Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Ո՞վ կպատկերացներ

Ո՞վ կպատկերացներ
04.12.2025 | 10:54

Ո՞վ կարող էր մի 10 -15 տարի, անգամ 5 տարի առաջ պատկերացնել, որ մենք հասնելու ենք այն վիճակին, երբ Արցախ բառն արտաբերելը դիտվելու է որպես խիզախության նշան եւ իշխանությունը պատժելու է այդ բառն արտաբերող իր պաշտոնյաներին:

Ո՞վ կարող էր մտածել, որ մի օր Արարատ սարի պատկերը սեփական էջում տեղադրելը դիտվելու է հերոսություն: Իսկ Վերնիսաժում վաճառվող Մասիսի անճաշակ նկարները գնողներին մենք ոչ թե ծաղրելու ենք` «ռաբիզության» համար, այլ խանդաղատանքով ենք վերաբերվելու:

Ո՞վ կսպասեր, որ գալու է մի օր, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը տալու համար հայ ոստիկանները հայ մարդու են ձերբակալելու եւ ուժ գործադրելով` խցկելու են ոստիկանական մեքենա` ինչպես ծանր հանցագործների հետ են վարվում:

Ո՞վ կմտածեր, որ որեւէ եկեղեցում կիրակնօրյա օրինական պատարագի մասնակցելը դառնալու է ազնվության, բարեպաշտության, հայրենասիրության նշան, եւ հայ մնալու համար մենք նորից ապավինելու ենք մեր Եկեղեցուն` ինչպես եղել է այն հարյուրամյակներում երբ պետություն չենք ունեցել:

Ո՞ր սարսափ երազում կարող էինք նման տեսարանի ականատես լինել, որ եկեղեցում քաղաքական հավաք կազմակերպվի, եկեղեցու ներսում զինված մարդիկ կանգնեն, ինչ որ մեկին ծափահարեն, հավատացյալները բաժանվեն իշխանական ու ընդդիմադիր հատվածների եւ հենց եկեղեցու ներսում ծեծկռտուք ու քաքշոց սկսվի:

Ո՞վ կարող էր իր ամենամղձավանջային երազում անգամ պատկերացնել, որ պետական պաշտոնյաները հակականոնական պատարագներ են կազմակերպելու` անօրինական քահանաների մասնակցությամբ եւ պայքարելու են ոչ թե մեր թշնամիների, այլ սեփական երկրի հոգեւորականների, կաթողիկոսի դեմ` վիճարկելով 26 տարի առաջ կայացած նրա ընտրությունը: Չէ որ նույն սկզբունքով կարելի է վիճարկել 2017 թ. խորհրդարանական կամ 2018 թ. մայիսի 8-ին Փաշինյանի ընտրությունը, դա համարել ոչ լեգիտիմ: Եւ ի՞նչ է բխելու դրանից` կնշանակի հաջորդ բոլոր ընտրություններն ու մեր կյանքն էլ է անօրինակա՞ն եղել:

Որեւէ մեկը երբեւէ կարո՞ղ էր պատկերացնել, որ Գարգին Նժդեհի, Մոնթեի, մեր զոհված հերոսների անուններն այլեւս չեն հնչելու Հայաստանում, հայկական բանակի ու հայ զինվորի հանդեպ պաշտամունքը նվազելու է, Ցեղասպանության մասին խոսելն արգելվելու է, Մեսրոպ Մաշտոցի նկարը հանվելու է այբբենարանից, Հայոց պատմությունը վերաշարադրելու են` համապատասխանեցնելով մեր թշնամիների ճաշակին...

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հ․Գ․

Գեղանկարը՝ Հովհաննես Այվազովսկու, «Նոյն իջնում է Արարատից», 1889 թվական:

Դիտվել է՝ 3370

Մեկնաբանություններ