Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Եթե մենք իրապես ազնիվ լինեինք ինքներս մեզ հետ, ապա մեր հրապարակներում պիտի բոլորովին այլ արձաններ վեր խոյանային

Եթե մենք իրապես ազնիվ լինեինք ինքներս մեզ հետ, ապա մեր հրապարակներում պիտի բոլորովին այլ արձաններ վեր խոյանային
09.04.2026 | 16:00

Երբևէ, քայլելով մեր քաղաքների փողոցներով, մտածե՞լ եք, թե ինչը կամ ով է մեզ ամեն քայլափոխի հիշեցնում անցյալի մասին։ Հայկ Նահապետ, Սասունցի Դավիթ, Գարեգին Նժդեհ, Զորավար Անդրանիկ... Հերոսներ, որոնք մարմնավորում են ուժ, ազատություն ու արժանապատվություն։

Բայց եկեք անկեղծ լինենք՝ արդյո՞ք սա է մերօրյա իրականությունը։

Եթե մենք իրապես ազնիվ լինեինք ինքներս մեզ հետ, ապա մեր հրապարակներում պիտի բոլորովին այլ արձաններ վեր խոյանային։

Օրինակ՝ ինչո՞ւ չկա Ջեֆերսոնի կամ Լինքոլնի արձանը, ո՞ւր է Բենջամին Ֆրանկլինի հուշարձանը՝ այն 100 դոլարանոցի դեմքը, ռուսական 500 ռուբլու Պետրոս I կայսեր հուշարձանն ու եվրոյի վրա պատկերված Եվրոպա աստվածուհու արձանը, որի առաջ շատերը պատրաստ են ծնկի գալ, ուրանալ սկզբունքներն ու վաճառել անգամ ամենանվիրականը։

Ինչո՞ւ չկան համաշխարհային ու տեղական քաղաքական կուռքերի՝ Թրամփի, Մակրոնի, Պուտինի կամ մեր նախկին ու ներկա նախագահների արձանները բոլոր բակերում։

Չէ՞ որ մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ անձապաշտությունը, փողասիրությունն ու կուռքապաշտությունը դարձել են նոր կրոն։ Մենք խոնարհվում ենք շեֆին և փողին, բայց շարունակում ենք կեղծավորաբար ծաղիկներ խոնարհել նրանց արձաններին, ովքեր սովորեցնում էին հակառակը։

Համաձայնեք՝ արդար չէ:

Եթե փողն է մեր գերագույն արժեքը, ապա ինչո՞ւ ենք թաքցնում մեր իրական սերը։ Միգուցե ժամանակն է, որ նոր կառուցվող Քրիստոսի արձանը և առհասարակ, քարեղեն հերոսներին ու սրբերին փոխարինենք կանաչ թղթադրամների պատկերներո՞վ, որպեսզի արտաքին տեսքը համապատասխանի մեր ներքին դատարկությանը։

Պարադոքս է՝ մարդիկ գիտեն ամեն ինչի գինը, բայց չգիտեն ոչ մի բանի արժեքը։ Ախր կուռքապաշտությունը միայն անհատներին պաշտելը չէ, դա սեփական մտածողությունը ուրիշի կամքին կամ նյութական շահին հանձնելն է։ Մի երկրում, որտեղ քաղաքական առաջնորդը, կուսակցական, էսինչական ու էնինչական լինելը կամ դոլարի կուրսը դառնում է ավելի կարևոր, քան մարդկային որակն ու պետական շահը, մենք անմիջապես վերածվում ենք մանրադրամի։

Իմ կարծիքով՝ քանի դեռ ունենալը ավելի կարևոր է, քան լինելը, մենք կմնանք հավերժական խոնարհվողներ՝ փնտրելով հերթական տիրոջը կամ հերթական թղթադրամը։

Հետաքրքիր է՝ իսկ որոշները ո՞ւմ կամ ինչի՞ առաջ են խոնարհվում, երբ ոչ ոք չի տեսնում...

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 7011

Մեկնաբանություններ