ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Անցյալի ստվերները՝ ներկայի շեմին

Անցյալի ստվերները՝ ներկայի շեմին
07.08.2026 | 15:45

(կամ՝ Շահխաթունուց մինչև վարչաբենդ)

Երբ 1996-ի հուլիսին «Երեկոյան Երևան» թերթում հրապարակում էի Աղասի Խանջյանի քրոջ դստեր՝ տիկին Լարիսա Ժուրուլիի հետ իմ հարցազրույցը, առավել քան վստահ էի, որ բոլշևիկյան բռնությունների, շինծու զրպարտությունների, «ժողովրդի թշնամու» պիտակավորումների ու բարոյական հալածանքների մղձավանջն անվերադարձ անցյալում է։

Հավատում էի, որ պետականակերտ ու ազգային գործիչներին ոչնչացնելու, նրանց ընտանիքները ծանրագույն զրկանքների ու նվաստացումների ենթարկելու այդ ճիվաղային դարաշրջանն այլևս երբեք չի կրկնվի մեր հողում։

Այն ժամանակ թվում էր, թե 30-ականների արհավիրքը վերջնական ու սրբազան դաս է դարձել, իսկ ազգի արյան ու արցունքի գնով ձեռք բերված դառը փորձը հավերժ պատվաստել է մեր ժողովրդին նմանատիպ աղետներից։

Խորապես համոզված էի, թե «արյունոտ անցյալի» սարսռեցնող վերհուշը միանգամայն բավարար էր՝ սեփական արմատներին, հավատքին, տեսակին ու պետականությանը այլևս երբեք չդավաճանելու համար։

Այսօր, սակայն, ստիպված ենք ցավով, տագնապով ու խորը դառնությամբ արձանագրել․ անցյալի մութ ու արյունոտ ստվերները վերստին պարուրել են մեր իրականությունը։ Մղձավանջը վերադարձել է․ նույնն են անմեղ մարդկանց թիրախավորելու, սրբություններն ու ազգային արժեքները ոտնահարելու, անհատին ու պետականությունը բարոյապես կործանելու դահճային մեթոդներն ու անփոփոխ ձեռագիրը։

Փոխվել են միայն դերակատարներն ու ժամանակի դիմակները։

Անցյալ դարի 30-ականներին ֆիզիկապես ոչնչացնում էին ազգի տեսակն ու գենոֆոնդը։ Հիմա ականատես ենք մի ողջ նվիրյալ սերնդի ցեղասպանման փաստին։

Այսօր էլ անխափան «արտադրվում են» շինծու գործեր, իսկ արդարադատության դահլիճները վերածվում են մարդկային ճակատագրերի կործանման ու մահվան թատերաբեմի։ Ասվածի ցնցող ու ցավալի վկայությունը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ողբերգությունն էր, ում կյանքն ընդհատվեց հենց դատարանի դահլիճում՝ անօրինականության ու բարոյական բռնության անմիջական ականատեսների աչքի առաջ։

Նախկինում «Թոխմախի» գերեզմանատանը Խանջյանի հարազատների վրա ատամները կրճտացնող ու «ժողովրդի թշնամիներ» պիտակավորող ինչ-որ Շահխաթունի կար։ Ներկայում նույն վարքագիծն է դրսևորում ինքնահռչակ վարչախումբը՝ պետական ամբիոններից ու հրապարակներից բացահայտ սպառնալով «չոքըցնել, կզըցնել, սատկըցնել ու բոմժ սարքել» բոլոր նրանց, ովքեր համարձակվում են հակառակվել իրենց կործանարար ընթացքին։

Ինչպես 1930-ականներին հանիրավի զրպարտում ու վարկաբեկում էին Խանջյանին ու նրա անմեղ ընտանիքին, այնպես էլ այսօր ականատեսն ենք պետական ու ազգային-հոգևոր ինստիտուտների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին հնչող աննախադեպ հարձակումներին, նսեմացման ու վարկաբեկման նեոբոլշևիկյան փորձերին։

Խառնակությամբ, բռնություններով ու ազգային նվաստացումներով հագեցած մաշող ներկան էր, որ ստիպեց կրկին թերթել Չարենցի՝ յոթ սոնետից բաղկացած «Դոֆինը նաիրական» ողբերգական շարքը․ այն նույն շարքը, որտեղ նաիրյան ոգու երգիչն անհուն ցավով, ճչացող մարգարեությամբ ու արյան կանչով ողբում էր Խանջյանի կորուստն ու «նաիրյան տեսակի» դեմ իրականացվող դահճային դավադրությունը։

Այդ մղձավանջային զուգահեռների ճնշման տակ էր, որ Ազգային գրադարանի թվային արխիվում գտա ու կրկին վերանայեցի 30 տարվա վաղեմության իմ հարցազրույցը տիկին Ժուրուլիի հետ։

Որքա՜ն նույնական են ու սահմռկեցուցիչ զուգահեռները․ պատմությունը դարձյալ կրկնվում է իր ամենաարյունոտ ու դաժան դրսևորումներով։

30 տարի առաջ տիկին Լարիսայի շուրթերով հնչած զգուշացումը՝ «Բոլշևիկների վերադարձից առավել մեծ չարիք չի կարող լինել․․․ Բավ են անցյալի կորուստները», այսօր ստանում է նոր ու տագնապալի իմաստ։

Աղասի Խանջյանի զարմուհու եզրահանգումն աներկբա հիշեցում է առ այն, որ սեփական արմատներն ու սրբությունները ոտնահարող հասարակությունը, ի վերջո, կանգնում է ինքնակործանման ու պետականության կորստի անդունդի առջև։

Ստորև ընթերցողին եմ ներկայացնում 1996 թ․ հուլիսի 3-ի իմ հրապարակումը, որը, ավա՜ղ, այսօր էլ հնչում է որպես արթնության ղողանջ։

«Եվ ինչու՞ կյանքը զոհաբերեց կարմիր ոչնչությանը՝ բոլշևիզմին»

«Կարմիր անցյալ»... կորուստների (տարածքային, մարդկային, գեն ու արմատի) տարեգթություն:

Այսօր մեզ, թերևս ավելի, քան որևէ ուրիշ ազգի, պետք է անցյալի սարսռեցնող վերհուշը, քանզի մեզ, թերևս ավելի, քան ուրիշ որևէ ազգի, պետք չէ «անցյալը», որի ցանկացած էջ ներկված է արցունքով ու նահատակների արյան կարմիրով:

Արյան բոսոր... ա՞յս է իրական գույնը մեր անցյալի՝

Այս ... իբրև հույսի՛

Եվ ... լույսի դարում:

Այդ «անցյալից» որոշ հատվածներ վերակենդանացնելու ակնկալիքով այցելեցի բժշկական համալսարանի պրոռեկտոր, միկիոկենսաբան, պրոֆեսոր ԼԱՐԻՍԱ ԴԱՎԹԻ ժՈՒՐՈՒԼԻԻՆ, որ է՝ դուստրը ԱՂԱՍԻ ԽԱՆՋՅԱՆԻ ավագ քրոջ Սրբուհի Խանջյանի:

Սա այն հազվագյուտ այցերից էր, երբ գնում ես, ունկնդրում զրուցակցիդ ու ռելյայն արտահայտում հոգիդ պարուրած ակնածանքը: Անցյալը մարմնավորված դուրս էր հորդում այս կնոջ շուրթերից ու հառնում իմ դիմաց:

Հաճախ հուզվում էր, հուզում։

Կարկամած էի, լուռ:

Յուրաքանչյուր սփոփիչ խոսք տարտամ ու ճղճիմ պիտի հնչեր:

Մեծարանքի, երախտիքի այց էր սա:

- Իրեն հարգող ոչ մի երկիր, իր ժողովրղի ապագայի մասին քիչ թե շատ մտածող ոչ մի ազգ,- բառերը հատ-հաւր շեշտեց տիկին Լարիսան,-երբեք չպետք է երազի բոլշևիզմի վերադարձը, երբե՛ք։

- Առավել ևս հայերս, որպեսզի էլ ոչ մի հայ բանաստեղծ ցավից չճչա․

Ջնջվու՜մ է,

Կորչու՜մ,

Իմ ազնիվ սերմը,

Տեսակն ու սե՛ռը...

- Հենց այդպես՝ Էմինի շնչով: Բոլշևիզմի վերադարձից առավել մեծ չարիք չի՛ կարող լինել թե՛ Ռուսաստանի, թե՛ մյուս երկրների ու առավել ևս Հայաստանի համար: Բա՛վ են անցյալի կորուստները, նվաստացումները, որից գրեթե ոչ մի ընտանիք անմասն չմնաց։

Ծանր, շատ ծանր եմ ապրում անցյալի վերհուշը ու չեմ ցանկանա, որ տասնամյակներ անց կրկնվի նույն մղձավանջը:

- «Բայց այսօր էլ հրաշք կյանքով չենք ապրում»՝ Ձեր բառերը կարդալուց հետո կհակաճառեն շատերը:

- ճիշտ է վատ ենք ապրում։ Բայց ինչու՞, ու՞մ մեղքով․․․ «կարմիր անցյալի»։ Այսօր մենք ճաշակում ենք երեկվա կոմունիզմի դառը պտուղները

Հետո տիկին Լարիսայի շուրթերից մարմին առավ նրա Աղասի քեռին։

ԽԱՆՋՅԱՆՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

Ղևոնդ էֆենդին ու տիկին Թագուհին չորս դուստր և մեկ որդի ունեին՝ Սրբուհի, Աղասի, Մայիս (խարտյաշ, կապույտ աչքերով գեղեցկուհի, որ գաղթից հետո, 15 տարեկանում մահացավ կարմրուկից), Ալիս և Իրիս: Սրբուհին, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից վախճանվեց 1964-ին, ամուսնացավ կիսավրացի Դավիթ ժուրուլիի՝ հոյակապ ու բարի մի անձնավորության հետ: Նրանք երկուսն էլ շատ տառապեցին ու հալածվեցին որպես «ժողովրդի թշնամու» քույր ու փեսա: Նրանց մեղադրեցին. «Լինելով ժողովրդի թշնամի Աղասի Խանջյանի հարազատները, ապրում են բոլշևիկի տանը»։

Դավիթ Ժուրուլին տղամարդ և երկարամյա բոլշևիկ, իր տանն օթևան էր տվել Խանջյանի ծնողներին։

Նրանց զրկեցին աշխատանքից, թոշակից, վտարեցին այն բնակարանից, որը Դավիթինն էր ու ոչ մի կապ չուներ Խանջյանի հետ:

Ալիսը մահացավ 1993-ին:

Նրա դուստրը Նատալյա Գոնչարը (թարգմանչուհի) բնակվում է Երևանում: Իսկ Ալիսի որդին աշխարհահռչակ մաթեմատիկոս Անդրեյ Գոնչարը ռուսական Գիտությունների Ակադեմիայի փոխպրեզիդենտն է:

Միակ ողջը 87-ամյա Իրիսն է: Բնակվում է Մոսկվայում: Նա ուսանող հասակից տեղափոխվեց Մոսկվա և ամուսնացավ Գուրգեն Մահարու եղբոր՝ բանաստեղծ Խորեն Ռադիոյի հետ:

ԽԱՆՋՅԱՆԻ ՀԱՅՐԸ

- Տիկին Լարիսա, պատմեք Ղևանդ էֆենդու մասին։

- Մեծ հայրիկս,- այդպես էի անվանում պապիս, չափազանց կիրթ, լայն մտահորիզոնի տեր, զարգացած անձնավորություն էր: Նա Վանում գրականության դասեր էր տվել: Տիրապետում էր օտար լեզուների: Հիշում եմ՝ հաճախ էր ասում քեռուս.

«Միակ ափսոսանքս, որ ռուսերեն չգիտեմ: Պիտի սովորեի, եթե ավելի ջահել լինեի, որպեսզի բնագրով Դոստոևսկի կարղայի»:

Պապիկս եղել էր նաև Վանի դպրոցների հոգաբարձուների խորհրդի ղեկավարներից մեկը, ակտիվորեն մասնակցել սոցիալ-քաղաքական կյանքին: Ի դեպ, Աղասուն հետմահու մեղաղրում էին նաև անցյալի համար, որն իբր թաքցրել է:

- Անցյալ ասելով ի՞նչը նկարի ունեին:

- Պապիկիս անցյալը, նրա կյանքի որոշ «մութ էջերի» համար հետագայում մեղադրեցին նաև ծնողներիս։

- Բայց ի՞նչ «մութ էջեր», երբ Ղևոնդ էֆենդին, ինչպես ասացիք, ուսուցիչ էր։

- Կար մի «բայց», որն ամենայն մանրամասնությամբ պարզաբանեցի սրանից 10 տարի առաջ: Պատարաբար ձեռքս ընկավ Հայաստան բերված (չեմ հիշում որ երկրից) Վանի հերոսամարտրին նվիրված մի գիրք: ՈՒ քանի որ մեծ հայրիկս Վանի չափազանց հայտնի ու հարգված այրերից մեկն էր, ապա զրքում հատուկ բաժին էր նվիրված Խանջյանների ընտանիքին։

Հատկապես հիշում եմ այն փաստը, թե, «Ղևոնդ էֆենդին ոչ միայն դպրոցների հոգաբարձուների խորհրդի, այլ նաև Վանի ոստիկանական խորհրդի անդամ էր»։

Բացատրված էր նաև, թե «Ոստիկանական հանձնաժողովը կազմված էր քաղաքի անվանի մարդկանցից, ովքեր և հսկում էին ոստիկանության գործունեությունը»:

- Բայց արդյո՞ք այդ փաստը Խանջյանը թաքցրել էր հետագայում։

- Գիտեմ միայն այն, որ 1934-ին ինչ-որ մեկը զրպարտազիր էր ուղարկել վերևներին, թե «Խանջյանի հայրը Վանում ապրելու տարիներին ոստիկանապետ է եղել»: Սկիզբ էր առել տհաճ մի պատմություն: ՈՒրիշների անցյալը փորփրել սիրողներից և ոչ մեկին չէր մտահոգել այն իրողությունը, որ Ղևոնդ էֆենդին ուսուցիչ էր, չուներ զինվորական կոչում, հետևաբար, չէր կարող նման աթոռ զբաղեցնել:

Խանջյանը, իհարկե, բացատրել էր, «հավատացել» էին, բայց նրա մահից հետո զրպարտությունը՝ «Ղևոնդ էֆենդին ոստիկանապետ է եղել», նորից շնչավորվեց: Այս անգամ կրակն իրենց վրա վերցրին ծնողներս Սրբուհին ու Դավիթը: - Իսկ Դուք տեղյա՞կ եք, թե Խանջյանների ընտանիքն ինչպես փրկվեց կոտորածից:

- Ինձ հայտնի է այսպիսի փաստ. բավականին ճանաչված բարձրաստիճան մի թուրք զինվորական զգուշացնում է մեծ հայրիկիս, թե. «Ղետնդ էֆենտի, վերցրու ընտանիքդ և անմիջապես փախիր Վանից: Ոչ մեկին ոչինչ չասես, բայց կա հատուկ ցուցակ, թե որ ընտանիքները պետք է ոչնչացվեն: Քո անունն առաջինն է այդ ցուցակում»:

Պապիկս հավաքում է ընտանիքն ու հապճեպ հեռանում: Երբ հասնում են Երեւան, ձեռքերին մի քիչ գումար է լինում և տատիկիս ու մայրիկիս կրած զարդերը:

- Ղևոնդ էֆենդին Վանից հեռացավ սուսուփու՞ս։

- Ոչ, իհարկե: Փրկեց շատ ծանոթ-բարեկամների ընտանիքներ ևս: Այդ թվում Աճեմյաններին:

- Ձեր գերդաստաններն ազգակցական կապեր ունեին, եթե չեմ սխալվում:

- Վարդան Աճեմյանի և Աղասի Խանջյանի մայրիկները հարազատ քույրեր էին: Վարդանի մայրը վաղամեռիկ էր, վախճանվել էր դեռևս Վանում: Իսկ Վարդանն ու եղբայրը Գառնիկը (աքսորվեց, իսկ հետո զոհվեց պատերազմում) մեծացել էին մեր տանը: Նրանց հայրը՝ Սկրտիչ էֆենդին, չափազանց խելացի ու պատրաստված մարդ էր: Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) լենինականյան մասնաճյուղի հաշվավարն էր: Նրան, որպես եվրոպական լրտեսի, ոչնչացրին 1937-ին:

- Իսկ որքա՞ն ապրեց Ղևոնդ էֆենտին:

- Աղասու թաղումից հաշված օրեր անց ընկավ անկողին ու էլ վեր չկացավ: Վախճանվեց 1938-ի հուլիսի 18-ին: Ոչ ոք չեկավ վերջին հրաժեշտը տալու Ղևոնդ էֆենդուն, անգամ մտերիմ հարազաոնները: Կյանքը կախված էր մազից ու վտանգավոր էր մասնակցել «ժողովրդի թշնամու» հոր հուղարկավորությանը: էֆենդու փեսան՝ Դավիթ ժուրուլին, բերեց ձիուն լծված մի սայլ, ու դժբախտ ծերունու աճյունը ընտանիքի անդամները տարան «Թոխմախ»... Երբ այցելում էինք մեծ հայրիկիս շիրիմին, գերեզմանատանն աշխատող սարսափելի մի մարդ Շահխաթունի ազգանունով ատամներն էր կրճւրացնում.

«Է՜յ, դու՛ք, ժողովրդի թշնամիներ, նորի՞ց հայտնվեցիք»։

Քանի որ ուժ չունեինք գերեզմանը սարքելու, ընդամենը մի վահանակ ամրացրինք, որը ոչնչացրին։ Իսկ հետո կորցրինք գերեզմանը: Այդպես կամեցան։ Մի օր գնացինք և ի՞նչ, շիրմաթումբն հողին էր հավասարեցված: ՈՒ՞մ կարող էինք բողոքել, կամ ի՞նչ կարող էինք ասել: Մեզ համար ճիշտը լռելն էր։

ԽԱՆՋՅԱՆԻ ՄԱՅՐԸ

Կանայք ավելի դիմացկուն են։ Այս եղերամայրն էլ դիմագրավեց կյանքի հարվածներին: Թագուհի Խանջյանը (օրիորդական ազգանունը՝ Աջամ-Խաչոյան) շատ հարուստ ընտանիքից էր: Մեծ կրթություն չէր ստացել, այնուամենայնիվ, զարգացած կին էր: Հատկապես որդու սպանությունից հետո նա մխրճվեց ընթերցանության մեջ: Շատ էր կարդում Դոստոևսկուն, Տոլստոյին: Սիրած գրքերից էր նաև Ալ. Տոլստոյի «Պետրոս Մեծը»:

Պաշտում էր որդուն, որն առանձին էր ապրում: ՈՒ թե Ղևոնդ Էֆենդին չզսպեր կնոջը՝ Թագուկին, ապա նա ամեն օր ոտքով կհաղթահարեր Կոնդի բարձունքը, մշտազբաղ որդուն նայելու, թեկուզ մեկ բառ փոխանակելու համար: Նա շատ էր սիրում նաև հարսին՝ Ռոզային:

Տիկին Թագուհին, թեև չէր խոսում ռուսերեն, իսկ Ռոզան էլ վատ գիտեր հայերեն, բայց նրանք շատ էին կապված միմյանց: Նա ծանր էր կրում «ժողովրդի թշնամու» մոր բեռը, և մենախոսում էր հաճախ.

«Ես կապրեմ այնքան, մինչև տղայիս պատիվը վերականգնվի: Իմ որղին ինքնասպան չի եղել: Նա ոչ մեկին չի դավաճանել։ Նա այն կաթը չի կերել, որ ղավաճան ղառնար: Ես եմ նրան ծնել... մայրն ավելի լավ գիտե իր որդուն: Աղասին չէր կարող այդ անել, նա նվիրված էր իր գործին ու հայրենիքին: Ես կապրեմ, ինձ Թագուհի կասեն: Ինձ երբեք էնքան Թագուհի չեմ զգացել, ինչպես այժմ: Ես կապրեմ, որպեսզի տեսնեմ իմ Թագուհի անվան վերականգնումը»:

ՈՒ երկար ապրեց՝ 90 տարի, մինչև 1967-ը։

- Տատիկիս փառքով թաղեցինք: Պապիկիս կարծեցյալ գերեզմանատեղից էլ հող բերեցինք, դրեցինք տատիս աճյունի կողքին ու վրան գրեցինք Խանջյան Ղևոնդ Գևորգի:

Ի դեպ, քեռուս՝ Աղասու իսկական անունը Գևորգ էր: Տատիկս վաղամեռիկ եղբայր է ունեցել, որի անունով էլ տատիկիս մայրը Գևորգին անվերջ Աղասի է կանչել: Այդպես էլ սկսել են անվանել Աղասի:

- Իսկ փաստաթղթե՞րը:

- Երբ Վանից հասել են Երևան, հետները ոչինչ չեն ունեցել, անգամ ինքնությունը հաստատող թղթեր: Այդպես էլ Գևորգը գրվել է Աղասի:

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

«Երեկոյան Երևան»

Հուլիսի 3,1996 թ․

Դիտվել է՝ 496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ