Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Ինչո՞վ են վտանգավոր ԱԲ-ով ստեղծված կեղծ հոգևորականները

Ինչո՞վ են վտանգավոր ԱԲ-ով ստեղծված կեղծ հոգևորականները
01.09.2026 | 12:12

Վերջին ժամանակներում գնալով ավելի հաճախ արհեստական բանականությամբ (ԱԲ) ստեղծված քահանաների, վանականների ու նույնիսկ դպիրների կեղծ կերպարներ են հայտնվում սոցիալական հարթակներում, հոգևոր բնույթի խոսքեր ու ուսուցումներ են տարածում, աղոթքներ ասում, խրախուսում գրել «Ամեն» և այլն։

Այդ կերպարները, ինչպես նաև նրանց «օրհնություններն» ու «սքանչելագործ աղոթքները» հաճախ կառուցվում են այնպես, որ վստահություն, հուզական արձագանք և կրոնական ներգրավվածություն առաջացնեն։ Ինչո՞վ են վտանգավոր ԱԲ-ով ստեղծված կեղծ հոգևորականները մարդկանց համար։ Ո՞նց խուսափել վտանգներից։

Եկե՛ք քննենք․

1․ ԱՌԿԱ Է ՀՈԳևՈՐ և ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԱՂԱՎԱՂՈՒՄ։ ԱԲ-ն կարող է կազմել աղոթքի նմանվող տեքստ, բայց ինքը չի աղոթում։ Այն անձ չէ, չունի հավատք, կամք, ապաշխարություն և կենդանի հարաբերություն Աստծո հետ։ Այն պարզապես գեներացնում է տեքստեր, որոնք կարող են պարունակել աստվածաբանական սխալներ, Եկեղեցու վարդապետությանը հակասող մտքեր կամ սնահավատություն (օրինակ՝ «Այս աղոթքը կարդա և երեք օրից կհարստանաս, կամ կբուժվես»):

2․ ԿԵՂԾ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ։ Մարդը տեսնում է սքեմ, խաչ, եկեղեցական միջավայր, խաչվառ, քահանայի կամ վանականի արտաքին, և այդ կերպարին ինքնաբերաբար կարող է վերագրել Եկեղեցու հոգևոր հեղինակությունը։ Մինչդեռ այդ «քահանան» սովորաբար ընդհանրապես գոյություն չունեցող հնարովի կերպար է։

3․ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ և ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ։ Սա նման էջերի հնարավոր և առավել վտանգավոր կիրառություններից մեկն է։ Նման էջերի հեղինակները կարող են սկզբում լսարան հավաքել, իսկ հետո՝

Խնդրել «նվիրատվություններ» կամ «օրհնված» ներկայացվող մոմերի/խաչերի և այլ առարկաների վաճառք անել։

Անձնական նամակներով առաջարկել «հատուկ աղոթքներ» կամ «գուշակություններ»՝ գումարի դիմաց։

Ուղարկել վտանգավոր հղումներ, որոնք գողանում են բանկային քարտերի տվյալները։

4․ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍՏԻՊՈՒՄ ԳՐԵԼ «ԱՄԵՆ» և ՏԱՐԱԾԵԼ։ Նման կոչերով հեղինակները փորձում են բարձրացնել մեկնաբանությունների, տարածումների և այլ ներգրավվածության քանակը՝ մեծացնելով էջի տեսանելիությունն ու լսարանը։ Այսպիսով մարդու կրոնական արձագանքը կարող է ծառայեցվել էջի թվային առաջխաղացմանը։

5․ ԱՅՍ ԿԵՐՊ ՄԵԾ ԼՍԱՐԱՆ ՀԱՎԱՔԱԾ ԷՋԸ հետագայում կարող է վերանվանվել, վաճառվել կամ օգտագործվել առևտրային, գովազդային և այլ նպատակներով։

6․ ԻՐԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ՊԱՏԿԵՐԻ և ՁԱՅՆԻ ԿԵՂԾՈՒՄ։ Վտանգը միայն գոյություն չունեցող քահանան չէ։ ԱԲ-ով այսօր նույնիսկ կարելի է վերցնել իրական քահանայի, եպիսկոպոսի կամ Հայրապետի պատկերը և ձայնը և ստեղծել տեսանյութ, որտեղ թվում է, թե նա ասում է մի բան, որը երբեք չի ասել։ Սա նույնիսկ ավելի վտանգավոր է, որովհետև մարդը ճանաչում է դեմքը և վստահում է։ Հետևաբար ծանոթ դեմքն ու ձայնն այլևս բավարար ապացույց չեն։ Կասկածելի կամ արտառոց հայտարարությունը պետք է ստուգել տվյալ հոգևորականի կամ համապատասխան եկեղեցական կառույցի պաշտոնական աղբյուրներում:

7․ ԻՆՉՊԵ՞Ս ՃԱՆԱՉԵԼ ԱԲ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ ԵՎ ԽՈՒՍԱՓԵԼ ՎՏԱՆԳԻՑ։ ԱԲ-ով ստեղծված կերպարներին երբեմն կարող են մատնել` անբնական շարժումները, աչքերի անբնական թարթումը, շուրթերի շարժման և ձայնի անհամապատասխանությունը, ձեռքերի կամ մատների անբնական տեսքը։ Սակայն այս նշանների բացակայությունը դեռ չի ապացուցում, որ տեսանյութն իրական է։

8․ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՁԱՅՆԸ ԵՐԲԵՄՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՏՆԵԼ՝ անբնական շեշտադրումը, արտասանությունը, շնչառությունը կամ հուզական անհամապատասխանությունը, սակայն ժամանակակից ԱԲ ձայները կարող են չափազանց բնական հնչել։

9․ ԱԲ-ՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՏԵՔՍՏԸ ԵՐԲԵՄՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՏՆԵԼ՝ հայերենին ոչ բնական շարահյուսությունը, տարօրինակ բառընտրությունը, եկեղեցական եզրույթների սխալ գործածությունը և աղոթական լեզվին անհարիր ձևակերպումները։

10․ ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆՎԵԼ։ Մի՛ գրեք «Ամեն» և մի՛ տարածեք միայն այն պատճառով, որ անհայտ էջը դա պահանջում է կամ դրա դիմաց օրհնություն, հրաշք, բժշկություն կամ հաջողություն է խոստանում։ «Ամեն»-ը պարզապես մեկնաբանությունների թիվ ավելացնող բառ չէ, այլ հաստատման և հավատքի խոսք է, ուստի չպետք է վերածվի սոցիալական ցանցում ներգրավվածություն հավաքելու գործիքի։ Ուստի մարդը պետք է իմանա՝ ինչի՞ն է ասում «Ամեն»։

11․ ՄԻՇՏ ՍՏՈՒԳԵՔ՝ իրականում ո՞վ է խոսողը և հնարավո՞ր է արդյոք հաստատել նրա ինքնությունը։ Եթե էջն ունի «Օրհնություն քո տանը», «Մոտ բնությանը», «Հրաշքներ» կամ նմանատիպ անանուն վերնագրեր, դա զգուշանալու և աղբյուրը ստուգելու լուրջ պատճառ է։

12․ ԶԳՈՒՇԱՑՐԵՔ ՄՏԵՐԻՄՆԵՐԻՆ։ Հատկապես օգնեք նրանց, ովքեր ծանոթ չեն ԱԲ-ով ստեղծված պատկերների և տեսանյութերի հնարավորություններին։ Բացատրեք նրանց, որ համակարգչով ստեղծված քահանայի կերպարը չի կարող քահանայական օրհնություն տալ, իսկ նրա արտասանած բառերը չեն նշանակում, թե իրական հոգևորական է աղոթում իրենց համար։

ԱՅՍՊԻՍՈՎ, քրիստոնեական աղոթքը մարդու կենդանի և անձնական հաղորդակցությունն է Աստծո հետ։ ԱԲ-ն կարող է նմանակել աղոթքի բառերը և հոգևորականի արտաքինն ու ձայնը, բայց չի կարող նմանակմամբ ստանալ հոգևոր ծառայության իրավասություն կամ Եկեղեցու կողմից տրված որևէ հոգևոր հեղինակություն։ Այդ էջերը կարող են մարդու քրիստոնեական գիտակցությունը աստիճանաբար տեղափոխել դեպի սնահավատություն՝ կարծես որոշ բառերի կրկնությունը, «Ամեն» գրելը կամ նյութը յոթ հոգու ուղարկելը ինքնաբերաբար Աստծո օրհնություն, բժշկություն, նյութական բարօրություն կամ որևէ այլ ցանկալի արդյունք պիտի բերի։

Կա վտանգ, որ մարդը կարող է աստիճանաբար իրական եկեղեցական կյանքը փոխարինել թվային կեղծ հոգևորությամբ՝ իրական հոգևորականի, համայնքի, Սուրբ Խորհուրդների և եկեղեցական ուսուցման փոխարեն հետևելով անանուն ալգորիթմական կերպարի։

Խնդիրը ԱԲ տեխնոլոգիան ինքնին չէ, այլ դրա միջոցով հոգևորականի կեղծ հեղինակություն ստեղծելը և մարդկանց հավատքն ու կրոնական զգացմունքները շահարկելը։

Հ․Գ․ Եղե՛ք տեղեկացված, միմյանց իրազեկե՛ք։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ