«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հարսանեկան ավանդույթի լռելյայն զոհերը․ երբ սիմվոլիզմը վերածվում է դաժանության

Հարսանեկան ավանդույթի լռելյայն զոհերը․ երբ սիմվոլիզմը վերածվում է դաժանության
03.11.2026 | 11:54

Ես այս սարսափելի ճշմարտության մասին վաղուց գիտեի։ Բայց երկար ժամանակ լռում էի․ չէի ուզում խոսել, որպեսզի չասեին, թե «էս կենդանասերները նորից ամեն լավ բան ու տոնական թեման փչացնում են»։ Լռում էի, որովհետև անկեղծորեն հուսով էի, թե մարդիկ ինքնակամ ու գիտակցաբար կհրաժարվեն այս դաժան արարողությունից։ Սակայն, ինչպես այս ողջ ընթացքում պարզեցի, շատ-շատերը պարզապես ոչ մի գաղափար չեն ունեցել, թե ինչ է թաքնված այս «գեղեցիկ» տեսարանի հետևում։
Ժամանակն է խոսելու բաց, հստակ և առանց քողարկումների։
Հայաստանում հարսանեկան արարողությունների ժամանակ արդեն սովորական է դարձել այն տեսարանը, երբ նորապսակները երկինք են բաց թողնում երկու ձյունաճերմակ աղավնի։ Դա ներկայացվում է որպես սիրո, հավատարմության, խաղաղության ու երջանիկ համատեղ կյանքի խորհրդանիշ։ Սակայն այն, ինչ հյուրերի ու զույգի համար թվում է հուզիչ ու ռոմանտիկ ակնթարթ, թռչունների համար վերածվում է իսկական մղձավանջի։
Որպեսզի աղավնիները հարսի շքեղ զգեստը կամ փեսայի կոստյումը չկեղտոտեն, դրանց վաճառողներն ու բուծողները դիմում են ծայրահեղ դաժանության․ թռչուններին արարողությունից առաջ մի քանի օր շարունակ պահում են լիովին սոված։
Ոմանք փորձում են արդարացնել այս երևույթը կամ ձևացնել, թե դրանում արտառոց ոչինչ չկա։ Սակայն կենսաբանական և անասնաբուժական անհերքելի փաստերը թույլ չեն տալիս ոչ մի հակափաստարկ ներկայացնել։
Աղավնիներն ունեն անհամեմատ արագ նյութափոխանակություն (մետաբոլիզմ)։ Մի քանի օրվա անոթությունը նրանց օրգանիզմի համար ոչ թե պարզապես սթրես է, այլ օրգանների ֆունկցիոնալ քայքայում և ծանր ջրազրկում։
Հարսանիքների համար օգտագործվող սպիտակ աղավնիները, որպես կանոն, դեկորատիվ ցեղատեսակներ են (օրինակ՝ թագավորական կամ դեկորատիվ պոչավոր աղավնիներ)։ Ի տարբերություն նամակատար աղավնիների՝ սրանք չունեն տեղանքում կողմնորոշվելու ինստինկտ և տուն վերադառնալ չեն կարող։
Սոված, կողմնորոշումը կորցրած ու թուլացած թռչունը բնության մեջ գոյատևելու ոչ մի շանս չունի։ Եթե նրանք չեն սատկում հենց նույն օրը՝ օրգանների աշխատանքի դադարից կամ հյուծվածությունից, ապա մի քանի ժամվա ընթացքում դառնում են թափառող կատուների, շների կամ գիշատիչ թռչունների զոհ։
Հոգեբանական տեսանկյունից այս արարողությունը բացահայտում է մարդկային ընկալման խոր խզումը՝ ճանաչողական դիսոնանսը (cognitive dissonance): Մարդը ձգտում է գեղագիտական արտաքին ժեստերի, ռոմանտիկ տեսարանների ու երջանկության խորհրդանիշների, սակայն այդ ամենը լիովին անջատում է իրականության նյութական ու ֆիզիկական կողմից։
Մենք մեր սեփական ցանկությունները (մաքրություն, հավատարմություն, սեր) պրոյեկտում ենք կենդանի արարածի վրա, բայց նույն ակնթարթում նրան վերածում ենք պարզապես ռեկվիզիտի, մեկանգամյա օգտագործման առարկայի՝ գեղեցիկ լուսանկար ունենալու համար։ Սա մարդկային էգոիզմի անգիտակից դրսևորում է․ սեփական էգոն մի քանի վայրկյանով հուզելու համար ընդունելի է համարվում մեկ այլ էակի իրական տանջանքն ու զրկանքը։
Կենդանիները պարզապես «կենսաբանական մեքենաներ» չեն․ նրանք կրում են խմբային հոգի (Group Soul), և կենդանական աշխարհն օրգանապես կապված է մարդկության հոգևոր-բարոյական զարգացման հետ։ Թռչունը, մասնավորապես աղավնին, հնագույն ժամանակներից ի վեր հանդիսացել է երկրի և հոգևոր ոլորտների միջև կապող օղակը՝ հոգու մաքրության ու Սուրբ Հոգու խորհրդանիշը։
Երբ մարդն ազատագրման ու սիրո այս խորհրդանիշը ծառայեցնում է սեփական քմահաճույքին և այն կառուցում տանջանքի ու մահվան վրա, նա խախտում է բնության հոգևոր օրենքները․
• Միությունը, որի առաջին «հոգևոր» ակտը հիմնված է անմեղ արարածի սովամահության, ջրազրկման ու տանջալից մահվան վրա, հենց առաջին վայրկյանից իր մեջ կրում է բացասական էներգետիկ կոդ։ Հնարավոր չէ կառուցել «օրհնված ապագա»՝ ուրիշի ցավի հիմքի վրա։
• Կենդանուն սոված պահելը՝ ընդամենը հագուստը չկեղտոտելու համար, մարդկային գիտակցության ցածր մակարդակի դրսևորում է, որտեղ բնությունը նվաստացվում է մինչև սպառողական դեկորացիա։ Դրանով մարդը խզում է այն բարոյական խնամակալության կապը, որը նա՝ որպես բանական էակ, պարտավոր է տածել կենդանական աշխարհի նկատմամբ։
Մարդիկ փորձում են իրենց ընտանեկան կյանքը սկսել «լավ նշանով» և երջանկության սիմվոլով, բայց իրականում այդ նույն պահին ստորագրում են երկու անմեղ արարածի մահվան վճիռը։
Մի՞թե հնարավոր է կառուցել սեփական երջանկությունը կամ ակնկալել «օրհնված սեր», երբ այդ միության առաջին քայլը հիմնված է կենդանու ցավի, տանջանքի ու դաժան սպանդի վրա։
Այս հոդվածի նպատակը ոչ թե ուրախությունը փչացնելն է, այլ մարդկանց աչքերը բացելն ու իրականությունը ցույց տալը։ Ոչ մի գիտակից, հասուն ու բարի մարդ, իմանալով այս սարսափելի ետնաբեմի մասին, չի ցանկանա դառնալ այս դաժանության մասնակիցը։
Ժամանակն է, որ մենք՝ որպես քաղաքակիրթ ու զարգացող հասարակություն, հրաժարվենք այս արյունոտ ու դաժան «ավանդույթից»։ Իսկական սերն ու երջանկությունը կենդանիների տանջանքի, կեղծիքի ու չարչարանքի կարիքը չունեն։

Արթուր ՄԻԿՈՅԱՆ
Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ