որևէ երկրի հետ, հակառակ դեպքում՝ ՈՒկրաինա։ Եվ էսքանից հետո դու Սյունիքում ամերիկյան ռազմական ներկայություն ես ծրագրո՞ւմ, այն էլ՝ Իրանի քթի տակ։ Ի՞նչ է, ջանդակդ քոր է գալի՞ս, բանդերականների սպանդը քեզ խրատ չեղա՞վ։ Թե՞ Թրամփը քեզ համար Պուտինից, մեղմ ասած, էնքան սարսափելի հզոր տղա է, որ դեմը խաղ չկա, կփրկի քեզ, դու էլ կմնաս ինքնիշխան, Ալմա Աթա հարգող ժողվարչապետ։
Բայց Սաակաշվիլին, բանդերականներն ու այլ ոչխարներն էլ էին էդպես մտածում, չէ՞։
Ինչևէ, սպասենք իրադարձությունների զարգացմանը՝ Ջեյ Դի Վենսի այցին, TRIPP-ի փաստաթղթերի ստորագրմանը և․․․
Եվ ՌԴ առաջնորդի ռեակցիային Նոր Հայաստանի վիլայեթացման ու Թուրանի կայացման պրոցեսին՝ դրանցով նրան (Պուտինին) պարտադրված բոլոր գործողություններով։
Ամեն․․
․
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ