Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Ռուբեն Վարդանյանը որպես քաղաքական ու գաղափարական սպառնալիք Ադրբեջանի համար

Ռուբեն Վարդանյանը որպես քաղաքական ու գաղափարական սպառնալիք Ադրբեջանի համար
25.12.2025 | 11:45

Ռուբեն Վարդանյանը Ալիևի վարչակարգի համար վտանգավոր չէ միայն որպես կոնկրետ անձ։ Նա վտանգավոր է որպես տեսակ՝ գաղափարական, արժեքային և վարքային մոդել, որը հակասում է Ադրբեջանի զավթողական քաղաքականության հիմքում ընկած հաշվարկներին։ Այդ տեսակը չի տեղավորվում ոչ պարտվողականության, ոչ լռության, ոչ էլ հարմարվողականության շրջանակներում։

Ադրբեջանի քաղաքական ռազմավարությունը Արցախի և առհասարակ հայկական գործոնի նկատմամբ կառուցված է մի պարզ կանխավարկածի վրա․ ճնշման, բռնության, վախի և տեղեկատվական աղմուկի միջոցով հնարավոր է կոտրել դիմադրության կամքը։ Սակայն Վարդանյանի օրինակն ապացուցում է հակառակը․ նույնիսկ ֆիզիկական ազատությունից զրկված վիճակում հնարավոր է մնալ քաղաքական, բարոյական և գաղափարական դիմադրության սուբյեկտ։

Ինչու է վտանգավոր «անձը», այլ ոչ թե միայն գործիչը

Վարդանյանը երբեք չի ներկայացվել որպես ռազմական հրամանատար կամ դասական քաղաքական առաջնորդ։ Նրա վտանգավորությունը հենց այստեղ է․ նա մարմնավորում է այն հայի կերպարը, որը պատրաստ է անձնական գինը վճարել հավաքական արժանապատվության համար։ Սա այն մոդելն է, որը չի չեզոքացվում տարածքային կորուստներով կամ ռազմական ճնշմամբ։

Հենց այս պատճառով է, որ նրա դեմ պայքարը չի սահմանափակվում բանտարկությամբ։ Տեղեկատվական դաշտում շարունակվում է նպատակային փորձ՝ նրան ներկայացնելու որպես «ուղարկված», «կառավարվող» կամ «ոչ իրական դիմադրող»։ Սա դասական հոգեբանական պատերազմի գործիքակազմ է, որի նպատակը ոչ թե Վարդանյանին վարկաբեկելն է միայն, այլ նրա միջոցով ընդհանուր դիմադրության գաղափարը խեղաթյուրելը։

Տեղեկատվական պատերազմը որպես հիմնական ճակատ

Ալիևի վարչակարգը լավ հասկանում է, որ ֆիզիկական բռնությունը ժամանակավոր է, իսկ գաղափարը՝ երկարատև։ Այդ պատճառով էլ Վարդանյանի շուրջ ձևավորվում է կասկածի, երկիմաստության և անվստահության միջավայր։ Եթե հաջողվի հասարակության մեջ արմատավորել այն միտքը, որ նույնիսկ անձնազոհ մարդիկ «խաղի մաս են», ապա կարելի է կաթվածահար անել ապագա ցանկացած դիմադրություն։

Այս մոտեցումը վտանգավոր է ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին ինքնաքայքայման տեսանկյունից։ Երբ հասարակությունը սկսում է կասկածել սեփական դիմադրողներին, պայքարը պարտվում է դեռ չսկսված։

Ի՞նչ է իրական նպատակը

Վարդանյանի դեմ տարվող պայքարի իրական նպատակը նրա լռեցումը չէ։ Նպատակը օրինակ չթողնելն է։ Չթողնել, որ ձևավորվի համոզում, թե անգամ ամենածանր պայմաններում հնարավոր է չհրաժարվել պայքարից, առևտրի չենթարկել արժանապատվությունը և չհարմարվել պարտադրված իրականությանը։

Սա պայքար է ոչ թե մեկ մարդու, այլ հայկական դիմադրության հոգեբանության դեմ։

Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 280

Մեկնաբանություններ