Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Պակիստան կժամանեն ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր չլուծված հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10-կետանոց առաջարկները դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։               
 

Արյունախեղդ աչքեր և անտերունչ ժողովուրդ․ ո՞վ է մեր իսկական թշնամին

Արյունախեղդ աչքեր և անտերունչ ժողովուրդ․ ո՞վ է մեր իսկական թշնամին
08.04.2026 | 18:04

(կամ՝ փոքրոգության վրեժը․ իրանական կենդանի վահանից մինչև խումհարային ուղիղ եթեր)

Ամեն բարի լույսի, երբ լրահոսը մատուցում է արնախեղդ աչքերով, ճմռթված դիմագծերով ու ծռված շուրթերով արտաբերվող, իր իսկ բնորոշմամբ՝ «յաթրջի»-ախեղդ զառանցանքը, ակամա մտածում եմ՝ ի՜նչ հանճարեղ է ախտորոշել Ռեմարկը․

«Իշխանությունն ամենավտանգավորն է հենց փոքր մարդկանց ձեռքում. նրանք սկսում են վրեժ լուծել աշխարհից իրենց նախկին նվաստացումների համար»։

«Վտանգավորությունն» առավել սպառնալից է դառնում մասնավորապես տարածաշրջանին նետված մարտահրավերների ֆոնին։

Աշխարհին ընդամենը «ֆասթֆուդ» տված գերտերության հիստերիկը սպառնում է մեկ գիշերում բնաջնջել հազարամյակներ ձգվող մի քաղաքակրթություն։

Արձագանքը նախանձելի է և ուսուցանող, հատկապես, հայերիս համար։

Իրանի իշխանությունները «ցռան Վերգո» դարձած չեն վազվզում այսուայնտեղ, թե․

«Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի»։

Նաև ժանգոտ ֆալցետը քոքած ջղաձիգ չեն ճվճվում՝ շահի ժամանակների «նախկիններն» են մեղավոր։

Եվ չեն բարձրաձայնում՝ միջուկային ծրագիրը խեղդող պարան է Իրանի վզին, հանենք ու խաղաղ ապրենք։

Չեն առաջարկում՝ ընդունենք օկուպանտների պայմանները՝ փրկենք պետականությունը։

Իսկ ժողովուրդը եթերներից չի խայտառակվում, թե՝ ամենակարևորը առևտուրն է, բաց ճանապարհները, թոշակներն ու բժշկական ապահովագրությունը, իսկ մնացածը նշանակություն չունի, քանզի կարևորը լիքը սառնարանն է ու կուշտ ստամոքսը։

Եվ որպես արձագանք իշխանությունների կոչին՝ մարդիկ կենդանի վահան են դառնում ենթակառուցվածքային օբյեկտների շուրջ, խոչընդոտելու ամերիկա-իսրայելական հարվածները։

Պատրաստ են պայքարել ու զոհվել հայրենիքի համար և ոչ թե զբաղվել ինքնախաբեությամբ և հանուն ինչ-որ վիրտուալ խաղաղության տրվել մահաբեր հարմարավետությանը։

Իրանի դեպքում գործ ունենք պետության և ազգի այնպիսի բացառիկ միավորի հետ, որը պատրաստ է զոհողության հանուն արժանապատվության։ Իսկ մեր պարագայում՝ առանձնյակի ու ամբոխի, որոնք պատրաստ են ամենօրյա ուրացման հանուն «կուշտ ստամոքսի» և թվացյալ անվտանգության։

Ստացված խճանկարի համատեքստում քննարկենք ՀՀ վարչապետ կոչվածի վարքը։ Մի կողմից՝ սեփական ժողովրդին պատերազմով սպառնալու շանտաժը (իր չվերընտրվելու դեպքում), մյուս կողմից՝ ուղիղ եթերներից արտաբերվող փողոցային, խուժան բառապաշարը։

Եթե երեկ «Ա մեծատառ, ու փոքրատառ» առաջարկով նա դեռ փորձում էր «ուժեղ տղա» ձևանալ՝ ասելով․ «ՈՒժեղ տղա՞ ես, մտի ուղիղ եթեր, երկու բառ ասա ժողովրդին․․․ եթե կարողանաս կարդալ՝ կընդունեմ, որ ուժեղ տղա ես»։

Ապա այսօր տեսնում ենք թթվաջուր խմած ու մի կերպ խումհարից դուրս եկած «ալկաշի» կերպարը, որն արյունախեղդ ու չարությամբ լցված աչքերով նայում է տեսախցիկին ու զառանցում․ «Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախր ո՞նց չվախենամ՝ վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»։

Քաղաքական խումհա՞ր...

Ո՛չ, սա այլևս պետականակործան շիզոֆրենիա է։ Ամբողջ մի երկիր պատանդ է դարձել մեկի էմոցիոնալ ցնցումներին, ով առավոտյան կարող է հեծանիվ քշել, կեսօրին տեսախցիկների առաջ «պերաշկի» կամ «կուկուռուզ» խժռել, իսկ երեկոյան՝ կործանարար որոշումներ ստորագրել։

ՈՒ սա վրեժխնդրություն է։

Վրեժ՝ հայ տեսակից, վրեժ՝ հաղթանակած սերնդից, վրեժ՝ մտավորականից ու հայոց պատմությունից։

Երբ մարդու ներքին «ես»-ը փոքր է, իսկ իշխանությունը՝ մեծ, նա սկսում է փոքրացնել ու մասնատել պետությունը, որպեսզի այն համապատասխանի իր սեփական մանրությանը։

Երեկ՝ «ուժեղ տղա» խաղալով, այսօր՝ «կալուգացի Սամվելին» բոմժությամբ սպառնալով՝ սույն կերպարը ցուցադրում է իրական աղետը․ մենք ոչ թե պետական այր ունենք, այլ իշխանությամբ զինված մի «առանձնյակ», որի համար «թթվաջուրն» ու իր աթոռին հավակնող «միլիարդատերն» ավելի կարևոր կատեգորիաներ են, քան հայրենիքի անվտանգությունն ու ապագան։

Այս ամենն անարգել կերպով քաղաքական դիսկուրսն իջեցրել է այնպիսի ստորին մակարդակի, որտեղ անհնար է որևէ բովանդակային քննարկում։ Այնտեղ, որտեղ վերջանում է միտքը, մնում են միայն զզվանքն ու տագնապը՝ վաղվա օրվա հանդեպ։

Ստիպված եմ մեկ անգամ ևս կրկնել. մեր ներքին «բացիլը» շատ ավելի վտանգավոր է, քան արտաքին ցանկացած թշնամական հարված, որովհետև մեր դիմադրողականությունը քայքայվում է ներսից՝ հենց օրգանիզմի սրտում։

Կենցաղային խուժանությունն ու «բոմժի» մակարդակի սպառնալիքները պարզապես էժան ծխածածկույթ են՝ քողարկելու համար այն ահռելի դատարկությունը, որը սույն կերպարը թողել է պետականության փոխարեն։ Մինչ տարածաշրջանում աշխարհի քարտեզն է վերագծվում, և քաղաքակրթական հաշվեհարդար են տեսնում «ֆասթֆուդային» կայսրության հետ, Հայաստանի ղեկավարի աթոռը զբաղեցրած անձը շարունակում է իր խումհարային մենախոսությունը։

Նրա համար «ուժեղ տղա» լինելը սահմանափակվում է էկրանի հակառակ կողմում գտնվող անպաշտպան մարդկանց վրա գոռգոռալով, մինչդեռ իրական աշխարհաքաղաքականության մեջ նա ընդամենը մի մաշված ու օգտագործված գործիք է։ Մոսկվայում նրան ընդունում են ոչ թե որպես գործընկերոջ, այլ որպես հանձնվող տարածքի ժամանակավոր կառավարչի, ում հետ խոսում են բացառապես վերջնագրերի լեզվով։

Սա է մեր ազգային ողբերգությունը. մինչ հարևան ազգերը զոհաբերում են իրենց այսօրվա հարմարավետությունը՝ հանուն վաղվա հզորության, մեզ պարտադրվում է սնանկ մի օրակարգ, որտեղ հայրենիքի կորուստը փոխհատուցվում է լիքը սառնարանի խոստումով, իսկ ազգային արժանապատվությունը՝ փողոցային լեզվակռվով։ Իրանի օրինակը հստակ է. կա՛մ դու դառնում ես գործոն, որի հետ հաշվի են նստում գերտերությունները, կա՛մ դառնում ես մանրադրամ՝ ուրիշների մեծ խաղի սեղանին։

ՈՒ մենք, անհասկանալի հանդուրժողականությամբ, այս «ժանգոտ ֆալցետի» առաջնորդությամբ, գլորվում ենք դեպի այնպիսի հանգրվան, որտեղ Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը գծվելու է առանց մեզ, բայց մեր հաշվին ու մեր արյան գնով։ Պատմությունը չի ներում նրանց, ովքեր պետականության վեհությունը փոխում են «յաթրջիի» զառանցանքի հետ։

Պատմությունը չի ներում նաև նրանց, ովքեր այդպես էլ չհասկացան՝ սա, որ սխալմամբ լռվել է կառավարական տան միջանցքներում՝ կեղծ ժպիտով, սին խոստումներով ու «ժողովրդի սիրելի տղու» մաշված դիմակով, իրականում ո՛չ վարչապետ է, ո՛չ էլ ազգային կերպար։ Սա ընդամենը խղճուկ շոումեն է, որը պետական կառույցը շփոթել է բազարային բալագանի հետ։

Երկիր ղեկավարելու փոխարեն՝ նա երկիր է ուտում ու կործանում։ Սրա ունեցածը ոչ թե պետական ծրագիր է, այլ սոցցանցային էժանագին «լայվ», ոչ թե հեռանկար է, այլ պատասխանատվության պահին փախչող ու վախեցած հայացք։ Սա խաղում է ազգի ճակատագրի հետ այնպիսի ճարպկությամբ, ինչպես գործում են գրպանահատի մատները՝ աննկատ ու դավադիր։

Իսկ երբ ձախողվում է կրկին ու վերստին, արդարացումը միշտ պատրաստ է՝ մեղավոր են «նախկինները», մեղավոր է Պուտինը, մեղավոր է ողջ աշխարհը, բայց երբեք՝ ոչ ինքը։ Պատմությունը դաս է, բայց մենք շարունակում ենք մնալ «յոթ տարի նույն դասարանում մնացած» այն ծույլ ու տգետ աշակերտը, որը չի ուզում հասկանալ ամենապարզ ճշմարտությունը. փոքրոգի մարդու վրեժն աշխարհից միշտ ավարտվում է մեծ արյունով։

Ի վերջո, պատմությունը ոչ թե լայվերի շարք է, այլ դաժան հաշվեհարդար, որի ընթացքում յուրաքանչյուրն ստանում է իրեն արժանի տեղը։

Եվ քանի դեռ Հայաստանի անունից խոսում է սեփական փոքրոգության վրեժը լուծող, թթվաջրի ու բոմժության արանքում լռված «առանձնյակը», մենք մնալու ենք աշխարհի լուսանցքում։

Աքսիոմա է, երբ պետության ղեկին հայտնվում է մարդ, ում ներքին հորիզոնը չի հատում սեփական սառնարանի ու աթոռի սահմանը, այդ պետության սահմանները դառնում են խոցելի, իսկ ապագան՝ սակարկելի։

Իրանը ցույց տվեց, որ քաղաքակրթությունը պաշտպանում են արժանապատվությամբ ու կենդանի վահանով, այլ ոչ թե «ցռանվերգոյական» նվաստացումներով։

Չեմ կասկածում, երբ փոշին նստի, և Հարավային Կովկասում վերջնականապես հաստատվի նոր ու անողոք ճարտարապետությունը, այս «ժանգոտ ֆալցետի» տերը չի հիշվելու որպես քաղաքական գործիչ։ Նա մնալու է պատմության էջերում որպես պատահական մի «յաթրջի», ով փորձեց ազգի ճակատագիրը խաղարկել գրպանահատի ճարպկությամբ, բայց արդյունքում ընդամենը մանրեց ու մսխեց մի ողջ հայրենիք։

Փոքր մարդու մեծ իշխանությունը միշտ էլ ավարտվում է մեծ ողբերգությամբ։

Մերը սկսվել է, բայց դեռ չի ավարտվել։

Զգոն լինենք, քանզի պատմության դասը չսովորողի համար հաջորդ քննությունը վերջինն է լինելու։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ