ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Սպառազինության ենթադրյալ փոխանցումը կարող է լրջորեն վնասել Թուրքիայի և ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերություններին

Սպառազինության ենթադրյալ փոխանցումը կարող է լրջորեն վնասել Թուրքիայի և ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերություններին
17.08.2026 | 13:47

Թուրքիան պատրաստվում է Ուկրաինային փոխանցել իր պահեստներում առկա ամերիկյան սպառազինության զգալի քանակություն՝ 12 հատ M270 MLRS կայանքներ, 70 հատ M39 ATACMS բալիստիկ հրթիռներ, շուրջ 2500 հատ M26 հրթիռներ՝ կասետային մարտագլխիկներով, ինչպես նաև 47000 հատ 203 մմ տրամաչափի M509A1 հրետանային արկեր։ Նախատեսվող աջակցության ընդհանուր արժեքը կազմում է մոտ 280 միլիոն դոլար։

Երեկ ՌԴ ԱԳՆ-ն, Վաշինգտոնից և Անկարայից բացատրություններ է պահանջել և նախազգուշացրել, որ սպառազինության ենթադրյալ փոխանցումը կարող է լրջորեն վնասել Թուրքիայի և ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերություններին։ ՌԴ ԱԳՆ-ն նշել է նաև, որ «դեռ ուշ չէ սթափ գնահատել իրավիճակը», և կարիք չկա բացել հերթական «պանդորայի արկղը»։

Դիվանագիտական լեզվից թարգմանաբար՝ դա նշանակում է.

«Թուրքիա, մի՛ արա դա։ Մենք գիտենք, թե ինչ եք պատրաստվում անել։ Եթե այս զենքը սկսի շարժվել դեպի Ուկրաինա՝ հետևանքներ կլինեն»։

Վերջին տարիներին Թուրքիային հաջողվել է պահպանել զարմանալի հավասարակշռություն՝ զենք մատակարարել Ուկրաինային և միաժամանակ համագործակցել Ռուսաստանի հետ՝ էներգետիկայի, առևտրի, զբոսաշրջության և տարածաշրջանային հարցերով։ Մոսկվան հանդուրժել է, քանի որ ինքը ևս Թուրքիայի կարիքն ուներ։ Այժմ այդ համբերությունը միանգամից երկու ուղղությամբ փորձության է ենթարկվում։

Նախ, Սև ծովում քաղաքացիական նավագնացության դեմ հարձակումների դադարեցման Թուրքիայի առաջարկը ՌԴ-ն մերժել էր՝ սպառազինության մատակարարումների մասին նախազգուշացումից մեկ օր առաջ՝ այն որակելով որպես «կիսամիջոց»։

Երկրորդը՝ Թուրքիան փորձում է հանդես գալ որպես միջնորդ և միաժամանակ պատրաստվում է Ուկրաինային փոխանցել հեռահար սպառազինություն։

Այժմ Ռուսաստանը, հնարավոր է, Թուրքիային սկսի հղել մեկ այլ ուղերձ. «...մեզ այլևս պետք չէ նախկինի չափ ձեզ հանդուրժել»։ Չեմ զարմանա, եթե հաջորդ փուլում ի հայտ գա ճնշում Թուրքիայի նկատմամբ՝ քաղաքական, տնտեսական, ինչպես նաև սևծովյան իրավիճակի հետ կապված։

Ուստի գլխավոր հարցն առայժմ այն չէ, թե արդյոք Թուրքիան կփոխանցի՞ զենքը Ուկրաինային, թե՞ ո՛չ։ Հարցն այն է՝ Մոսկվան կորոշի՞, այլևս աչք չփակել Անկարայի գործողությունների վրա։

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ