Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ բոլորը մեծ ուշադրություն են դարձնում աշխարհի և տարածաշրջանի առջև ծառացած լուրջ սպառնալիքներին։ «Համաշխարհային տնտեսությունն արագորեն ներքաշվում է մի նոր ճակատամարտի մեջ, որը լինելու է շատ ցավոտ և մղվելու է թանկարժեք մետաղների համար։ Էներգետիկ ռեսուրսների և առևտրային ուղիների նկատմամբ վերահսկողության համար առաջանում է նոր և չափազանց ագրեսիվ մրցակցություն»,- ասել է Թուրքիայի նախագահը։               
 

Սահմանադրության դեմ ստորագրություն. Փաշինյանի նոր հանցագործությունը

Սահմանադրության դեմ ստորագրություն. Փաշինյանի նոր հանցագործությունը
05.01.2026 | 11:34

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ և ստորագրությամբ հրապարակված համատեղ հայտարարությունը, որով հայտարարվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին, այլևս չի տեղավորվում քաղաքական հայտարարությունների կամ աշխարհիկ–հոգևոր բանավեճի շրջանակում։

Այն գործողությունների հստակ ծրագիր է, որն ուղղված է Եկեղեցու ներքին կառավարման վերաձևմանը՝ պետական իշխանության անմիջական և գռեհիկ ներգրավմամբ։

Հայտարարությամբ ձևավորվում է «Համակարգող խորհուրդ», որի օրակարգում ներառված են Վեհափառի հեռացումը, կաթողիկոսական տեղապահի ընտրությունը, Եկեղեցու կանոնադրության ընդունումը և Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունը։ Առանձնապես կարևոր հանգամանք է, որ այս փաստաթուղթը ստորագրված է ոչ միայն վարչապետի, այլև տասը տիրադավ եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների կողմից, որոնք, թեև դեռ կարգալույծ չեն, չեն կարող Եկեղեցու անունից հանդես գալ նման բնույթի նախաձեռնություններով։

Այս համադրությունը գործընթացին տալիս է ոչ թե բարենորոգման, այլ բացահայտ քաղաքական միջամտության բնույթ։

Վարչապետի ստորագրությունը հայտարարության տակ այն վերածում է գործադիր իշխանության ուղղակի մասնակցությամբ նախաձեռնության, ինչը հակասում է Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածին, որով ամրագրված է պետության և Եկեղեցու տարանջատման սկզբունքը և պետական իշխանության միջամտության արգելքը Եկեղեցու ներքին գործերին։

Բարենորոգումը, իր բուն իմաստով, ենթադրում է ներհոգևորական գործընթաց, կանոնական մարմինների դերակատարում և աշխարհիկ իշխանության չեզոքություն։

Տվյալ դեպքում, սակայն, գործ ունենք աշխարհիկ իշխանության նախաձեռնությամբ և քաղաքական հովանավորությամբ ձևավորվող կառույցի հետ, որի նպատակը Եկեղեցու կառուցվածքի փոփոխությունն է։ Սա ինստիտուցիոնալ ճնշում է, ոչ բարեփոխում։

Փաշինյանի մասնակցությամբ այս համատեղ հայտարարությունը միաժամանակ բացահայտում է իշխանության մարտավարական վերադասավորումը։

Կաթողիկոսին արագ հեռացնելու փորձերի ձախողումից հետո շեշտը դրվում է ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ եկեղեցական ինստիտուտի թուլացման, ապամոնտաժման կամ պառակտման վրա։ Տիրադավ հոգևորականների ներգրավումը ծառայում է հենց այդ նպատակին՝ ստեղծելով ներեկեղեցական լեգիտիմության արհեստական պատրանք։

Քաղաքական առումով այս հակաեկեղեցական գործընթացը իշխանության համար ունի նաև գործիքային նշանակություն։ Ազգային և բարոյական ինստիտուտների հետևողական արժեզրկումը նպաստում է հասարակության բարոյալքմանը և ապատիայի խորացմանը։ Ապատիկ հասարակությունը նվազ մասնակցություն է ցուցաբերում քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ ընտրություններին, ինչն իր հերթին ստեղծում է առավել բարենպաստ միջավայր ավտորիտար իշխանությունների վերարտադրության համար։

Այսպիսով, գործ ունենք սահմանադրական կարգավորումների գիտակցված խախտման, Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնիշխանության խաթարման և քաղաքական նպատակներով հասարակության արժեքային դաշտի համակարգային քայքայման հետ։

Եվ հենց այս համատեքստում է, որ վարչապետի ստորագրությունը դառնում է ոչ թե քաղաքական դիրքորոշում, այլ Սահմանադրության դեմ ուղղված գործողություն։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ