ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Քանդիչ մեթոդաբանության հրեշադեմ սինթեզը

Քանդիչ մեթոդաբանության հրեշադեմ սինթեզը
07.10.2026 | 16:18

(կամ՝ ինչպես են Հերոստրատն ու Վերխովենսկին կառավարում Հայաստանը)

Մի քանի օր է՝ երազում, թե արթմնի՝ ուղեղս բառացիորեն թմբկահարում է Հերոստրատ-Վերխովենսկի երկյակի վիրտուալ պատկերը։ Իսկ վաղու՜ց ծանոթ Ձայնը համառորեն շշնջում է․
«Իմ Բիբլիական Արարատի երկրում զոռբայությամբ տիրակալ դարձած արհավիրքի քաղաքական վարքագիծն ու գործունեությունը դիտարկիր պատմամշակութային-գրական այդ երկու կերպարների համատեքստում։ Ի՜նչ հոգեբանական և գաղափարական խորը շերտեր կպեղես… Հենց այդ համեմատությունը քեզ թույլ կտա հասկանալու այն քանդիչ մեթոդաբանությունը, որն այսօր նյութվում է Իմ հիմնադրած Մայր Աթոռի ու նրա 132-րդ Գահակալի շուրջ»։
Իսկ երբ լռում է Ձայնը, հայացքս ակամա հառում եմ այսօրվա իրականությանը։ Եվ ամեն անգամ տեսնում, թե ինչպես է հին հունական հեթանոսական սրբապղծությունը սեղմում դոստոևսկիական դիվային նիհիլիզմի հանցագործ ձեռքը։
Հետո ալեկոծ մտքերը նետում եմ հիշողության աղբարկղ և տարվում առտնին գործերով։
Բայց երբ 2026-ի հոկտեմբերի 6-ի երեկոյան հայաստանյան հեռուստաեթեր շպրտվեց․
«Գնացեք այդ մարդուն հարցրեք՝ դուք Կտրիճ Ներսիսյանի աղջի՞կն եք, թե՞ չէ»,- «պայթուցիկ»-պառակտիչ հորդորը, Հերոստրատն ու Վերխովենսկին թևանցուկ կրկին ցցվեցին աչքերիս դեմ-հանդիման։
- Հերոստրա՛տ,- մենախոսեցի ինքս ինձ՝ ուսումնասիրելով նրա հագի կեղտոտ լաթերը,- դու տենչում էիր հրդեհ, որովհետև քո ներսում ամայություն էր։
Հետո նայեցի «դենդիի» կերպարանքով ուրվագծվող Վերխովենսկուն։
- Իսկ դու՛, դիվային ոգի, կազմակերպում էիր այդ հրդեհի տեղեկատվական ու հոգեբանական սադրանքը։
Բայց երկյակը չարագուշակ հռհռոցով տարրալուծվեց անէացող բառերիս համընթաց։
Իսկ ես մետաֆիզիկական տեսիլքից սթափված «վերադարձա» ֆիզիկական իրականություն, մտախոհ մոտեցա նոութբուքիս ու սկսեցի տկտկացնել ստեղնաշարին։
Ինչո՞ւ Հերոստրատ և Վերխովենսկի։
Անտիկ ոճրագործը չունի հոգևոր հարստություն, չունի մշակույթ, նա դարերի հերթափոխում մերկ է ու աղքատ։ «Լաթերը» նրա ներսի տգիտության ու բարդույթների արտացոլումն են։
Նա ոչինչ ի զորու չէ ավելացնել Մայր Աթոռի 1725-ամյա պատերին, ուստի նրա միակ գործիքը ցեխ շպրտելն է։ Երբ հեռուստաեթերից հնչում է 132-րդ Գահակալի ավազանի անունը՝ «Կտրիճ Ներսիսյան», անձնական կյանքին վերաբերող անբարո սադրանքը հենց անտիկ «կեղտոտ լաթերի» թափահարումն է՝ սրբության շքեղությունը պղծելու համար։
Ի տարբերություն փնթիությունից «բուրող» Հերոստրատի, Վերխովենսկին «դենդի» է՝ նրբագեղ, խորամանկ, սառնասիրտ ու հաշվենկատ։ Նա չի գոռում, նա հուշում է։
Նա է կառուցում տեղեկատվական այն թակարդները, որոնք պետք է հասարակությանը գցեն բարոյական քաոսի մեջ։
Հեռուստաեթեր շպրտված պիղծ հորդորը․
«Գնացեք այդ մարդուն հարցրեք՝ դուք Կտրիճ Ներսիսյանի աղջի՞կն եք, թե՞ չէ»,-մաքուր վերխովենսկիականություն է։ Նպատակը ոչ թե ճշմարտությունն է, այլ կասկածի ու ատելության վիրուսի տարածումը՝ հոգեբանական դիվերսիա, ինչը Անկարայի «բարձր դռան» ներկայիս տիրոջ հովանավորությամբ ու Հեյդարօղլուի անմիջական փոխանցմամբ հաշվարկված է «դենդիի» սառնասրտությամբ։
Այնուհանդերձ, ինչպե՞ս են պատմական ու գրական չարագործների կերպարները պրոյեկտվում Փաշինյանի քաղաքական վարքագծին ու գործունեությանը։
Անտիկ ժամանակներից հայտնի Հերոստրատն այրեց աշխարհի հրաշալիքներից մեկը՝ Արտեմիսի տաճարը, միայն մեկ նպատակով՝ պատմության մեջ հավերժացնել իր անունը: Նրա համար կարևոր չէր՝ իրեն կհիշեն որպես մեծագույն արարչի, թե մեծագույն չարագործի. էականը բացարձակ ու անմոռանալի հռչակն էր:
Հերոստրատի օրինակով, Փաշինյանի հետագիծը ևս Հայաստանում նշանավորվում է դարավոր հաստատությունների, պատմական նվաճումների, ազգային խորհրդանիշների և, վերջապես, Արցախի ու հայրենի հողերի կորստով ու պղծմամբ:
Հնուց ի վեր նա տառապում է նոր «զրոյական կետի» ստեղծման համախտանիշով։
Նրա հռետորաբանության հիմքում ընկած է այն թեզը, որ իրենից առաջ ամեն ինչ եղել է թույլ, կեղծ ու անպիտան․ Հերոստրատի օրինակով՝ մինչև հիմքերը պետք է այրել «հին տաճարը»։ Նա փորձում է կերտել մի նոր իրականություն՝ միֆական «Չորրորդ հանրապետություն», որտեղ պատմությունը սկսվում է բացառապես իրենով և միայն ու միայն իր անունով, նույնիսկ եթե այդ պատմությունը գրվում է պետականության կորստի, բազմահազար զոհերի ու հաշմված ջահել կյանքերի, իր պատճառով տնանկ դարձածների և ահռելի ավերածությունների գնով:
Ֆյոդոր Դոստոևսկու «Դևեր» վեպի գլխավոր հակահերոս Պյոտր Վերխովենսկին քաղաքական ցնցումների, նիհիլիզմի և բացարձակ ամորալիզմի մարմնավորումն է: Նա չունի սրբություններ. նրա մեթոդը հասարակության ներսում քաոս ստեղծելն է, մարդկանց միմյանց դեմ հանելը և ավանդական արժեքների ոչնչացումը, որպեսզի այդ ավերակների վրա հաստատի իր իշխանությունը:
Վերխովենսկու մեթոդաբանության կատարյալ դրսևորումն է հենց հեռուստաեթերից հնչեցրած սադրիչ առաջարկը, որը ոչ այլ ինչ է, քան բարոյական նորմերի ջնջում և ընտանիքի թիրախավորում։ Այդ հայտարարությունը՝ հորդորել քաղաքացիներին ներխուժել անձնական կյանք, թիրախավորել Կաթողիկոսի ընտանիքը կամ երրորդ անձանց, դասական դիվայնություն է, որտեղ բարոյական «կարմիր գծերը» միտումնավոր ջնջվում են, որպեսզի հասարակությունը զրկվի դիմադրողականության ներքին հենարաններից:
Վերխովենսկին իր խմբակի անդամներին կապում էր արյան ու ընդհանուր մեղքի միջոցով: Փաշինյանը նույնպես պարբերաբար կիրառում է կոլեկտիվ մեղավորության թեզը՝ հայտարարելով, թե «բոլորս ենք մեղավոր» պատերազմի ու կորուստների համար, կամ հասարակությանը բաժանում է թշնամական ճամբարների՝ ներկաներ-նախկիններ, սևեր-սպիտակներ, հայեր-արցախցիներ, հոգևոր-աշխարհիկ՝ ներքին ատելությունը որպես կառավարման գործիք օգտագործելու համար:
Այսպիսով՝ ստացանք ապականված երկու պիղծ ոգիների հետագծերի հրեշադեմ սինթեզը հայաստանյան իրականությունում, որը Նիկոլ Փաշինյան վերնագիրն ունի։
Որպես Հերոստրատ՝ նա հրդեհում է հայկական պետականության, հայի ինքնության ու հոգևոր անվտանգության տաճարը՝ սեփական անձն ու ամբիցիաները պատմության թատերաբեմում պահելու համար։
Իսկ որպես Վերխովենսկի՝ նա այդ հրդեհն իրականացնում է ներքին պառակտման, բանսարկությունների, ավանդական արժեքների ծաղրի և հասարակական բարոյահոգեբանական կազմաքանդման միջոցով։
Ուրվագծվածը սովորական քաղաքական գործչի ճանապարհ չէ, այլ գիտակցված նիհիլիստական հետագիծ, որի վերջնարդյունքը, եթե հասարակության սթափ հատվածը չհակազդի, լինելու է լիակատար ամայացումն ու պետականության փլուզումը։

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Դիտվել է՝ 160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ