Անցնում եմ հնչեղ մայրուղիներով,
և ի՜նչ տեսադաշտ, ի՜նչ գրավչություն -
պատկերներ՝ զարդուն, գծագրական,
ձեռակերտ, սակայն Արարչին վայել,-
մի գերիրական տեսիլաշար է
խաղարկվում ասես գալիքին ի սեր,-
բայց աչքիս առաջ բացվում է դարձյալ
նույն տեսարանը համր ու մելամաղձ -
մի ձիգ թափոր է շարժվում թևաթափ
խամրած լեռների ոլորաններով…
Այսու՝ ճախրանքի մարմին եմ ազատ,
հեշտ աղերսվում եմ չորս ծագերի հետ,
բայց հոգիս անվերջ ինքնավառվում է
մի փոքրիկ, դողդոջ, պարապ երկրի մեջ,
և շարանները մտապատկերաց,
որ ձևեր ունեն գեղագրական,
կերպախեղվելով փռվում են տարտամ
նույն տեսարանի տիրության առաջ –
մի ձիգ թափոր է շարժվում թևաթափ
խամրած լեռների ոլորաններով…
Բազմապատկվում են լույսերը ցնծուն
բյուր անկյուններում երկրատարածքի -
և քառակի է արյունը հեղվում
խրախճանային թնդուն գինու պես,-
կարմիրն է հոսում վտակ առ վտակ
ոստաններով ու խաչված սրտերով,
որ ծովանում է ժամանակների
ու խղճի խավար անդունդների մեջ,-
քանզի դեռ ոգու քաղցն է մոլեգնում,
դավադիրներն են ժամապահ կարգված,
և օրն ինչքան էլ վետվետա խայտուն,
նույն տեսարանն է կրկնահառնելու –
մի ձիգ թափոր է շարժվում թևաթափ
խամրած լեռների ոլորաններով…
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ