Բռնակալության կայացումը
1․ Ինստիտուտների գրավում
Սահմանադրական դատարանը, դատարանները, խորհրդարանը, ընտրական մարմինները և պետական վերահսկողության կառույցները աստիճանաբար կախված են դառնում գործադիր իշխանությունից։
- Այս փուլը Հայաստանում հաստատված ռեժիմի կողմից իրականացվել է։
2․ Էլիտաների փոխկապակցում
Սահմանափակ թվով բիզնես և քաղաքական խմբեր ստանում են արտոնություններ իշխանությանը հավատարմության դիմաց։
- Այս փուլն ակտիվ ընթացքի մեջ է, ովքեր տվել են իրենց հավատարմությունն ու հեռացել քաղաքականությունից, վերահսկվում են ռեժիմի կողմից, իսկ ովքեր ոչ, ի դեմս Ծառուկյանի ու Կարապետյանների՝ ունեզրկվում են։
3․ Ուժային ապարատի վերահսկում
Ոստիկանությունը, անվտանգության ծառայությունները և բանակը դառնում են ռեժիմի գոյատևման հիմնական երաշխիք։
- Այս փուլը կայացվել է, ռեպրեսիվ մեքենան կայացել է և սկսել է անգամ ինքնուրույն գործել, ըստ պատմական օրինաչափությունների, քաղաքական առումով վտանգ ներկայացնող անձերից սկսել է բռնություններ իրականացնել սովորական մարդկանց նկատմամբ։
4․ Տեղեկատվական միջավայրի վերահսկում
Իշխանամետ մեդիայի կայացում, ճնշում չվերահսկվող լրատվամիջոցների նկատմամբ ։
- Այս փուլն ընթացքի մեջ է, անկախ լրատվամիջոցների լռեցման փուլը նոր է սկսվում։
5․ Ընդդիմության մասնատում
Ընդդիմադիր ուժերի միջև մրցակցությունը թույլ է տալիս իշխանությանը ներկայանալ որպես միակ կայուն կենտրոն։
- Այս փուլը դեռ ընթացքի մեջ է։
6․ Անձնական իշխանության կառուցում
Համակարգն աստիճանաբար սկսում է կախված լինել ոչ թե կանոններից, այլ առաջնորդի անձնական ցանցից։
- Այս փուլը կայացած է։
Համակարգի խնդիրները
Փոքր պետություն լինելու առանձնահատկությունը էական է` փոքրությունը, որը հեշտացնում է վերահսկողությունը, կարող է նաև հեշտացնել ամբողջ համակարգի խափանումը։
- Նեղ էլիտա
Եթե մի քանի առանցքային խմբեր հեռանում են առաջնորդից, համակարգի վրա բացասական ազդեցությունը կարող է մեծ լինել։
- Կոռուպցիոն ցանցեր` ներքին մրցակցություն
Այն նույն մարդիկ, որոնք պահում են համակարգը, կարող են սկսել պայքարել ռեսուրսների և ազդեցության համար։
- Փոքր տնտեսություն, սահմանափակ ռեսուրսներ
Տնտեսական երկարատև ճգնաժամը դժվար է թաքցնել կամ փոխհատուցել, երբ պետության ֆինանսական ռեսուրսները սահմանափակ են։
- Անվտանգության ուժերի հավատարմություն՝ երկսայր սուր
Ռեժիմը նրանց կարիքն ունի, բայց եթե ուժային վերնախավը կորցնում է վստահությունն առաջնորդի նկատմամբ, հենց այդ կառույցը կարող է դառնալ համակարգի ներսում փոփոխության կենտրոն։ Այստեղ մեծ դեր ունի նաև տնտեսական հնարավոր ճգնաժամը, երբ բռնակալը չի կարողանում ապոհովել ռեպրեսիաներ իրականացնող մեքենայի ֆինանսավորումը։
Բռնակալության փլուզման փուլերը
1. Լեգիտիմության անկում
Ռեժիմը սկսում է ավելի շատ ծախսել իր իշխանությունը պահպանելու համար, քան նախկինում։ Ընտրական, տնտեսական, ռազմական, կամ քաղաքական ձախողումները հարցականի տակ են դնում նրա անխոցելիության պատկերը։
Կասկածելի ընտրությունների արդյունքում ռեժիմի լեգիտիմությունը անկում է ապրում, իսկ բյուջեի դատարկվելը, որը վատնվել է նախընտրական փուլում, կարող է չբավարարել ռեժիմին հավատարիմ սոցիալական խոցելի խմբերի հավատարմությանը։
2. «Վախի հավասարակշռությունը» խախտվում է
Ավտորիտար համակարգում շատերը կարող են դժգոհ լինել, բայց՝ ենթարկվել, որովհետև կարծում են, որ մյուսներն էլ են ենթարկվելու։ Բեկումը տեղի է ունենում, երբ այդ համոզմունքը փլվում է։ Մարդիկ տեսնում են, որ ուրիշներն այլևս չեն վախենում կամ չեն հավատում ռեժիմի երկարաժամկետ գոյությանը։
Այս փուլը կսկսվի եկող ձմեռ-գարուն սեզոնններին, հիմնականում պայմանավորված արկածախնդիր արտաքին քաղաքականության հետևանքով սկսվող տնտեսական ու սոցիալական ճգնաժամով։
3. Էլիտաների ներսում առաջանում է ճեղք
Սա հաճախ ամենակարևոր փուլն է համարվում։ Իշխող շրջանակների մի մասը սկսում է մտածել, որ առաջնորդին հավատարիմ մնալն ավելի ռիսկային է, քան նրանից հեռանալը։ Այդ պահին ռեժիմը դադարում է լինել միասնական մեքենա և դառնում է մրցակցող խմբերի համակարգ։
Այս փուլը սկսվում է տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի ժամանակ և այն մոտենում է։
4. Ուժային ապարատը կանգնում է ընտրության առաջ
Բանակը, ոստիկանությունը և անվտանգության կառույցները պետք է որոշեն՝ շարունակե՞լ անվերապահորեն պաշտպանել իշխանությանը, թե՞ պահպանել չեզոքություն։
Եթե ուժային ապարատը մնում է միասնական, զանգվածային դժգոհությունը կարող է բավարար չլինել։ Եթե ռեժիմի ներսում առաջանում է լուրջ պառակտում. ռեժիմի վերահսկողությունը կարող է շատ արագ թուլանալ։
Այս փուլը սկսվում է, երբ ռեժիմի ներսում սկսվում է սառը ընդվզման գործընթացը։
5. Կառավարման կաթված
Այստեղ արդեն խնդիրը միայն փողոցում մարդկանց քանակը չէ։ Պետական համակարգի տարբեր օղակները սկսում են վատ կատարել հրահանգները, սպասել իրադարձությունների զարգացմանը կամ իրար հակասող որոշումներ ընդունել։
Այսինքն, իշխանությունը ֆորմալ առումով դեռ կա, բայց հրամաններն այլևս նախկին արդյունավետությամբ չեն վերածվում գործողության։
Ռեժիմի ավարտի տարբերակները
- Իշխանական ու ընդդիմադիր էլիտաները սկսում են բանակցությունները կառավարելի իշխանափոխության խնդրի շուրջ։
- Ռեժիմի ներսում հեղաշրջում է կատարվում, որի արդյունքում փոխվում է քաղաքականությունը։
- Բռնություններով լի իշխանափոխություն: Փողոցն ու նրան միացած քաղաքական ֆունկցիոներների մի հատվածը դուրս են գալիս փողոցային պայքարի։
Ստեփան Դանիելյան