Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

ժամացույցը միացված է. դարակազմիկ պարտիա է խաղարկվելու

ժամացույցը միացված է. դարակազմիկ պարտիա է խաղարկվելու
06.04.2026 | 19:44

Մինչ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնյան շտապում է նախընտրական «հաղթաթղթերին» գումարել նաև մոսկովյան աշխատանքային այցը, ռուս քաղաքական և պետական գործիչները բոլորովին այլ իրողություն են արձանագրում: Մասնավորապես, ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը բավականին հանգամանալից է անդրադարձել վերոհիշյալ այցին, քամուն տալով պնդումը, թե այն հաջողված էր: Նշելով, որ Ռուսաստանի նախագահի՝ հյուրընկալող կողմին հարիր վարվելակերպն ու խոսույթը լիովին տեղավորվում էր «երկաթե ձեռք, մետաքսե ձեռնոցներ» ձևակերպման մեջ, Զատուլինը հպանցիկ ակնարկով զուգահեռ է անցկացրել Կրեմլի ու Սպիտակ տան միջև, որտեղ սըր Թրամփը բացահայտ ծաղրի առարկա էր դարձրել գոսպոդին Վոլոդիմիր Զելենսկուն:

«Պարոն Փաշինյանի բախտը բերել էր, որ ոչ թե Սպիտակ տուն էր եկել՝ Թրամփի մոտ, այլ Պուտինի մոտ՝ Կրեմլ: Մեզանում ընդունված չէ հյուրին, ով էլ նա լինի, ընդհանրապես, ցանկացած օտար երկրի պաշտոնական ղեկավարին, ձեռ առնել: Արժանիորեն պետք է գնահատել Կրեմլում նստածների հումորի զգացումը, որոնք այս այցը պլանավորել էին հենց ապրիլի 1-ին՝ Ստելու օրը, հնարավորություն տալով պարոն Փաշինյանին ստելու և ինքնաբացահայտվելու»:

Այդ բացահայտ ստերի շարքին Պետդումայի պատգամավորը դասել է հայաստանյան ժողովրդավարության բարձր նշաձողի մասին Նիկոլի ինքնագոհ թմբկահարումը:

«Այդ ժողովրդավարությունը վերաբերու՞մ է վարչապետին ամենուր ուղեկցող անվտանգության ուժերի թվին։ Դա վերաբերու՞մ է 4 արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների բանտարկությանը կամ Եկեղեցու վրա հարձակումներին, որոնք խախտում են պետության և Եկեղեցու, քաղաքացու հավատքի և պետական պարտականությունների միջև ժամանակակից հարաբերությունների բոլոր նորմերը։ Իսկ երկու անձնագիր ունեցող մարդկանց վերաբերու՞մ է, որոնք իրավունք չունեն որպես վարչապետ փոխարինել իրեն (խոսքը Սամվել Կարապետյանի մասին է), բայց բերդում նստելու «իրավունք ունեն։ Հիմա Փաշինյանը տիտանական ջանքեր է գործադրելու, ցույց տալու համար, որ մոսկովյան այցն իր հերթական հաղթանակն է, որ ինքն ամեն տեղ ընդունված է՝ և՛ Կրեմլում, և՛ Սպիտակ տանը, ու ընդհանրապես, բոլորի հետ էլ մոտ է և բոլորի համար՝ թանկ»:

Ի դեպ, ուկրաինական ժողովրդավարության դրոշակակիր Զելենսկին էլ է վստահ, թե «ընդունելի ու թանկ է» եվրոպացի բոլոր գործընկերների համար, մինչդեռ այս պահին ընդամենը թանկ խաղադրույք է վերջիններիս ձեռքին, որ անհրաժեշտ պահին կհանեն խաղից՝ որպես «խփված խաղաքարտ»: Գաղտնիք չէ, որ հենց Եվրոպան է այսօր պատերազմ վարում Ռուսաստանի դեմ, թեև զոհվում են ուկրաինացիները և ավիրվում են ուկրաինական քաղաքներն ու գյուղերը: Ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու նույն քաղաքականությունը Եվրոպան գործի է դրել նաև Հայաստանում, բնավ չկարևորելով, թե ինչ կրակի մեջ կարող է գցել հայերին ու Հայաստանը:

Ի տարբերություն եվրոպացիների, ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն բաց խաղաքարտերով են խաղում հայաստանյան իշխանությունների հետ, պարզ հասկացնելով, որ Մոսկվան մտադիր չէ այլևս աչք փակել միջպետական հարաբերություններում վերջիններիս ցածրակարգ «շուլլերության» վրա:

Այն, ինչ Կրեմլում փակ առանձնազրույցի ժամանակ ասել է Պուտինը Հայաստանի վարչապետին, և ինչը վերջինս թաքցնում է, բնականաբար, նույնիսկ մերավորագույն շրջապատից, այսօր բաց տեքստով ու առանց դիվանագիտական քողածածկույթի ասում են Դաշնության բարձրաստիճան պետական այրերը: Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքի, այլ սննդատեսակների ու ապրանքների որակի խիստ վերահսկողություն, ներմուծվող գազի գնի շեշտակի բարձրացում, առևտրատնտեսական այլ սահմանափակումներ՝ ՀՀ իշխանությունների որդեգրած եվրաինտեգրման դիմաց: Կարճ ասած, տնտեսական պատժամիջոցների մի «քիփլիկ» փաթեթ, որ կարճ ժամանակում կաթվածահար կանի Հայաստանի ներքին շուկան՝ սոցիալական պայթյուն առաջացնելով: Եթե գումարենք սրան Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության բացակայությունը՝ սպասվող աղետի պատկերը գրեթե կամբողջանա: Համենայն դեպս, նման հեռանկար է խոստացել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը. «Այժմ ԵՄ երկրների հետ ավիահաղորդակցություն չկա, նշանակում է՝ մենք Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա: …Թերևս, սա շատ կոշտ է հնչում, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում մարդիկ հասկանան՝ եթե դա տեղի ունենա, ապա տեղի կունենա այն պատճառով, որ Եվրոպական միության հետ մերձեցման որոշումներ են ընդունվել»:

Ավելի պարզ հնարավոր չէ ասել: Իսկ ասվել է, որովհետև «որոշում ընդունողը» օրեր առաջ Կրեմլում «շուստրի փահլևանի» տեղ էր դրել իրեն, իր կառավարիչներին էլ՝ աչքաբաց «յալանչու», որ փող է պոկում երկակի «քյանդրբազության» այդ «թամաշային» ծափահարող Եվրոպայից էլ, նույն «թամաշային» ծուռ աչքով նայող Ռուսաստանից էլ: Եվ եթե Եվրոպայի տիտուլակիր ռուսաֆոբ կայակալասներին ու ֆոնդերլայեններին առայժմ ձեռնտու է ծափահարողի հայեցողական դերը, Կրեմլում նստածների «դերասանության» լիմիտն արդեն սպառվել է: Վերջին կաթիլը, թերևս, Հայաստանը ներկայացնողի այն հայտարարությունն էր, թե երկու անձնագիր ունեցողները (բնականաբար, նկատի ուներ Սամվել Կարապետյանին) հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն: Դա, видите-ли, Հայաստանի սահմանադրությանը դեմ է: Նախ՝ նման իմպերատիվ պահանջ-արգելանք Սահմանադրությամբ վավերացված չէ, և հետո՝ ո՞վ է խոսում Սահմանադրությունից, մեկը, որ պատրաստ է Ալիևի պահանջով երկրի Մայր օրե՞նք փոխել: Թե՞ Կրեմլում «փահլևանություն» անողին թվում էր՝ հունիսի 7-ի ընտրություններին ՀՀ և ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանի մասնակցությանն առնչվող Պուտինի թափանցիկ ակնարկը օդում կախված է մնալու: Իհարկե, չէր մնալու: Ինչ խոսք, հետևելու էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի նույնքան թափանցիկ հայտարարությունը. «Մենք մեզ իրավունք ենք վերապահում փորձել պարզաբանել մեր գործընկերների հետ, իրականում քննարկել նրանց ծրագրերը առաջիկա ընտրությունների համատեքստում: …Հայաստանը մեզ մտերիմ երկիր է, որի հետ խորը պատմական արմատներ ունենք։ Այստեղ ապրում է հայկական հսկայական սփյուռք՝ ավելի քան 2 միլիոն մարդ։ Հետևաբար, այն կողմնորոշիչները, որոնք ընտրում է իր համար հայաստանյան ղեկավարությունը, մեր մեծ հետաքրքրության առարկան են»:

Եվ դարձյալ՝ ավելի պարզ հնարավոր չէ ասել:

Եվրոպան, իհարկե, անպատասխան չի թողնի Հայաստանի ներքին գործերին միջամտելու այս հայտը՝ այն որակելով որպես միջազգայնորեն ընդունված «կարմիր գծերի» ոտնահարում:

Հռետորական հարց՝ Եվրոպային և, ընդհանրապես, գլոբալ Արևմուտքին. իսկ աշխարհում դեռ մնացե՞լ են չոտնահարված «կարմիր գծեր»: Ում ձեռքը որտեղ հասնում և ուժը պատում է՝ իր ուզած գույնով գծեր է քաշում՝ ոտնահարած ունենալով ցանկացած միջազգային նորմ: Կամ՝ եթե Հայաստանի ղեկավարությունն է իր երկրի ներսում օրումեջ մի «կարմիր գիծ» հատում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ կնքված ռազմավարական նշանակություն ունեցող միջազգային պայմանագրերի տեսքով (երկաթուղի, ատոմակայան), Մոսկվան իրավունք ունի՞ «խառնվելու», թե՞ իրավունք չունի: Եվրոպան «հիբրիդային պատերազմի սպառնալիք» կկոչի դա, թե միջամտության փորձ երկրի ներքին գործերին, Ռուսաստանը դա անվանում է արտաքին վեկտորի փոփոխություն, ինչն արդեն անվտանգային լուրջ խնդիր է նրանց համար: Ստացվում է՝ իզուր են 18-րդ դարից սկսած 200 տարի կռիվ տվել Հարավային Կովկասի համար՝ ռուս-թուրքական՝ 6, ռուս-պարսկական՝ 2 արյունալի պատերազմներով ու ավելի քան կես միլիոն զոհերով: Էդ Հայաստանի օրվա իշխանությունը կարող է մոռացության մատնել մեր պատմության թե՛ հերոսական, թե՛ ողբերգալից իրադարձությունները, ռուսները պատմական «ամնեզիայով» չեն տառապում, Հարավային Կովկասը լքելու մտադրություն էլ չունեն: Այնպես որ, երկակի «լարախաղացությամբ» իշխանություն պահելու ՔՊ-ական կառավարիչները, ուզեն, թե չուզեն, ստիպված են լինելու ընտրություն կատարել: Կա՛մ եվրոպական վեկտորն են ընտրում, երկիրը դնելով ուկրաինական սցենարի սպառնալիքի տակ, կա՛մ ռուսական վեկտորը՝ իշխանությունն անցնցում հանձնելու ու երկրի լինելիությունն ապահովելու հեռանկարով:

Ծանր ու մտահոգիչ երկընտրանք է, խոսք չկա: Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկանում են սա և որոշում կայացնելու պատասխանատվությունն էլ այս անգամ չեն կարողանալու ժողովրդի վրա բարդել: Ռուսական կողմի մտահոգություններն էլ են հասկանալի, որ հակիրճ, բայց խորքային ձևակերպմամբ ներկայացրել է Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը. «Հայկական կողմը ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի ներկայացրած մտահոգություններին: Տեսնենք, թե հետագայում ինչպես կզարգանան հարաբերությունները գործնականում»։

Դե, ինչ, երկու կողմի մտահոգությունները խաղատախտակին են, գաղտնի քայլերը՝ գրանցված, առաջին քայլի իրավունքն էլ Հայաստանինն է:

ժամացույցը միացված է արդեն:

Իրոք դարակազմիկ պարտիա է խաղարկվելու:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ