Մի գդալ ջրի մեջ եռացող մեր քաղաքական կյանք կոչեցյալը, իր բոլոր դրսևորումներով ու հսկայական քանակությամբ կիսագրագետ ու անգրագետ խորհրդատուներով, բացարձակապես անզոր է ժամանակակից ուժային աշխարհում, որտեղ իրական արժեք ունեն միայն ուժն ու այն կառավարող խելքը։
Աշխարհում և աշխարհաքաղաքական կյանքում ներկա վիճակն այնպիսին է, որ ասվածի իսկության մեջ համոզվելու համար ոչ գիտելիք է պետք, ոչ էլ հասկացողություն, և մի քիչ ավելի ուշադիր նայելու դեպքում կարելի է անզեն աչքով տեսնել, որ արդեն չորս տարի ձգվող ու ահռելի կորուստներով ուկրաինական պատերազմը ծնվեց միմիայն Արևմուտքի ու Ռուսաստանի ուժային բնույթի հակասություններից, և ներկայում էլ, նույն պատերազմի վիճակը որոշվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ուժային հարաբերություններով։
Իսկ հարաբերական իմաստով ուժ չունեցող, բայց ահռելի քաղաքակրթական արժեք ունեցող Եվրոպան և պատերազմի անմիջական օբյեկտ Ուկրաինան էլ որևէ ձևով այդ պրոցեսին խառնվել անգամ չեն կարող։
Կոնցեպտուալ իմաստով համարյա նույն վիճակում ենք մենք, որի հնարավոր որևէ լուծումը կլինի Ռուսաստանի և Թուրքիայի ուժային հարաբերությունների որևէ կոմպրոմիսային արդյունք։
Այն հույսերը, որոնք մեր որոշ շրջանակներ կապում են Արևմուտքից եկող օգնության հետ, պարզապես անիմաստ են, որի մասին խոսում է և պատմական փորձը, և այն, որ Եվրոպան ինքն իրեն չի կարողանում օգնել, էլ ուր մնաց, թե ուրիշին օգնի։
ԱՄՆ-ն էլ իր ուժերն ու հնարավորությունները լիովին օգտագործելու բոլորովին նոր թատերաբեմ ունի և մեր տարածաշրջանում իր շահերի ուղղորդող տեսնում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։
Այստեղից էլ ավտոմատիկորեն ստացվում է, որ մեր հարցը, այն էլ, առանց մեր մասնակցության ու Իրանի թեթևակի հնարավոր մասնակցությամբ, որոշվելու է որպես ուրիշներ ուժային կոմպրոմիսի արդյունք։
Եվ այս պրոցեսին, ուրիշների լավն ու վատը լինելու տեսանկյունից, մեր կողմից տրվող գնահատականները պարզապես խոսում են մեր աշխարհաքաղաքական տգիտության մասին։
Մեկ անգամ ևս պետք է մեր գավառական ականջին օղ անենք, որ աշխարհում լավ ու վատ չկա, այլ կա ուժ, խելք ու շահ, որտեղ հարցերը լուծվում են ուժի հնարավորինս մեծ լինելով և խելքի կողմից դրա ռացիոնալ կերպով կառավարվելով ու առավելագույն շահ ստանալով։
Մեր ամենամեծ պրոբլեմն էլ գավառական ուղեղից հրաժարվել չկարողանալն է, որն էլ հնարավոր է միայն հզորների գործերի մաս դառնալով և առավելագույնս չհրաժարվելով սուվերենիտետից:
Պավել Բարսեղյան