Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Իմ չքնա՛ղ հայ ծիրանի

Իմ չքնա՛ղ հայ ծիրանի
20.03.2026 | 12:57

Բարի՛ լույս, Հայաստա՛ն աշխարհ, բարի՛ լույս, իմ երկրի արդար ու անխո՛նջ հողի Մշակ։

Գարունդ շուտ եկավ, ծառերդ դարձյալ խաբվեցին արևի տաք շոյանքից։ Ա՜խ, ծիրանի՛, ծիրանի՛, ինչքա՜ն նման ես դու քո ծնող ազգին՝ դյուրահավատ ու անհիշաչար հայիս։

Դու անվերապահորեն հավատում ես նրան, ով, սեփական շահից ելնելով, մի բարի խոսք է ասում։ Նրան, ով իր օգուտը նախապես հաշվարկած՝ հային խոստանում է «օգնել» կամ «դաշնակից» լինել։ Իսկ հայն իր ողջ հավատն ու նվիրվածությունը՝ անհաշվարկ ու անսակարկ, դնում է նրա առջև։

Քանի՜-քանի՜ անգամ է հայն իր հավատի, անխարդախ հոգու և անհիշաչարության համար դավաճանվել։ Բայց ո՛չ, սա հիմարության նշան չէ՛։ Սա հայի հոգու մաքրությունն ու անխարդախությունն է ապացուցում. մարդու մեջ Մարդուն տեսնելու հավատն է, որ հայը դարերով չի կորցնում՝ ուրիշ ազգերին դաս տալով, որ հենց այդպիսի՛ն պետք է լինել։ Երանի՜ այդ դասը սերտեն նաև այլ ազգերը։

Այսօր իմ դյուրահավատ հայ ծիրանին, խաբված արևի «տաք» շոյանքից, իր ծաղկած ու բաց ճյուղերը վստահեց նրան։ Իսկ խորամանկ «բարեկամ» մարտը, իր խելառ բնույթին հարազատ, ցուրտ ու անձրևով հարվածեց ծաղկած, հեզ ու մայրության դողով լցված ծիրանիներիս։

Իմ չքնա՛ղ ծիրանի, արմատդ խո՛ր գցիր, որ Մայր հողի պաղ շերտերը քեզ զգոնության ու զգաստության խորհուրդը շշնջան։ Եվ որքան էլ արևը տաք շոյանքով քեզ պարուրի, սիրտդ թող արմատիդ մայրական հորդորի՛ն վստահի։

Հիշի՛ր ու մի՛ մոռացիր, իմ հա՛յ ծիրանի՝ Մոր սիրտը երբեք չի սխալվում ու չի դավաճանում։

Իմ չքնա՛ղ հա՛յ ծիրանի, գարուններդ թող միշտ բարով գան, իսկ ամառդ լինի բերքառատ։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ- ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 29274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ