Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Թվեր և փաստեր

Թվեր և փաստեր
28.05.2026 | 13:25

2004-ի հունվարին Միխեիլ Սաակաշվիլին ստանում է քվեների 96,2%-ը և դառնում Վրաստանի նախագահ:

2004-ի դեկտեմբերին Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա տրանսպորտային եռակողմ հանձնաժողովը սկսում է քննարկել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման նախագիծը:

2005-ի փետրվարին Վրաստանի Գորի քաղաքում պայթեցվում է Ոստիկանության բաժանմունքը: Երեք ոստիկան մահանում է, մոտ 30 քաղաքացիական անձ` վիրավորվում: Նախագահ Սաակաշվիլին պնդում է, որ ոճրագործները «Վրաստանի թշնամիներն էին», բայց անուններ չի տալիս:

2005-ի ապրիլին, երբ տրվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մեկնարկը, երեք երկրների նախագահները հայտարարեցին, որ արդեն կարելի է միջոցներ հայթայթել ԲԹԿ երկաթգծի կառուցման համար: Նույն ամսվա ընթացքում Սաակաշվիլին պահանջեց արագացնել ՌԴ զինված ուժերի Վրաստանի տարածքից դուրս բերել: Դուրս բերելու պարտավորությունը ՌԴ-ն ստանձնել էր 1999-ի նոյեմբերի 18-ին ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովում: Նույն գագաթնաժողովում ստորագրվեց ԲԹՋ նավթամուղի կառուցման համաձայնագիրը: ՌԴ նախագահ Ելցինը այդ գագաթնաժողովում վեճի բռնվեց արևմտյան առաջնորդների հետ և վաղաժամ լքեց այն (մեկ ամիս անց նա հրաժարական տվեց):

2005-ի մայիսին Վրաստանն ու ՌԴ-ն ստորագրում են ռուսական զորքերը Վրաստանի տարածքից դուրս բերելու մասին հռչակագիրը:

2005-ի հուլիսին Վրաստանի պառլամենտի ղեկավարները պնդում են, որ Գորիի պայթյունը ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է: Հարաբերությունները հետզհետե սրվում են:

2006-ի մարտին ՌԴ-ն արգելում է վրացական գինիների և հանքային ջրերի ներմուծումը Ռուսաստան` վնասակար նյութերի առկայութան պատճառով:

2006-ի սեպտեմբերին վրաց իրավապահները ձերբակալում են ՌԴ ռազմական հետախուզության 4 սպա և 12 վրացի` նրանց մեղադրելով լրտեսության մեջ: Իրավապահները նաև շրջափակում են Վրաստանում` ՌԴ զինված ուժերի գլխամասը, պահանջելով իրենց հանձնել 5-րդ սպային, ով մեղադրվում էր Գորիի պայթյունը կազմակերպելու մեջ:

2007-ի սեպտեմբերին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը Վրաստանին է հատկացնում` երկաթգծի կառուցման համար նախատեսված առաջին վարկը: ԵՄ-ն ու ԱՄՆ-ը հրաժարվեցին այն ֆինանսավորել, քանի որ անընդունելի էին համարում Հայաստանի դուրս մղումը տարածաշրջանային ինտեգրացիայից: ԵՄ-ին այդ ծրագիրը պետք չէր, իրենց այլ ծրագիր էր պետք:

2007-ի նոյեմբերին, վերջնաժամկետից մեկ տարի շուտ, ՌԴ-ն դուրս է բերում իր զորքը Վրաստանից:

2008-ի մայիսին ՌԴ ինժիներական զորքերը ժամանում են Աբխազիա և սկսում վերակառուցել Աբխազիան ՌԴ-ի հետ կապող երկաթգիծը: Աբխազիայի ղեկավարությունը պնդում է, որ դա կրում է մարդասիրական բնույթ: Վրաստանը միջազգային կառույցներին իր բողոքի նոտան է ներկայացնում, պդնելով, որ դա կրում է զուտ ռազմական, ոչ թե մարդասիրական բնույթ:

2008-ի հունիսին ռուսական զորքերը ավարտում են 58 կիլոմետր երկարությամբ երկաթգծի և մի քանի կամուրջների վերականգնումը: Նույն ամսվա ընթացքում կտրուկ սրվում է իրավիճակը Չեչնիայում, Դաղստանում և Ինգուշեթիայում:

2008-ի հուլիսին Թուրքիայի Կարս քաղաքից սկսում են կառուցել ԲԹԿ երկաթգծի թուրքական հատվածի առաջին ռելսերը:

2008-ի օգոստոսին սկսվում է ռուս-վրացական հինգօրյա պատերազմը: Ռուսական զորքերը մտնում են Վրաստան և գրավելով, իջնում մինչև Գորի: Հետ քաշվելուց առաջ ՌԴ զորքերը պայթեցնում են Վրաստանի կենտրոնում գտնվող Կասպի քաղաքի կամուրջը, որը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կարևոր հանգույց էր: Պայթեցվում են նաև Աբխազիան ու Օսիան Վրաստանի հետ կապող կամուրջները:

Նույն 2008-ի հունվարին ՈՒկրաինան սկսում է բանակցությունները ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի շուրջ:

2013-ի նոյեմբերին Յանուկովիչը հրաժարվում է ստորագրել արդեն բանակցված և համաձայնեցված ասոցացման պայմանագիրը: Անմիջապես սկսվում է Եվրամայդանը:

2014-ի փետրվարին նախագահ Յանուկովիչը հրաժարական է տալիս: 5 օր անց ՌԴ-ն մտնում է Ղրիմ, հետո Դոնբաս:

2014-ի հունիսին Պորոշենկոն դառնում է նախագահ, ՈՒկրաինան ստորագրում է ասոցացումը և սկսում է բանակցել ԵՄ-ի հետ սովետական 1,520մմ-նոց երկաթգծի մի հատվածը եվրոպական ստանդարտի 1,433մմ-նոց երկաթգծով փոխարինելու և արևմտյան Լեհաստանի հետ կապելու նախագիծը, որը և ի սկզբանե նախատեսված էր եվրաասոցացման համաձայնագրով: Սակայն Պորոշենկոյի տարիներին գործը տեղից չի շարժվում Դոնբասում հակամարտության էսկալացիայի վտանգի պատճառով:

2019-ի մայիսին Զելենսկին ընտրվում է նախագահ, իսկ նոյեմբերի 28-ին ՈՒկրաինան վերադառնում է թեմային և իր ներդրումային ատլասում ներառում է եվրոպական լայնքով երկաթգծի կառուցման կետը:

2019-ի դեկտեմբերի 9-ին տեղի է ունենում Պուտինի և Զելենսկու առաջին և վերջին հանդիպումը Փարիզում Նորմանդական ֆորմատով: 8 ժամ տևած բանակցությունները ավարտվում են անպտուղ:

2020-ի փետրվարին ՈՒկրաինայի կառավարությունը հաստատում է երկու կարճ ճյուղերի կառուցման նախագծերը երկրի արևմուտքում (Մոստիսկայում և Յագոդնիում):

2021-ի փետրվարին ՈՒկրաինան հայտարարում է, որ նախատեսում է կառուցել 2000 կմ եվրոպականացված երկաթգիծ որը կանցնի ողջ երկրի երկայնքով Լվովից մինչև ՌԴ սահման: Ապրիլին Պուտինը իր տարեկան զեկույցի ընթացքում զգուշացնում է Արևմուտքին չհատել ՌԴ-ի «կարմիր գծերը»: Մայիսին նա հրապարակում է իր հոդվածը ռուս-ուկրաինական միասնության մասին: Նոյեմբերին ՌԴ-ն զորք է սկսում կուտակել ՈՒկրաինայի սահմանին զորավարժության անվան տակ: Դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակում է ՆԱՏՕ-ն դեպի արևելք չընդլայնելու մասին իր կողմից առաջարկվող համաձայնագրի կետերը:

2022-ի հունվարին ՆԱՏՕ-ն մերժում է համաձայնագիրը: Փետրվարին սկսվում է պատերազմը:

2025-ի սեպտեմբերին շահագործման է հանձնվում առաջին եվրոպականացված գիծը, սակայն դեռևս միայն արևմտյան ՈՒկրաինայի ՈՒժգորոդ քաղաքում:

Հետսովետական երկրներում երկաթգծերի բոլոր բարեփոխումները միշտ ներկայացվում են որպես բիզնես ծրագրեր, բայց իրականում միշտ կրում են ռազմական նշանակություն: Կա երկաթգիծ՝ ՆԱՏՕ-ն կարող է զորք բերել, չկա երկաթգիծ՝ չկա զորք: Լեհաստանը մինչ օրս չի փոխել իր տարածքի արևելյան կեսի վրա դեռ ցարական Ռուսաստանի ժամանակվանից գտնվող երկաթգծի լայնությունը, իր մյուս արևմտյան կեսի հետ համատեղելի դարձնելու համար: Լեհերը, որ ՌԴ-ի հետ ընդհանուր սահման չունեն (արանքում Բելոռուս կա), մինչ օրս դա չեն անում, քանի որ գիտեն` ինչ ինտիմ բնույթի հարց է դա Ռուսաստանի համար և ինչ հետևանքներ կարող է ունենալ: Մինչև ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը դա չէին արել նաև Մերձբալթյան երկրները: Պատերազմի մեկնարկից անմիջապես հետո նրանք էլ են սկսել եվրոպականացնել երկաթգիծը ու կավարտեն մի 4 տարուց: Նույն վիճակը Ֆինլանդիայում է: Իսկ օրինակ Իրանի երկաթգիծն ի սկզբանե կառուցվել է Եվրոպական ստանդարտներով:

Ռուսաստանը ունի երկու աշխարհաքաղաքական էրոգեն զոնա, երկու «կարմիր գիծ»՝ մեկը իր միջուկային զենքն է, մյուսը իր սահմանակից տարածքների երկաթգծերը: Դրանցից ավելի ինտիմ կետեր չկան:

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1104

Մեկնաբանություններ