Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Իսկ ու՞ր է հայկական դիվանագիտությունը

Իսկ ու՞ր է հայկական դիվանագիտությունը
30.12.2025 | 11:16

Առաջին միջազգային կազմակերպությունը, որի նպատակը խաղաղության հաստատումն ու պահպանումն էր միջազգային համագործակցության զարգացմամբ, դա Ազգերի լիգան էր, որը ստեղծվեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի նախաձեռնությամբ առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Ազգերի լիգայի կյանքը կարճ էր, այն չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները։

Աշխարհի նոր վերաբաժանումը փաստացի լուծարեց Ազգերի լիգայի գործունեությունը։

Մեզ համար այն հիշվեց Հայաստանի մանդատով, որը հանձնվեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, սակայն որևէ գործնական, քաղաքական և անվտանգային հարց չլուծեց հայերիս համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հիմնականում Ստալին-Ռուզվելտ-Չերչիլ եռյակի ջանքերով ստեղծվեց երկրորդ միջազգային կառույցը՝ ՄԱԿ-ը։

Այս դեպքում մենք հաղթող ճամբարում էինք։

Աշխարհի նոր վերաբաժանումը նոր չէ, որ սկսվել է, բայց չի ավարտվել։

Աշխարհաքաղաքական և հատկապես աշխարհատնտեսական նոր կապերի ձևավորման բուռն գործընթաց է սկսված, որտեղ ՄԱԿ-ը որպես միջազգային կառույց որևէ դերակատարում չունի, նրա հեղինակությունը խարխլված է, իսկ ապագան մշուշոտ։

ՄԱԿ-ի անգործությունը մենք մեր մաշկի վրա զգացինք 44-օրյա պատերազմում ու դրանից հետո և հատկապես Արցախի էթնիկ զտմամբ։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հիմնական անդամ ՌԴ-ն հատուկ ռազմական գործողություն է վարում ՈՒկրաինայում և այս գործողությամբ ՌԴ-ն նաև համաշխարհային հիմնական խաղացողի իր տեղն է ընդգծում ու կարծես Եվրամիությունը լուսանցքում է հայտնվում։

Գերտերություն ԱՄՆ-ին որպես հակակշիռ կարող էր հանդես գալ Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի հետ միասին, սակայն Brexit-ն այդ գործընթացը խաթարեց, իսկ այժմյան ճաքճքված Եվրամիությունը տապալեց հակակշիռ լինելու հանգամանքը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարքների մեծ վարպետ է, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պրագմատիկ քաղաքական գործիչ և կարծում եմ, որ նրանք անդրկուլիսային համաձայնության արդեն եկել են, համաձայնություն, ուր տեղ չունի Եվրամիությունը։

Կարծում եմ՝ հունվար-փետրվար ամիսներին ուկրաինական ճակատում հրադադար կլինի և կսկսվեն բուն դիվանագիտական ակտիվ աշխատանքներ։

Իսկ ու՞ր է հայկական դիվանագիտությունը․․․

Աշխարհի միակ կղզային քաղաք-պետություն Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն նշել է․

«Սինգապուրը պիտի ընդունի աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա, մենք շատ փոքր ենք, որ այն փոխենք։Բայց մենք կարող ենք փորձել առավելագույնի հասցնել տարածաշրջանի մեծ «ծառերի» շուրջ մանևրելու մեր տարածությունը»։

Բայց չէ՞ որ մենք շատ հաջող նման դիվանագիտական փորձ էլ ենք ունեցել:

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 430

Մեկնաբանություններ