«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

Ինչու՞ է հավատը մեռած՝ առանց գործերի

Ինչու՞ է հավատը մեռած՝ առանց գործերի
12.04.2026 | 14:23

(Ուշադիր կարդալու)

Ս.Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակի օրը լավագույն առիթն է խորհելու հավատքի և գործի կապի մասին։ Հովհաննես Մկրտիչը չբավարարվեց միայն Աստծո մասին քարոզելով, այլ նրա հավատքն արտահայտվեց գործով՝ ճշմարտությունն իշխանավորի երեսին ասելով, ինչի համար էլ նա նահատակվեց։ Իսկ ինչու՞ է այսօրվա ընթերցվածքում Հակոբոս առաքյալը հավատն առանց գործերի համարում «մեռած» (Յակ. 2:14-20)։

1․ Ինչպես ծառը, որը պտուղ չի տալիս, չնայած որ կանաչում է, համարվում է մեռած՝ պիտանի միայն այրելու համար, այնպես էլ հավատքը, որը չի փոխում մարդու վարքագիծը և չի փոխակերպվում բարիք գործելուն, անօգուտ է և համարվում է մեռած։

2․ Ավետարանը սերտելն ու կարդալը լավ բան է, սակայն անօգուտ, եթե դու Ավետարանի կյանքով չես ձգտում և ուզում ապրել։ Դա դարձյալ մեռած հավատի վկայություն է։ Սատանան անգիր իմանալով Աստվածաշունչը Տիրոջը սաղմոսներով էր փորձում՝ մնալով հաստատուն չարության մեջ։

3․ Առաքյալն ինքն է նշում, որ դևերն էլ են հավատում, որ Աստված մեկ է, և նույնիսկ դողում են (Յակ. 2:19), բայց քանի որ նրանք չար են, սեր չունեն, թշնամի են Աստծուն և բարի գործեր չեն անում, նրանց հավատը նրանց չի փրկում։

4․ Հավատքը հոգու շունչն է։ Եթե մարդ չի գործում ըստ իր հավատքի, նշանակում է նրա ներսում այդ շունչը կտրված է։ Նա նմանվում է դիակի, որն արտաքնապես ունի մարմին, բայց չունի դրան կյանք տվող հոգի։

5․ Հավատը գործի վերածեց Նոյ Նահապետը (Ծննդ․ 6), երբ ստանձնեց տասնյակ տարիներ Տապանը կառուցելու ծանր ու երկարատև աշխատանքը։ Եթե նա չկառուցեր, նրա հավատքը կլիներ մեռած և նա կկործանվեր։

6․ Աբրահամն իր հավատն ապացուցեց գործով (Ծնն․ 22)՝ պատրաստ լինելով զոհաբերել իր միակ որդուն։ Նրա անվերապահ հավատքը կատարյալ դարձավ գործի միջոցով։

7․ Անառակ որդին, լինելով օտար երկրում, կարող էր հավատալ, որ հայրը բարի է և ներող։ Բայց քանի դեռ քայլ չէր կատարել և գնացել հոր մոտ, նա մնում էր հոգեպես մեռած։ Նրա վերադարձը եղավ նրա հավատի կենդանացումը (Ղուկ․ 15)։

8․ Մարգարեի բերանով Աստված մեզ կոչ է անում բարիք գործել․ «Վե՛րջ տուէք ձեր չարագործութիւններին։ Սովորեցէք բարի՛ք գործել, արդարութի՛ւն փնտռեցէք, փրկեցէ՛ք զրկուածի՛ն, արդարադա՛տ եղէք որբի հանդէպ, իրաւո՛ւնք տուէք այրուն» (Ես․ 1:16-17)։

9․ Ավետարանական առակում քահանան և ղևտացին ունեին տեսական հավատք և Սուրբ Գրքի անթերի իմացություն, բայց նրանք անտարբեր անցան վիրավորի կողքով։ Սամարացին, ումից հրեաները խորշում էին, իր գործով՝ խնամելով վիրավորին, հասցնելով հիվանդին ապահով տեղ (Ղուկ․ 10)՝ ցույց տվեց կենդանի հավատք։

10․ Առանց գործերի մեռած հավատի վկայություն է, երբ մարդիկ ասում են՝ «ես հոգով հավատում եմ», «իմ Աստվածն իմ ներսում է», «իմ տանը սրբի անկյուն ունեմ», «ես ամեն օր Աստվածաշունչ եմ կարդում», բայց բարիք չեն գործում, հիվանդին չեն հասնում, փորձանքի մեջ հայտնվածին ձեռք չեն մեկնում, անտարբերությամբ լռում են անարդարության առաջ։ Ինչպես տեսնում ենք՝ Աստվածաշունչը նման հավատքը համարում է անպտուղ և անօգուտ։

ԱՅՍՊԻՍՈՎ, մեր քրիստոնեական հավատքը չպետք է լինի միայն «ֆեյսբուքյան» կամ տեսական, սրբերի նկարները պատին տեղադրելով և «ամեն» գրելով։ Հավատը ստերիլ չի կարող լինել։ Պատարագին մասնակցությունը հավատի գործ է, հարազատների, սիրողների ու ատողների, Մայր Եկեղեցու, հոգևոր դասի, հիվանդի, զրկվածի, հալածյալի, գերվածի, ննջեցյալի և բոլոր կարիքավորների համար աղոթելը հավատի գործ է, արդարության համար ձայն բարձրացնելը հավատի գործ է, հիվանդին, բանտարկյալին այցելելը հավատի գործ է, աղքատին կերակրելն ու մերկին հագցնելը հավատի գործ է։

Եթե մենք տեսնում ենք անարդարությունը, ինչպես Հովհաննես Մկրտիչը տեսավ Հերովդեսի անօրենությունը, և լռում ենք, մեր հավատը դառնում է մեռած։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 211

Մեկնաբանություններ