Պատմությունը հիշում է կայսրերին իրենց հաղթանակներով, բարեփոխումներով և կառուցած քաղաքներով, սակայն Աստծո առջև մարդու մեծությունը չափվում է ոչ թե իշխանության չափով, այլ՝ սրտի խորությամբ։
Պետրոս Մեծը փոխեց Ռուսաստանի պատմության ընթացքը, բացեց նոր ճանապարհներ դեպի գիտություն, կրթություն և աշխարհի հետ հաղորդակցություն։ Սակայն նրա կյանքը նաև հիշեցում է, որ արտաքին փոփոխությունները լիարժեք չեն կարող լինել, եթե դրանց չի ուղեկցում ներքին վերափոխումը։
Մարդը կարող է կառուցել նավատորմեր, մայրաքաղաքներ և կայսրություններ, բայց եթե չսովորի կառավարել սեփական կրքերը, նրա հոգին կմնա անհանգիստ։ Իսկական իմաստությունն այն է, երբ իշխանությունը դառնում է ծառայություն, ուժը՝ պատասխանատվություն, իսկ հաջողությունը՝ խոնարհության առիթ։ Քրիստոնեական ավանդույթը մեզ սովորեցնում է, որ յուրաքանչյուր բարեփոխում պետք է սկսվի սեփական անձից, որովհետև աշխարհի նորոգումը սկսվում է մարդու սրտի նորոգումից։
Պետրոս Մեծի կերպարը մեզ հուշում է խորհել ժամանակի և հավերժության մասին։ Պատմական մեծ գործերը կարող են մնալ դարերի մեջ, սակայն մարդու ամենաթանկ ժառանգությունը սերն է, արդարությունը և այն բարիքը, որ նա թողնում է ուրիշների կյանքում։ Քանզի, ինչպես վկայում է Ավետարանը, «որտեղ է քո գանձը, այնտեղ կլինի նաև քո սիրտը» (Մատթ. 6։21)։
ՈՒստի կոչված ենք ոչ միայն կառուցելու արտաքին աշխարհը, այլ առավել ևս՝ խնամելու մեր ներաշխարհը, որպեսզի մեր կյանքի ընթացքը դառնա ճանապարհ դեպի Աստված և դեպի մարդասիրության առավել խոր գիտակցություն։
Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ