«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Մանդատների շուրջ վեճը քաղաքական քայլ է, մինչդեռ ընտրությունների նկատմամբ լեգիտիմության հարցը քաղաքական ական է իշխանության համար

Մանդատների շուրջ վեճը քաղաքական քայլ է, մինչդեռ ընտրությունների նկատմամբ լեգիտիմության հարցը քաղաքական ական է իշխանության համար
10.06.2026 | 14:55

Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ով կդառնա պատգամավոր։ Ինձ հետաքրքրում է իշխանության լեգիտիմության վերաբերյալ հարցերին արձագանքելու իրատեսական և արդյունավետ ճանապարհը։ Ընդդիմադիր ընտրազանգվածի քվեն, իմ գնահատմամբ, հենց այդպիսի գործիքների և մեխանիզմների ճանապարհ է բացել։ Նույն ընդդիմադիր հասարակությունն ու «Հայ Մարդը» ընդդիմադիր «փոխաջակցության դաշինքի» բացակայության պայմաններում իր առաքինի քաղաքական վարքով շատ լավ դաս է տվել նաև ընդդիմությանը և իր քվեարկությամբ ինքնուրույն արդեն լուծել է մեկ կարևորագույն հարց՝ առայժմ խափանել է Երրորդ Հանրապետության լուծարման սահուն գործընթացը։

Հետընտրական Հայաստանում ընդդիմության շուրջ հիմնական քննարկումներից մեկը դարձել է՝ վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ։ Դա հասկանալի է. ընդդիմադիր հասարակությունը տալիս էր իշխանափոխության քվե և գնում էր դրան։ Հիմա այն ունի կասկածներ, որ ոչ թե դա չի ստացվել, այլ դա իրեն թույլ չեն տվել, և այդ ցասումը հասկանալի է։

Անհասկանալի է ընդդիմության շատ վատ կոմունիկացիան իր ընտրողների հետ վերջին երկու օրերին: Ընդդիմությունը առհասարակ, եթե մեկ թանկագույն կապիտալ ունի՝ դա միայն ու միայն իր ընտրողն է: Արդյունքում այդ բացը՝ արդյունքում նաև ցասումը վերածվել է մանդատ վերցնելու և չվերցնելու դիսկուրսի, իսկ, եթե ավելի քաղաքական ու սուր ասեմ՝ տրված ընդդիմադիր քվեն «հետ վերցնելու» դիսկուրսի, եթե ընդդիմությունը վերցնի մանդատը։ Դա ևս հասկանալի է։ 2021-2025 թվականների խորհրդարանը դաս է բոլորի համար։

Սակայն էմոցիաներից դուրս և չոր քաղաքական առումով այս դիսկուրսը լայն քաղաքական համայնապատկերում այլևս որոշիչ չէ։ Պետք է արձանագրել այս պարզ հանգամանքը և ընդդիմությունը պարտավոր է ազնվորեն խոսել իր ընտրողների հետ։ Ընդդիմության կողմից մանդատները վերցնելը կամ չվերցնելն այս պահի դրությամբ չի ազդում իշխանության ձևավորման վրա և չի խափանում այն։

Եթե առանց ընդդիմության մանդատի հնարավոր չլիներ ձևավորել Ազգային ժողով կամ ընտրել վարչապետ, ապա վերցնել-չվերցնելը կլիներ առանցքային քաղաքական որոշիչ հարց։ Բայց ներկայիս պայմաններում կառավարությունը ձևավորվում է և շարունակում իր գործունեությունը՝ անկախ այդ որոշումից: Սա չոր արձանագրում է ոչ, թե պայքարի մեթոդաբանության այս կամ այն մոդելի էֆեկտիվության ընտրության հարց: Հետևաբար քննարկման առանցքը պետք է լինի ոչ թե խորհրդարան մտնելը կամ չմտնելը, այլ ընտրական գործընթացի նկատմամբ վստահության/լեգիտիմության հարցը, ինչը չի բացառում պայքարի որևէ ուղին և ավելին ավելի լայնացնում և սնում է այն:

Եթե վերահաշվարկներն ու հրապարակվող տվյալները շարունակեն առաջացնել հարցեր, ապա ընդդիմության հիմնական քաղաքական խնդիրը պետք է լինի ոչ թե մանդատների, այլ ընտրությունների գնահատականի շուրջ քննարկումը և լեգիտիմությունը։ Դա բացարձակ չի վնասում ընդդիմադիր մանդատի լեգիտիմությանը: Դա բացառապես իշխանական մանդատի լեգիտիմության հարց է:

Այս համատեքստում ավելի նպատակահարմար է կենտրոնանալ ընտրական գործընթացի ստուգման և գնահատման օրակարգի վրա։

Մանդատների շուրջ վեճը քաղաքական քայլ է, մինչդեռ ընտրությունների նկատմամբ լեգիտիմության հարցը՝ քաղաքական ական է իշխանության համար։

Եթե ընդդիմությունը համոզված է, որ առկա են լուրջ խնդիրներ, իսկ դրանք ոչ թե առկա են հիմա, այլ առկա էին ողջ ընտրական գործընթացում՝ սկսած գլխավոր քաղաքական մրցակցին ընտրապայքարում մեկուսացնելուց և հանելուց, մինչև ձայների սխալ / խոտանված հաշվարկ, ապա նրա հիմնական պահանջը կարող է լինել անկախ, հրապարակային և համապարփակ հետընտրական ստուգում/ աուդիտը և դրա անխնա հրապարակայինացումը:

Սա կարող է դառնալ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի ընդհանուր օրակարգը։

Քննարկման առանցքային հարցը ոչ թե այն է, թե ընդդիմադիր պատգամավորը կմասնակցի՞ խորհրդարանի աշխատանքներին, այլ այն, թե ընտրական/իշխանական համակարգը որքանո՞վ է պատրաստ պատասխանել առաջացած հարցերին։

Ուստի ընդդիմության ռազմավարական ընտրությունը կարող է լինել ոչ թե մանդատների շուրջ դիրքորոշումը, այլ քաղաքական քննարկումը մեկ հստակ պահանջի շուրջ կենտրոնացնելը՝ անկախ և մասնագիտական ընտրական աուդիտի անցկացումը։

Անկախ ընտրական աուդիտը հնարավորություն է տալիս փաստերի հիման վրա գնահատել ընտրական գործընթացի տարբեր փուլերը՝ նախընտրական, ընտրական, հետընտրական և ընտրացուցակներից մինչև արդյունքների ամփոփում։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման ստուգումները կարող են նպաստել հանրային վստահության ամրապնդմանը՝ անկախ դրանց եզրակացություններից։

Եթե ընդդիմությունը ցանկանում է ձևակերպել կենտրոնական օրակարգ, ապա այդ օրակարգը կարող է դառնալ նրա գործունեության հիմնական ուղղություններից մեկը՝ անկախ մանդատների հարցում ընդունված որոշումից։ Հետընտրական շրջանում անհրաժեշտ է առանձնացնել մեկ առաջնահերթ առաջարկ, այն է՝ իրականացնել անկախ ընտրական աուդիտ և հրապարակել դրա արդյունքները հանրության համար։

P.S. Այս պահին հիմնական հարցը ոչ թե այն է, թե ով է դառնալու պատգամավոր, չնայած ովը ևս կարևոր է, բայց հիմնական հարցն այն է, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը և ոչ միայն իշխանությունը պատրաստ է մինչև վերջ ստուգել սեփական ընտրությունները՝ սեփական ժողովրդին վստահություն վերադարձնելու համար։ Այս ամենից հետո ընդդիմությունը պետք է պատասխանի գլխավոր հարցին՝ ««Ճանաչո՞ւմ է արդյոք այս ընտրությունների արդյունքների օրինականությունն ու լեգիտիմությունը»։

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 171

Մեկնաբանություններ